fbpx

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Գոմեշը սխալվել էր. վարելահողերը վերջացան, սկսվեց քարքարուտների աշխարհը, որ առանց սարսուռի էր վերցնում նրա ընթացքն իր վրայով։ Գոմեշը կանգ առավ՝ քարքարուտը մնաց նրա ծանրությանն անհաղորդ։ Գոմեշը ետ դարձավ. քարքարուտը նրա հետ մի քիչ ետ եկավ, ապա թեք գահավիժեց ու գնաց հողի տակերով։ Այս դաշտերի մեջ մի տեղ դանդաղ ծրում էր հերկման դողը, այս դաշտերի եզրերում մի տեղ կանգնել էր մի գոմեշ, իր ծանր հայացքը դրել սրա կռնակին։ Գոմեշը ձայն լսեց։ Գոմեշն սպասեց՝ լռություն էր։ Գոմեշը քայլեց։ Հողը սրսփում էր ու մանրիկ ալիքներով տանում սաթե կճղակների հոսանքները մինչև մի ուրիշ գոմեշ, մարում նրա ծանրության տակ և բերում էր նրա առնական գոյության լուրը։

Գոմեշը դարձյալ սխալվել էր. վարելահողը վերջացավ զառիվերի տակ, վերելքը ծանրացավ, հողը բարակեց ու պոկվեց որձաքարե սալից, ապա դեմը կանգնեց ժայռը։ Նրա մութ խորշից անթարթ նայում էր կույր ամայությունը։ Գոմեշը մռլնգաց՝ ամայի լռությունն սպասեց մի պահ, օրորվեց ու դարձավ արձագանք. այրից դուրս ցատկեց աղվեսի ու թռչունի խիտ գարշահոտը։ Գոմեշը փնչոցով ետ վանեց աղվեսահոտը, շուռ եկավ ու նայեց մշուշոտ հեռուներին, ուր ով գիտե, աստված դրե՞լ էր մի գոմշացուլ, թե չէր դրել։ Բարակ հողաշերտը պոկվեց ոտքի տակ, գոմեշը սայթաքեց ու խելագարվեց. գոմեշը գնաց հարվելով, քանդելով, ցատկելով. ամբողջ արյունը խցվեց իր գլխում, իր աղմուկը լցվեց ականջները. վարելահողերը վերջացան, ձորում շունչը պահած դարանեց անդունդը։ Գոմեշը դարձյալ սխալվել էր։ Աչքը կապույտ աստծուն՝ այդ ժամանակ գոմեշը մռլնգաց թոքերի ամբողջ ուժով և դարձյալ մռլնգաց։ Նրա խոնավ կանչը գլորվեց դաշտերի վրայով, ցամաքեց արևի տակ, խառնվեց հին շշուկների ու կարոտների, դարձավ լռություն։ Մանուշակները դեռ գարնանն էին բեղմնավորվել մի պուտ տամկությամբ ու բզեզի թևով, հիրիկները վաղուց էին պահ տվել իրենց կարծր սերը հողին, նեկտարածաղիկը հասցրեց ըմպել իր բաժին ցողն ու ջերմության իր մասը և փակել պինդ բոժոժի մեջ իր սերունդն ու հանգիստ մեռնել, ծղրիդներն իրենց տներում ծղրիդիկներ էին ծնել ու չոր ցողունների մեջ սպասում էին երեկոյին՝ որ երգեն,– արևի տակ լուռ քշվում էր մի խատուտիկ ու մի գոմեշ էր կանգնած վարելահողերի եզրին։

Ալիքավոր երկրի հետ գոմեշը գնաց դանդաղ, ձորակների հետ իջնելով, բլուրների հետ բարձրանալով։
Տանձենու տակ գլխարկն աչքերին ննջող մաճկալն ականջի ծայրով լսում էր, որ հիմա լծկանը տանում են ջրելու, որ լծկանը հիմա գլուխը կտրեց առվից, որ հիմա լծկանը շորորալով գալիս է լծվելու. մաճկալը տեսնում էր էսպես պինդ կրծերով ու հուժկու պորտով մերկ մի կին, լսում էր նրա տաք քռքռոցը և ժպտալով ասում էր իրեն. «Չէ-չէ՜ մի»։ Հիմա հոտաղը կռացավ հողակոշտ առնելու, և տաք ցեխաջրում գլուխը թափահարեց մի աչքը փչացած գոմեշը։ Մաճկալն զգում էր արևի զովանալը, և օդում թևերը շտկում էր մի բան՝ որ դառնա հով։ Մոտիկ մի տեղ մեկը դարանեց։ Մաճկալն զգում էր հայացքի հպումն ականջատակին և՝ որ ուսը ընդարմանում էր։ Չէ-չէ՜ մի, ասում էր մաճկալը, ապա վրա նստեց ու նայեց պղտոր աչքերով. հին հերկն էր, արևը, եզների մոտեցող ոտնափոխը։ Մաճկալը հագավ սապոգները, ծալմլվելով վեր կացավ, մեջքը ջարդեց և, հորանջից հետո, բացեց բերանը, որ մերկ կնոջ չգոյության համար հայհոյի եզնարածին թե նա ինչու է դանդաղում՝ գոմեշը կանգնել էր ցելերի մեջ ու հանգիստ շնչում էր։
– Քեզ մսամթերման էինք տվել, դու էդ որտեղի՞ց եկար։
Գոմեշը մռլնգաց, պոկվեց ու գնաց ցելերով։
– Չէ՜,– ասաց մաճկալը,– Մանիշակ նանի գոմեշն ես, եկել ես ցուլի։
– Խե՜ղճ գոմեշ,– ժպտալով ասաց մաճկալը,– գոմշացուլդ քշել ենք մսամթերման։
Երբ կռտածը ելել էր ցեխաջրից՝ առավ իր ցեղի հոտը և նույն պահին էլ լսեց իր ցեղի տխուր կանչը։ Նրա ընկերոջը քշել էին սպանդանոց, նրան լծում էին եզներից ամենախելագարի հետ, շղթան հագցնում էին լծի կենտրոնից երկու քիլ դեպի գոմեշը՝ որպեսզի նա ջարդուխուրդ չաներ այդ անտանելի եզանը, այլ եզը նեղեր այդ ալարկոտ, ուժեղ ու խնամասեր արարածին։ Պարանոցը շատ ծռելով՝ փչացած աչքի կողմը նա հիմա տեսավ իր ցեղը և նրա մեջ խաղաց իր ցեղի կարոտը. նա մռլնգաց և ընդառաջ գնաց նրան։ Նրանք մոտեցան, հպվեցին միմյանց« և նա հասկացավ, որ դա լուծընկեր չէ։ Գլուխը նրա մեջքին՝ նա ուզեց աստծուց աղերսել իր լուծընկերոջը, բայց կանչը կիսատ մնաց, որովհետև նրա մեջ այդ պահին վառվեց ու մոխրացավ իր արվության կարծես ծանոթ« կարծես անծանոթ թրթիռը։ Բայց դա արվություն չէր, դա մի պուտ ջղայնություն էր լծկանի, նրա զանգվածի մեջ։ Գլուխը նրա մեջքին, նա մռլնգաց դեպի հեռաստաններն ու աստվածը՝ կույր աչքի կողմը մութ էր, մյուս աչքի կողմը եզները գնում էին լծվելու։

Նրա գլուխն իր մեջքին՝ գոմեշն սպասեց։ Բայց նա միայն մռլնգում էր։ Գոմեշն իր տաք կողերով նրան շոյեց, իր վիզը, իր կողերը, իր ջերմությունը հպեց նրան, պտտվեց նրա շուրջը, նրա հուժկու մարմինը, նրա ռունգները, նրա պորտը, նրա գլուխը, ամբողջ նրան պարուրեց իր իգությամբ ու կանչեց դեպի թաքստոցներ, բայց նա ցելերի մեջ կեցած էր լծկան ու հանդարտ։
Գոմեշն այդ հերկվորներից մի գիշերով ու մի ցերեկով խնդրեց նրանց արվին՝ որ հետո նրանց մի մեծագլուխ գոմշուկ տա, բայց նրանք բռնել էին նրա ականջից և քաշում էին լծի տակ, և նա իր անարու վիզը հանգիստ դնում էր լծի տակ։
Գոմեշը գութանի հետ գնաց մինչև ցելերի ծայրը, պտույտ տվեց ու օրորվելով գնաց դարձյալ մինչև ցելերի վերջը, մոտեցավ, հպվեց ու լծի տակից դուրս կանչեց նրան, բայց շողիքն օրորելով նա հանգիստ տանում էր գութանը։ Այդ ժամանակ գոմեշը նրան մի թեթև պոզահարեց, և նա լծի տակից նայեց խեղճ-խեղճ, մի աչքը կույր, վիզը կոշտ։ Գոմեշը մի պտույտ էլ գնաց գութանի հետ՝ նա եզ էր, եզների հետ հանգիստ հերկում էր իր հերկը։ Գոմեշը կանգ առավ, սպասեց՝ գութանը հեռանում էր։

Գոմեշն արահետով գնաց, հասավ թփուտներին, կանգ առավ ու ետ նայեց. հանդարտ եզները խաղաղ ուժով շուռ էին տալիս փուխր ակոսը փուխր ակոսին, շողիքները ճոճելով ակոսներ էին անում, և այդ ամբողջը մի տեսակ մեռած ու թաղած չէր։ Թփուտները ջարդելով գոմեշը գնաց, մտավ քարքարուտ։ Մի րոպե կորցրեց աղբյուրի արահետը քարքարուտի մեջ, դարձյալ գտավ, բայց արահետը հին էր, արդենարդեն կորչում էր։ Քարքարուտը դարձավ ժայռ, արահետն անցավ ժայռի ճեղքով, սահեց ձորը, դեպի ակունք։ Միանգամից մի գետակ է սկսվում։ Գետակում լռիկ ապրում է կարմրախայտների քրիստոնյա համայնքը։ Մեկ հատիկ բեկված եղեգ է, երկու թուփ դաղձ, զմրուխտե ավազ ջրի տակ, երկու ճառագայթ արև, չորս հատ մժղուկ ջրի վրա և մայր-ձուկը, հայր-ձուկը, աղջնակ-տղեկ տասը զավակները։ Բայց… բայց…

Գոմեշն աղբյուրը չգտավ։ Աղբյուրը չկար։ Թաքուն մի տեղ հյուսվում էին նրա բույրերն ու քչփչոցը, բայց ինքը չկար։ Գոմեշը ետուառաջ պտտվեց աղբյուրի բույրերի մեջ, կարծես թե գտավ, նորեն կորցրեց, ոչ, աղբյուրը չքվում էր նրա ռունգների տակից։ Գետինը փուչ էր, հետո կարծրացավ, ապա նրա ոտքի տակ չխկաց թուջը։ Աղբյուրը շրշում էր թուջի տակ։ Գոմեշը ծնկեց ջուր խմելու՝ թուջը ետ հրեց նրա մռութը։ Գոմեշը ելավ, պտտվեց, նորեն ծնկեց՝ թուջը ետ տվեց նրա մռութը։ Գոմեշը ծնկասող պտտվեց բույրերի մեջ՝ թուջը նստել էր ծանր ու անկենդան։ Գոմեշը ճակատը դեմ տվեց թուջին՝ եղջյուրները խուլ թխկացին ու լռվեցին։ Գոմեշն այդպես սպասեց՝ թուջը ոչ ընկրկում էր, ոչ էլ ետ հրում։ Թուջն այդպես կարող էր մնալ հազար տարի, իսկ գոմեշը թուջի եզրերից լիզեց ջրի բույրերը։ Գոմեշը խելագարվեց, իսկ բույրը միայն բույր էր« և թուջը խանգարում էր, որ բույրը դառնա ջուր։ Գոմեշը ճակատ տվեց նրան ու պտտեց գլուխը՝ որ եղջյուրները հագցնի նրան ու ոլորի, սակայն նա հարթ էր, պինդ էր, բռնելու տեղ չուներ։ Գոմեշը եղջյուրները խփեց նրան, ծնկեց ու պտտվել սկսեց ինքն իր գլխի շուրջը. ջուրը փախչում էր նրա դնչի տակից, ջուրը կար ու չկար։ Գոմեշը պտտվեց, պտտվեց, պտտվեց այդ ցեմենտի ու թուջի վրա, մեկ էլ եղջյուրները դուրս պրծան նրա տակից և նա չռվեց ու ճապաղվեց ցեմենտին։

Հետո, արևի տակ մի հոգնած գոմեշ էր գնում, կտրեց խճուղին, կորավ ձորում ու մայրամուտի մեջ կապտեց բլրաշարի ուսագծին։ Հետո բոլոր թփուտներից դուրս թռան հովերը, միացան, խառնեցին ցերեկվա բոլոր բուրմունքները, բայց ոչ մի հով չէր բերում գոմշացուլի կանչը։ Հովտում շաղախվում էր տխուր աղջամուղջը, սարերի կատարներին մոմերի պես հանգան սառն արևները, գոմեշը բլուրների գլխից մռլնգաց դեպի անհայտություն և իջավ, մտավ հովտի մթան տակ։


🎥 Նոր տեսանյութ.

Շարունակությունը կարդա հաջորդ էջում

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag