fbpx

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Հոտը դարպասների դեմ կանգ էր առել ու փշաքաղվում էր։ Հոտապահ գամփռը ծմրում ու ետ-ետ էր անում, հետո հպվեց գոմեշի ոտքերին, ուզում էր իր ձայները կուլ տալ, ու հանգավ։ Մեկը ջերմ թմբիրի մեջ հալում էր հոտի ջղերը, վախերը, դիմադրությունը, և հոտի վրա փափուկ նիրհ էր մաղվում։ Ապա դարպասները ճեղք տվին, ետ գնացին, մտան պատերի մեջ, և գոմեշը տեսավ մի զույգ անթարթ աչք, որ խավարի մեջ, հոտի դեմից, ետ էին լողում, մարում էին ու դարձյալ սևեռվում կանաչ ու անքթիթ։ Հոտը, ասես գետնից կտրված, խաղաղ ու փափուկ մղվեց դարպասներից ներս, մեկը շոյում էր գոմեշի ջղերն ու դուրեկան ուժով հրում դեպի դարպասները։ Հետո մեկը գոռաց գոմեշի վրա, և դա հովիվն էր։ Հովիվը մահակի ծայրը դրեց նրա ականջի տակ, սեղմեց, ծռեց նրա պարանոցը, թեքեց նրա գլուխը դեպի ետ, գոռաց ու խփեց՝ արթնացրեց նրա ջղերը։
– Գնա, քո ժամանակն էլ կգա, հիմա գնա տիրոջդ գտիր։
– Գնա,– ու խփեց մահակով։

Ինչ-որ մեկը նրան դեռ ետ էր քաշում, ոտքերը թաղվում էին կարծես թե կավացեխի մեջ, ամեն քայլի նա համարյա թե գայթում էր, բայց հովիվը կոշտուկոպիտ էր խփել, ցավը կրծում էր նրա ողերը, նա շողիքով ուզում էր վար բերել ցավը կռնակից, սակայն ցավը կզաքիսի պես կպել էր ու պոկ չէր գալիս և նրան հալածում էր այդտեղից հեռու։

Քաղաքային բզկտված մի շուն մի քիչ ուղեկցեց նրան, նրա հետ հարազատություն թե ծանոթություն փնտրեց ինքն իր մեջ, կանգ առավ, մի քիչ մտածեց, բայց հիշողության կապերն իրար չէին գալիս նրա շփոթված գլխում, և նա ձեռ քաշեց այդ դժվար բաներից, գնաց դեպի սպանդանոց։

Այդ պահին զբոսաշրջիկների երիտասարդական ճամբարում Երվանդ Խաչատրյանը սառը ջրով լվացվում էր ու իրեն ասում, թե ինքը պինդ տղամարդ է, հայի նման կրքոտ է ու եվրոպացու չափ կիրթ, և որ ռուսերենը, անգլերենի չափ, միջազգային լեզու է, իսկ լեհ աղջիկների այդ քառասուն հոգին, մեկը մյուսին խանդելով, մինչև ականջաբլթակը սիրահարված է իրեն, որովհետև ինքը թուխ է, բրդոտ ու զուսպ։
– Նախաճաշի համար՝ տասնհինգ րոպե,– այդ աղջիկներից ոչ մեկին չնայելով հրահանգեց նա։– Վարպետ, կարծում եմ տասնհինգ րոպեից մեքենան սարքին կլինի,– վարորդին չնայելով ասաց նա։
Հայաստանը զարգացած քաղաքների, լավ ճանապարհների ու հնագույն շինությունների երկիր է։ Հայ ժողովուրդն աշխատասեր ու հյուրընկալ ժողովուրդ է։ Եթե թուրքերը մեր կեսը չջարդեին, այդ ժողովուրդը կարող էր հյուրասիրության սփռոց բացել ամբողջ աշխարհի համար։ Մեր ժայռերը վայրի ու խոժոռ են, բայց ոչ մի թաքստոցում ավազակ չկա՝ որ դաշույնը ձեռքին դուրս գար, վախեցներ ու բռնաբարեր զբոսաշրջիկներին։ Ահա թե ինչու է այս փոքրիկ Հայաստանը կոչվում հակադրությունների երկիր – մի կողմից՝ խոժոռ ժայռեր, մյուս կողմից՝ սիրալիր մարդիկ։

Մեքենան ճղճղալով ազդանշաններ տվեց ու կանգ առավ։ Մի տարօրինակ արարած խճուղով դանդաղ օրորվում էր և միտք չուներ ճանապարհ տալու մեքենային։ Վարորդն իջավ, նրան եզր քաշեց, եկավ նստելու ղեկին, բայց նա դարձյալ կենտրոն էր մտել ու գնում էր օրորվելով։ Երվանդ Խաչատրյանը գլուխը լուսամուտից հանեց՝ կշտամբելու նախրապանին, բայց նախիր չկար, գոմեշը մենակ էր։ Մեքենան ճչալով գնաց, խրտնեցրեց նրան, բայց նա ճանապարհից դուրս չէր գալիս։ Այդ ժամանակ մեքենան թեթևակի խփեց նրան, և լեհ աղջիկներն ասացին.
– Այս հայերը հախուռն ու կրքոտ ժողովուրդ են։

Երվանդը մեքենայից իջավ, ճանապարհից մի կողմ քշեց նրան,– նրա կուրծը խազված էր,– նրա ականջից բռնած սպասեց մեքենայի անցնելուն և ապա ցլամարտիկի լրջությամբ բարձրացավ մեքենա։ Այդտեղ, մեքենայի մեջ, տաք ծնկների, կանաչ ակնոցների, անկրծկալ պինդ կրծքերի թրթիռի և միջազգային քաղաքավարության ու սեռային թաքուն դաշինքի մեջ, նա ասաց՝ մարզիկի իր նստուկը դնելով հարմարավետ նստարանին.
– Դա կարծեմ կոչվում է գոմեշ։ Կովկասյան լեռներում դեռ կան մի երկու անասնապահ ցեղեր։ Լեհահայ առաջին գաղութներն ստեղծվել են դեռևս խոր միջնադարում։ Ձեր ժողովուրդը լավ է ընդունել մեր պապերին՝ ընդհուպ մինչև համայնքների ներքին ինքնավարություն։ Հայտնի է, որ Գրյունվալդի ճակատամարտին մասնակցել է հայերի մի գումարտակ։ Կինոբեմադրիչ Եժի Կավալերովիչի լեհ երակներում հայի արյուն է պտտվում։ Յուրաքանչյուր հայ Լեհաստանում կարող է դառնալ Եժի Կավալերովիչ, քանի որ յուրաքանչյուր լեհուհի տաղանդավոր դերասան է։ Ուշադրությո՛ւն, սկսում ենք վերելքը դեպի Աղավնավանք։ Վանքը կառուցվել է ութ հարյուր քսանհինգ թվականից սկսած։ Ճարտարապետն անհայտ է, պայմանավորվենք կոչել Տրդատ։ Այդ անունը մենք որտեղի՞ց ենք հիշում։ Տը՛րդա՛տ։ Հիշում ենք Անիի ավերակնեեե…րից…– և խմբավարի պես մի քիչ խոնարհված, փողկապը վզից կախ ու ակնոցները կանաչ՝ նա դաջվեց աղջիկների տպավորություններին ու լուսանկարչական ժապավեններին։

Հետո նրանց բոլորի ակնոցավոր գլուխները գմբեթին պարզած նրա ձեռքից շրջվեցին ետ՝ մռլնգոցի վրա։ Գոմեշը ճարտարապետության հետ կապ չուներ, և նրանք ժպտացին։ Երվանդ Խաչատրյանն իրեն թույլ չտվեց դուրս ընկնելու նրանց ուշադրությունից։
– Քնարական շեղո՛ւմ,– հայտարարեց նա, և այնպես եղավ, որ հիմա ուշադրության կենտրոնում միաժամանակ նա և գոմեշն էին։ Նա մոտ գնաց նրան, ակնոցների տակ աչքերը պինդ փակեց, պի՛նդ, բռնեց նրա եղջյուրը և, բռունցքը գրպանում, դեմքը դարձրեց լուսանկարչական սարքերին։
– Լուսանկարեք, հիշատակ Աֆրիկայից։
Նրա մեջքին, ողի վրա, ընկույզի չափ խիլ էր ուռել, գայլը թե շունը կրծի մեջ ատամ էին խրել, նա թրթռում էր բեղմնավորման երեքօրյա քնքշությամբ, պիտի որ նրա կուրծը ցավելիս լիներ, քանի որ պտուկները չռվել էին։ Նա ցածր մռլնգում էր, և Երվանդ Խաչատրյանը հիմարի պես ծուռ ժպտալով քիթը վեր քաշեց։ Եվ աչքերը փակ՝ ափով ոչ այն է շոյեց ոչ այն է խփեց նրա ուսին, նրան մի կողմ քշեց և հարցրեց ավելի շատ մտքում, ավելի շատ շշունջով.
– Էս ո՞ւր ես գնում… Ո՞նց ես, Սաթիկ ջան, ո՞նց ես, քույրիկ ջան… Նանը ոնց է… Բա ես ի՞նչ անեմ։
Մեքենան ազդանշան էր տալիս։ Շրթունքները սեղմելով Երվանդ Խաչատրյանը ելավ քարից և, զույգ բռունցքը գրպաններում, գնաց դեպի մեքենա։ Ռուսերենը անգլերենի չափ հարգի լեզու է, կյանքից պետք է վերցնել շատ և տալ շատ, իսկ եթե հնարավոր է՝ չտալ։ Դժվար կյանքն իհա՛րկե լավ է, բայց ավելի լավ է՝ երբ քեզնից հեռու է։
Հղիանալն անցյալ անգամ էլ դժվար եղավ։ Ցուլը նա գտավ արդեն վերադարձի ճանապարհին, մի քիչ մնաց նրա մոտ, բայց չէր բեղմնավորվել։ Մի երկու ամիս հետո նրա արյունը դարձյալ տաքացավ, և իր հին հետքերով միայնակ կաղնու հովիտը նա շուտ գտավ, երկու օր մնաց այնտեղ։ Այդ տարվա ձագը ծնվեց ամառվա վերջերին, ցրտի տակ ընկավ, տնքաց, տնքաց, խռկաց ու մեռավ։

Գոմեշը կանգնած մնաց՝ մինչև որ ոզնին իջեցրեց փշերը, փոքրիկ գլուխը հանեց, նայեց պսպղուն աչքերով և գլդոր-մլդոր փախավ արահետից։ Ապա շոգ մացառների մեջ մկկացին երկու այծ և ոտքի տակ ֆշշաց օձը։ Արտի եզրին բառաչեց մի կով, որ ձիու պես պարանով կապած էր։ Կովի կապե՞լը որն է։ Արտում, իրար մոտիկ երկու տեղ, հասկերը շարժվում էին, ուրեմն գառներ էին մտել արտ։ Հանդապահը չէր երևում, իսկ հեռու սարալանջին սպիտակին էին տալիս ուրթի վրանները։ Գոմեշը մի քիչ գնաց արտի եզրով, ապա, որևէ մի տեղից իրեն հետևող հանդապահի համար անսպասելի, թափով մտավ արտ ու, ականջը կանչի, գնաց վազքով։ Հասկերը խշշում ու շոյում էին կուրծը, գոմեշը ցուլի թրթռուն ներկայություն էր զգում։ Դա գրեթե իրական երջանկություն էր, բայց արտը միանգամից կտրվեց ասֆալտած խճուղով, խճուղու եզրին լուսավոր մի մեքենա էր կանգնած, մեքենայի մոտ խոտերի մեջ նստած էր ճաղատ, գեր, բարի Էդվարդ Հայրապետյանը և իր հետի կանանց ասում էր լավ բառեր, որոնք մեռած էին, որովհետև միայն բառեր էին։ Նա ճաղատը սրբեց թաշկինակով և, դեմքը գոմեշին, հիացավ.
– Տո՜րո… Ախ, անուշ ջան, ինչ սիրուն ես,– ասաց նա գոմեշին և սուտ ասաց, որովհետև գոմեշը գեղեցիկ չէր։ Հետո նա կանանց պատմեց իսպանական ցլամարտի մասին և պատմեց գեղեցիկ, սուտ ու մեռած, որովհետև խճուղին կտրողը ցուլ չէր, այլ էգ գոմեշ, որ գնում էր բեղմնավորվելու։ Հետո նա գովեց այդ կանանց ծնկների կլոր ողորկությունը, բայց այդ ծնկները նրա համար մեռած էին, այլապես նա չէր գովի այդքան անշփոթ ու երկուսինը միաժամանակ։ Հետո նա այդ կանանց արձակ-համարձակ բացատրեց, թե բնապաշտությունը պետականորեն չի հովանավորվում, բայց ինքը համոզված բնապաշտ է և բնապաշտությունը համարում է մոլորակի ողբերգական ճակատագրի միակ ելքը,– սակայն դրանք միայն բառեր էին, քանի որ գոմեշը, կայծակը, խոտհունձը նա սիրում էր այդ օրը կերած քաղցրավուն խաշիլի ուժով ավտոմեքենայի միջից։ Նա այդ կանանց բացատրեց, թե այդ ցուլի եղջյուրները քոր են գալիս և նա գնում է կռվելու մի ուրիշ ցուլի հետ, որի եղջյուրների արմատները նույնպես քոր են գալիս հանուն տեսակի գեղեցկության։

Դեպի ուրթ դժվար վերելքի վրա ամբողջ օրը հատավ, բայց սարալանջի վրանախումբը ուրթ չէր։ Երկրաբանները ծակիչներ էին դրել ու երկիրը ծակծկում էին։ Նրանք մեքենան անջատեցին ու ասացին գոմեշին.
– Բարով եկար։
Գոմեշն անցավ՝ որ գնա, ապա տեսավ՝ որ ոտքերը ցավում են և գնալու տեղ չունի. նա ետ նայեց, մռլնգաց, մի երկու բերան խոտ պոկեց ու եկավ ապավինելու երկրաբաններին. վրանների արանքում քամի չկար, գոմեշը պտույտ-պտույտ արեց ու նստեց վրանների արանքում, ապա թե ոտքերն իր ծանրության տակից հանեց, գլուխը դրեց գետնին ու քնեց։ Ծակիչները շեշտով թխկթխկում էին, գոմեշն օրորվում էր մի տեսակ օդում, հետո բոլորովին քնեց։

Երազի մեջ նա լիզում էր այն տարվա իր արու տխուր ձագի փափուկ եղջյուրների մեջտեղը, ձագը նվում էր թույլ տնքոցներով, հետո նանն ու նախրապահ Մինասն իրեն խաբել էին. իր ձագի բրդոտ կաշին գցել էին հորթի վրա և աղաջրով թրջել։ Երազի մեջ նա լիզում էր իր հիվանդ ձագի մեծ գլուխը և լաց էր լինում, և փափուկ վիշտը դուրեկան էր քնի պես։ Հետո իր ձագի բրդոտ կաշին ետ սահեց և տակը դողդողաց կովի հոտով հորթը. ինքը մռութով դեն հրեց նրան ու բղավեց։
Գոմեշն արթնացավ, նայեց պղտոր աչքերով՝ ծակիչները շեշտով թխկում էին և օրորվում։ Գոմեշն ուզեց վեր կենալ, բայց ալարեց. ոտքերը քաշեց տակը, գլուխը դրեց ուսին և նիրհեց։ Կուրծը մի թեթև նեղվում էր. հիմա նանը կկթի։ Նանն սկսեց կթել երգով, բայց կուրծը չէր պարպվում։ Ինքը թուլացրեց կաթի երակները, նանը կթում էր փափուկ փխփխոցով, բայց պտուկները ծակծկվելով ցավում էին։

Նա արթնացավ կեսգիշերին, նստած՝ հիշեց թե որտեղ է ինքը, ականջ դրեց՝ աստղերի լույսի մեջ մեքենաներն ու մարդիկ հանգիստ քնած էին, աստծու աշխարհի ծայրին մի շուն էր ոռնում ու մարմրում էր մի հովվակրակ, ցերեկվա մարդիկ վրանների մեջ տաք ու փափուկ շնչում էին, աստղերը սառն ու առողջ լույս էին ծորում։ Նա ելավ, թարմ գիշերվա մեջ ձգեց մեջքը մինչև պոչը և սկսեց վրանների մոտ արածել։ Երբ լուսադեմին դուրս եկան միզելու և նայեցին նրան՝ նա գլուխը կտրեց գետնից և կարճ մռլնգաց, հայտնելով իրենց անթշնամանք գոյակցության մասին։ Նրանք ժպտացին և ասացին անչար.
– Սև ցա՛վ։ Վախեցրիր։
Ներսում նրանք հարցրին խռպոտ ձայնով.
– Էդ ի՞նչ էր։
– Ոչինչ,– ասացին նրանք,– իրիկվա գոմեշն է, ասում է բարի լույս։
– Տերը հիմա փնտրում է։
– Գլուխ մի տարեք, քունս կիսատ է։
Լռություն էր, հետո մեկը խիստ բարկացավ, իսկ մյուսները խմբով ծիծաղեցին։
Առավոտյան նրանք նրան ասացին.
– Որոշեցիր մեզ մածուն տա՞լ։ Ճիշտ ես որոշել։

Նա գնալու տեղ չուներ։ Աշխարհն իհարկե մեծ է և յուրաքանչյուր անգամ ավելի է մեծանում, և արահետներն էլ խելացի ու շատ են, բայց աշխարհն անհամանում էր, որովհետև նրա վրայից ցնդում էր թախիծը և մնում էր առատ խոտը։ Նա հասկացավ, որ մոտերքում մի տեղ նախիր կա, բայց անհանգստությունը նրա մեջ ծվարել ու քուն էր մտնում։ Արահետից թաղիքի, շան, պանրի, շիբի ու ռետինե սապոգի հոտ էր գալիս, բայց նրա էությունը չէր կարողանում սարի մյուս երեսին ուրթ ու գոմեշներ դնել և նրանց կարոտից թրթռալ։ Նա հենց այնպես ընկալեց աղբյուրի ջրերին կպած նախրի թարմ հոտը և, որովհետև ջուրը համով էր, խմեց գոմեշավարի ու կշտությունից տնքաց։ Նա ճանապարհ չտվեց զույգ դույլով ջրի եկող քրդուհուն և հանգիստ ընդունեց շների հաչոցը։ Սև, ուժեղ ու մեծ, հայացքը ծանր՝ նա կանգնեց հաչող շների մեջտեղը և սպասեց։ Քուրդը եկավ, շների վրա գոռաց, մահակը գցեց, մոտեցավ, քորեց նրա ականջի արմատը, և այդ այդպես էլ պիտի լիներ։ Քրդի մայրը եկավ, խոշոր կրծքերի տակ ձեռքերը խաչած նայեց նրան բոլոր կողմերից, պպզեց, տեսավ կուրծը, հաշվեց պտուկները, բոլոր պտուկներն էլ սարքին էին,– Մեկ, երկու, երեք, չորս,– ասաց նա և գոմեշի դեմ կանգնեց ու հիացմունքից շողշողաց։
– Շկո՜,– գոմեշի երեսին նայելով ասաց նա որդուն,– մերդ ծնկել ու քեզ տղա է ծնել, ինչո՞ւ չես մորդ համար մի գոմեշ առնում, Շկո։
Քուրդը գոմեշի ականջը բռնեց և տարավ վրանի դուռը։
– Աղ դուրս բեր,– ասաց նա մորը։– Էդ չէ, էն լավը։ Պարան բեր,– կարգադրեց նա մորը։
– Մորդ համար մի հատ գոմեշ առ, Շկո՝ մերդ հարյուր տարի ապրի, երեխեքիդ պահի, ոչխարներդ կթի, Շկո, քեզ համար գոմեշի մածուն անի։


🎥 Նոր տեսանյութ.

Շարունակությունը կարդա հաջորդ էջում

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է
ԹԵՍՏ. Լա՞վ եք հիշում 90-ականները