Արահետի վրա մի տղա ու երեք աղջիկ էին նստել, անտարբեր նայեցին դեպի գոմեշը, հետո, նախրով հովտի փոխարեն, կայծկլտաց լույսի մեջ թե՜թև թեթև լիճը։ Ավազին պառկած տղաներն ու աղջիկները երկշաբաթյա իրենց զրույցներում բանաձևել էին.– եթե ես գրում եմ, նկարում եմ, վազում եմ, սիրում եմ, ցատկում եմ, հագնվում եմ՝ ուրեմն ձգտում եմ ինքնահաստատման՝ ուրեմն կարծում եմ թերի եմ. եթե ես չեմ գրում, չեմ նկարում, չեմ վազում, չեմ սիրում, չեմ ցատկում, չեմ հագնվում, այլ ինձ համար այսպես մերկ պառկած եմ այս լճափին՝ ուրեմն չունեմ ինքնահաստատման կարիք՝ ուրեմն չեմ ուզում բազմացնել կամ կոփել իմ տեսակը՝ ուրեմն ինքնասիրահարված չեմ՝ ուրեմն թող կորչի իմ տեսակը, որը ես չեմ համարում եղածների մեջ լավագույնը և ապրելու արժանին… բանաձևել էին նրանք ու պառկել ավազին։ Մերկ, թուխ, գոհ ու հանգած՝ ավազի ու իրենց ձեռքերի վրայից նրանք բարձրացրին գլուխներն ու տեսան գոմեշին գեղարվեստի փիլիսոփայության ու Վագների երաժշտության մեջ։ Հետո, երբ ուզեցին հիշել որ տեսել են արևի տակ ինքնաթիռի ստվեր թե սատանա՝ գոմեշն այնտեղ չէր, իսկ բարձրախոսը միայն պսպղում էր սպիտակ սրահի քիվին և դեռ չէր կանչում ճաշելու։ Հայտնի չէր, թե ովքեր են նրանք, որտեղից էին գալիս այդ լճի ջրերը, որտեղից էր բերված ավազը, ինչից էր հյուսվում ու գալիս-մտնում խոհանոցի վառարան էլեկտրահոսքը և որտեղից էին սնվում նրանց ուղեղները՝ որ կարողանում էին գնդել փափուկ ենթագիտակցություններ։ Ներողամիտ սիրով նրանք Էսքիլեսի հետ համաձայնել էին՝ որ նա գիտե թե ինչ է ողբերգությունը, միմյանց աչքով էին արել և շուռ էին եկել ու իրենք իրենց մեջ վճռել, թե ամենաողբերգականը քսաներորդ դարն է, քսաներորդ դարում՝ իրենք, քանի որ ողբերգությունը գիտակցելն է, այլ ոչ թե նրա մեջ ապրելը։ Նրանց զգայարաններում՝ այդ լիճը ճիշտ տեղին էր բացված, ավազը հարմար էր փռված, հեռու դաշտերում մեքենաները հաց ու ձկնկիթ էին անում, բժշկուհիների սպիտակ գումարտակները խածում էին երեխաների թմբլիկ թևերը« դեսպանները թարմ թաշկինակներ էին խոթում բաճկոնների գրպանները, գազամուղները գազ էին քշում տափաստաններով ու կիրճերով, և այդ ամբողջը նրա համար էր, որ նախաստեղծ իրողությունների բազմության խառնուրդից իրենք համբարձեն ժամանակի ու հողագնդի իմաստը արևային համակարգության մեջ։ Իսկ նրանց արգանդներն ու ողնաշարները այդպես սմքում էին ժամանակի տարտամ գոլությունից։
Մեկ էլ՝ օդը գոմեշի քթերի տակից սարալանջով մեկ սահեց ու չքացավ։ Գոմեշը կանգ առավ. ծաղիկները, մեղուները, տերևները, ցողունները հյուսում էին նոր օդ, մթնոլորտում դարձյալ իրար էին գալիս ուրցի ու դաղձի բուրումները։ Գոմեշը քայլեց։
Միալար խաղաղ աղմուկով, ապա թխկոցով, թխկոցով, թխկոցով, տոթով, գոլորշիով, շչոցով, կարբիդի խեղդուկով, շարժմամբ, զնգոցով, բոցերով ու անկենդան ուժգնությամբ գոմեշի ճանապարհը փակեց անըմբռնելի մի բան, որ երեկ չկար։ Անտառուտ կապույտ լեռներից մինչև ժայռուտ լեռներ նա բոլոր տերևների արանքներից, ծառերի փչակներից ու ծաղիկների բաժակներից սրբելով ներքաշեց բոլոր բույրերն ու հովերը, տաքացրեց, շիկացրեց ու կարբիդի կծու բոց փչեց գոմեշի վրա։ Երկաթին երկաթ զոդեց, ասֆալտին տաք ասֆալտ փռեց, հալեց կավը, դարձրեց թուջ և սրբելով նորեն ներքաշեց բոլոր բույրերն ու հովերը մի օրվա ճանապարհի շրջագծով, մի արծվի թռիչքի բարձրությամբ անտառուտ լեռներից մինչև ժայռուտ լեռներ։ Բոլորը մնացել էին նրա բետոնների տակ՝ հին կանաչ հովիտը, կաղնի միակ ծառը, փոքրիկ եղեգնուտը, չորս հատ կակաչը, մասրենու թուփը, վայրի մեղուների բրդոտ ընտանիքը, գարու սպիտակ արտը, գոմշացուլը, նախրապահ կարմիր գամփռը, հորթը, գոմեշների ոտնահետքերը՝ բոլորը մնացել էին գետնի տակ։ Բայց չէ՞ որ կարող էր վատ բան լինել, քանի որ գոմշացուլը մնացել էր գետնի տակ, իսկ հին հավատն ասում է, թե կարմիր կովը գետնի տակ բառաչում է և երկրաշարժ է լինում։
Գոմեշը կանգնել էր քարի գլխին կածանի բերանին և կասկածների մեջ վախվխում էր։
Հարբած վիճակում հասարակության լուսամուտների տակ երգելու համար նկարիչ Ռուբեն Կոստանյանի գանգուրները միլիցիան խուզել էր և նրան չորս օրով տվել ասֆալտ եփող-մամլող հիմնարկին։ Նրանք նրա ձեռքը լողտորք էին տվել, նա ասֆալտը բահով փռում էր ու լողով լողում տաք ձյութավազը հին ասֆալտին։ Նա կպչուն ծխի միջից տեսավ քարի գլխի գոմեշը, ցատկեց-ջարդեց լողի տորքն ու բերանքսիվայր խփվեց սև ասֆալտին։– Սրիկանե՜ր,– ասֆալտը ճանկռտելով աղաղակեց նա,– ստորնե՜ր… բռնադատիչնե՜ր… Ինչո՞ւ ազատ են լեռան գոմեշը, թռչունը, քամին, թուփը, իսկ ես ազատ չեմ։ Մամլակնե՜ր, խորանարդնե՜ր, քառակուսինե՜ր, ջարդող-կտրող-խուզող-ռոբոտնե՜ր, ձևողներ…– Եվ երբ գլուխը բարձրացնելով նա դերասանության, ձյութի, անկեղծության ու գոլորշու միջից կրկին նայեց դեպի քարի գլուխը, նրան թվաց թե գոմեշը սավառնում է քաղաքի վրայով ուղիղ դեպի կապույտ հորիզոններ։
Հին գոմշարած Տիգրան պապը գլուխը կրծքին նստել էր վեցերորդ հարկի պատշգամբում, քաշում ու մոռանում էր տերողորմյայի հատիկները և ասում էր մահվան քաղցր կանչի, աստծու հիշողության ու քաղաքային տոթի միջով.– Էն գոմե՞շ է, թե սուտ է… Էն գոմե՞շ է… Ամեն ինչ էլ վերջ ունի… Հետո Լևոնը ձին քշած եկավ թե… Էն գոմե՞շ է, թե սուտ է… Բարի-չար-աստված, բարի-չար-աստված…
Գոմեշը թողեց կածանը, գնաց քաղաքը շրջանցելու։ Արևը հատավ հանգավ, իսկ քաղաքը քարի տակով գնում էր ու վերջ չուներ։ Գոմեշը թախիծով մռլնգաց դեպի ծիրանի արևը՝ թե նա ինչու է լքում իր զավակին այդ թշնամի աշխարհում, ապա քարի գլխին մնաց մենակ։ Ձորը լցվում էր գիշերով, խառը խիտ աղմուկը պատռվեց ու ցանցառացավ և ապա մաշվում էր թել առ թել, հետո ձորում վառվեց միանգամից միլիարդ ճրագ ու լուսե տանիք կապեց քաղաքի գլխին. կարծես թե կարելի էր քայլել քաղաքի գլխով դեպի հեռու լեռներ։ Ձո−րը խաբում էր։ Գոմեշը մոտենում էր անդնդի եզրին ու ետ էր քաշվում։ Գնում էր քարի գլխով՝ որ գտնի քաղաքի վերջը, մոտենում էր անդնդի եզրին ու ետ քաշվում։ Մեկ էլ հարազատ մի բան քսվեց նրան, փաղաքշեց ու պարուրեց ամբողջությամբ. դա կթվելու կարո՞տ էր թե Բասար շունն ընդառաջ ելավ արևի մեջ փռված հատիկի մոտից կամ հեռավոր մշուշների մեջ տաք ու խուլ մռլնգում էր գոմշացուլը։ Տան ճանապարհները խճճվում էին հիշողության մեջ, նանի գլխաշորի հոտը կորել էր քթերից, գոմշացուլը կանչում էր ու չկար, սուտ էր,– գոմեշը մի քիչ լաց եղավ։
Քաղաքը հանգիստ մրափ էր մտել։ Լուսանալու դեմ ցրտեց։ Գոմեշն արդեն քաղաքի ծայրին էր։ Մի շուն էր հաչում, բայց իրեն երևալ չէր տալիս, հետո ծուղրուղու կանչեց աքաղաղը։ Գոմեշի քունը տանում էր, իր ոտքերի ձայնը լսում էր խուլ հեռուներից։ Ոչխարի խոնավ բրդի հոտ եկավ, բայց դա խաբկանք էր, քանի որ սարերը մնացել էին հեռվում։ Ոչխարի մայուն եկավ, հետո նանն ասաց. էսօր շատ կաթ ես բերել, ապրես։ Գոմեշը գայթեց, մի քիչ արթնացավ ու կանգ առավ, երկիրը դողում էր ոչխարի մանրիկ քելքից։ Գոմեշը հովվի սուլոց լսեց, և դա խաբկանք չէր։ Մի ոչխար, նույն ոչխարը, երեք անգամ մայեց։ Հետո զառիվերի գլխին կանգնեց, փռշտաց ու զառիվարեց ների այծը դեպի գոմեշն ու քաղաք։ Զառիվերի գլխին ապա կանգնեց ու մի պահ տատանվեց ոչխարի հոտը և թափով հոսեց դեպի քաղաք։
– Պահ, պահ, պահ,– ծաղրեցին ուղեկցող հովիվները,– քաղաքը զարգացել է, գոմեշ է պահում։
Նրանք հարազատ էին, հոտն էլ, միակ գամփռն էլ, և նրանց հետ՝ գոմեշը քաղաքից չէր վախենում,– բայց նա այդ հովիվներին մեծ հոգսի տակ դրեց. մեկնումեկը նրանց ականջին հանկարծ փսփսաց, թե այդ գոմեշն անտեր է, կիլոն երեք ռուբլի բազմապատկած երեք հարյուր կիլո՝ ինը հարյուր ռուբլի. հարյուրը հարցնողաց՝ թե էդ ինչ միս եք ծախում, ուրեմն ութ հարյուր ռուբլի բաժանած երկուսի։ Այս լի աշխարհում հասարակ գողությունն ամոթ է, Սիբիրն առավել ևս, իսկ չգողանալը նույնպես դժվար է, որովհետև հետո անընդհատ պիտի հիշվի, որ չես գողացել ու պիտի զղջացվի։ Ո՛չ, լինում է հիմարների մի տեսակ, ասում է «էդ ի՞նչ միս է», ասում ես «գոմեշի միս է», դարձյալ ասում է «էդ ի՞նչ միս է» և ձեռքիդ չի նայում, այլ աչքերիդ է նայում։ Լուսամուտները սև՝ քաղաքը թաքուն ունկնդրում էր նրանց տագնապներին ու հոտի քելքը։ Ո՛չ, ավելի լավ է դու քեզնից ամաչես, քան ուրիշից չամաչես և պատասխանատվության բերումով ցույց տաս թե ամաչում ես։ Երկրորդ հարկի լուսամուտից ծխախոտի կրճոնը գցեցին ու հարցրին.
– Էդ ոչխա՞ր է։
– Ոչխար է։ Բարի լույս։
– Էդ էլ գոմեշ է,– ասացին երկրորդ հարկի լուսամուտից։
Փողոցի լապտերներն արդեն-արդեն դեղնում էին։ Հոտի հոգնած քելքը լցրել էր շենքերի արանքում փողոցը։ Ինչպես քարայրի մեջ՝ արձագանքով մայեց նույն մրսած ոչխարը։ Եվ տարօրինակ էր, որ այս անկենդան աշխարհում լինեին փարախ, կրակատեղ, հսկումի մրափ մտած շներ։ Եվ դժվար թե այս ճանապարհը վերջանար արոտներով։ Գոմեշն աղի արյան համ առավ և տեսավ պաղած աչքեր պաղած գլուխների։ Գոմեշի ջղերը համակարգ առ համակարգ կաթվածահար էին լինում առանց ցավի, գոմեշը մի տեսակ ընկղմվում էր գոլ ջրի մեջ, և կարող է խեղդվեր ու ենթարկվում էր խեղդվելուն։ Եվ իրականում, երազում թե նրա ահերի մեջ՝ թռչունի թե մահի մի թև թրթփաց հոտի վրա, և գոմեշը խլացավ։