fbpx

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Լռությունը հյուսվում էր ջրի ձայներից։ Մի քիչ էլ թաղվելով նրա աղմուկի մեջ՝ գոմեշն զգաց, որ այդ ջուրը տաք ու հոտած է։ Ապա՝ ձին կանգնել էր գլուխը բարձր, մինչև տեսավ որ մոտեցողը գոմեշ է։ Հետո ձին կանգնել էր անշարժ, չէր արածում և խավարի մեջ տխուր էր։ Մարգ առ մարգ ջուրն այդտեղ լճակներ էր տվել, փայլում ու չէր փայլում չղջիկների յուղոտ թռիչքի տակ։ Գոմեշը կամ սխալվել ու բանջարանոց էր մտել, կամ ցանկապատը քանդված էր, ոտքերի մեջ փշփշոտ մի ճյուղ խճճվեց։
– Էդ ո՞վ ես,– ասացին։
Գոմեշը կանգ առավ։
– Ձի՞ն ես, թե էդ ով ես։

Գոմեշը գլուխը կռացրեց, ուզեց անցնել ցանկապատի ճեղքով՝ իրար հյուսված չոր ճյուղերը ճռճռացին ու թափվեցին։
– Ախար էդ ո՞վ ես, է։

Թթված ձմերուկի հոտ էր գալիս, հետո հրացան պայթեց։ Մի անգամ, աշնան եղյամների ժամանակ, գիշերը գոմեշը մտավ կաղամբուտ։ Ցրտերի դեմ պինդ փաթաթված այդ կաղամբները հյութալի, քաղցր ու տաք էին, մեկ էլ՝ մոտը մի ստվեր ցատկեց, ու մեջքին ճայթեց ճիպոտը։ Մարդը երկար վազվզում էր նրա ետևից և ուզում էր խփել նրա փորին, չէր թողնում ելնել ցանկապատի բաց դռնից, մինչև որ գոմեշը կրծքով քանդեց ցանկապատն ու մտավ հարևան բանջարանոց։

Արահետը նրա տակ անսպասելիորեն կենդանացավ, մի երկու կարճ ոլորանով ելավ զառիվերի գլուխը, ուղիղ գծով կպավ աղբյուրին, քանդված գոմերի դռներով գնաց մտավ անտառ։ Կարծես դեմից, կարծես գոմերից՝ բուն երեխայի պես լաց էր լինում ու ճիվաղի պես քրքջում։ Կենդանի հաճարենու ետևից կեսը երևալով սպիտակ շորերի մեջ մի կին էր կանգնել ու սպասում էր գոմեշին։ Անհայտ մի տեղ դարձյալ լաց եղավ մոլորված երեխան, կենդանի հաճարենու ետևում ֆոսֆորային շողը ցնդեց և տակը մնաց ոտի վրա փտած կոճղը։ Հետո կոճղը նորեն կին դարձավ ու լուռ հայացքով ուղեկցեց գոմեշին լուսատտիկների բացատ։
Ծծերը կողերից հատ-հատ կախ, երկարոտն, լայն կրծքով ու նիհար պինդ գանգով գայլն անաղմուկ անջատվեց թփից, երկու ցատկով նետվեց կապանի բերան ու դաջվեց քարին։ Գետինը հանգիստ օրորվում էր մեկի քայլերի տակ, քայլերը դանդաղեցին ու դարձան մտածկոտ։ Քայլերը կանգ առան։ Գայլն աչքերը փակեց ու շունչը պահեց՝ որ լինի լրիվ մեռած ու լրիվ մութ։ Քայլերն զգույշ փոխվեցին։

Գոմեշը քայլեց, բայց կապանը դարանած էր։ Գոմեշը կանգ առավ՝ կապանը կապան էր, արահետը սապատավորվում էր կապանով։ Գոմեշը քայլեց՝ սապատը շնչում էր. գոմեշը կանգ առավ, սպասեց. սապատը շնչում էր, կապանը խեղդվում էր գայլի կծված հոտերի մեջ։ Գոմեշը զզվանքով փնչաց, կճղակներն ու քարերը ջարդրտելով ելավ կապանի սալը, ճակատ պահած կանգնեց նեղուցում։

Գայլի միջից նրա աչքը կոպի նեղ ճեղքով զատել էր միայն մի մռութ, և իրենից գայլից բացի ոչ ոք չգիտեր, որ սալին ընկած այդ քարը քար չէ։ Գոմեշի հայացքն անցավ քարի վրայով, գայլի վրայով, քարի վրայով, արագ հածեց գայլի շուրջն ու ծանր նստեց նրա գանգին։ Եվ գայլը դանդաղ փշաքաղվեց, դանդաղ ելավ, չորս թաթի վրա չռված տարուբերվեց արահետին և, ժանիքավորվելով, տեր կանգնեց իր նպատակին։

Գոմեշը եկավ նրան տրորելու՝ նա մի քիչ էլ համբերեց, սպասելով թե գոմեշը կխրտնի, բայց գոմեշը գալիս էր տրորելու, և նա ետ ցատկեց ու սպասեց չռված։ Գոմեշը գալիս էր միայն տրորելու, և նա կրկին ետ ցատկեց։ Դունչը գետնին քսելով գոմեշը գալիս էր տրորելու, խիճը նրա տակ խրվում էր գետնի մեջ, և պոչը ոտքերի արանքում՝ գայլը մի քիչ դեն քաշվեց արահետից։ Գոմեշի վիզը լիքը միս էր, բուկը լիքը միս էր, կուրծը լիքը… Գոմեշը կանգ առավ ու պահանջեց շատ հեռանալ արահետից՝ նա մի քիչ էլ ետ գնաց։ Գոմեշը գլուխը թափահարեց ու փնչաց և նրա հուժկու շունչը կպավ նրա գանգին ու մի քիչ էլ ետ մղեց։ Գոմեշը կատաղեց ու դղրդաց, և նա հեռացավ արահետից։ Նա տանն ուներ չորս լակոտ, որոնք մինչև արյուն քաշքշում էին պտուկները. նրանք ցամաքել չթողեցին մեռած լակոտի պտուկը. տղա զավակը զավթել ու երկու պտուկ է ծամծմում. նրանց հայրը գնաց ոչխար բերելու և ետ եկավ պատառոտված. տխուր-տրտում մի քիչ մնաց տանն ու հեռացավ՝ մեռնելու թաքուն մի տեղ։

Գոմեշի քամակը թախիծով օրորվում էր արահետին, ոտքերի արանքում մի բերան փափուկ կուրծ կար։ Միայն կե՛սը, միայն մի քի՛չ, մի բերա՛ն, կո՛ւրծը, փափո՛ւկ… աշխարհը կտոր-կտոր եղավ ու հալվեց։

Մի դար թե մի պահ աշխարհը պղտորվում էր, հետո լցվեց լույսով ու շշուկներով։ Տանը չորս լակոտ կա, մեծագլուխ արուն երկու պտուկ է ծծում, իսկ գոմեշը քացի տվեց։ Կյանքը քաղցր ու լեղի էր։ Ջլերից ու ծուծերից կաթ էր քամվում կաթի երակների մեջ և տաք մաղձը մաշում էր ստամոքսը։ Հարկավոր էր ցատկել գոմեշի մեջքին, խրվել ու դուրս տալ նրա վիզը։ Թող մի օգնականները մեծանա՜ն, թող մի արուն բոլորի՜ տարին… Տեր, եթե մեզ դժվար կյանքի համար ես ստեղծել՝ քո բանն է, միայն թե մի քիչ օգնիր, որ մեր կաթի մեջ մաղձ չծորա, թե չէ լակոտները կմեծանան ջղային ու անօգնական։
– Բասար, էդ ի՞նչ ես տեսել,– ասաց նախրապանն իր շանը։

Անտառը ճռճռացնելով նա ելավ բացատ ու կարոտով մռլնգաց։ Կովերը բարձրացրին գլուխներն ու չճանաչեցին։ Երնջի կրակներից շիկացած ցուլը ետ դարձավ ու նրան առավ իր կատաղի թշնամության մեջ։ Իսկ նա կովերի մեջ գոմշացուլ փնտրեց։
– Էդ ո՞ւմ գոմեշն ես, էդ որտեղի՞ց ես գալիս։
– Ցուլ ես ուզում։ Չկա,– ասաց նախրապանը։
– Դո՜ւ… Ծմակուտի գոմեշ ես։ Դու Մանիշակ նանի գոմեշն ես։ Ախչի, էս սարերով, էս ձորերով, էս գողի ու գելի միջով էդ ո՜նց ես եկել, ախչի։ Նանն ուրեմն դեռ կա։ Խեղճ նրա տղեն ճակատից չեկավ։ Ես լուր պիտի բերեի, որ Սև ծովում ձկներոց է եղել, բայց դե բերանս բարով բացեի։

Ցուլը դանդաղ ընդառաջ էր գնում նրան և քրքրում էր մրջնաթմբերը։ Իսկ նա կովերի մեջ գոմեշ էր փնտրում և դժվար հասկացավ, որ ցուլը գալիս է կռվի։ Նա կեռեց վիզն ու գնաց հատ-հատ քայլերով։ Նա ամբողջ բացատի տաք օդը ներքաշեց թոքերը ու գնաց ցատկերով, բայց դեմը ճակատ չկար. ցուլը քամակ էր դարձրել, նախրապանը կովերի մեջ էր քաշում ցուլը։
– Բա աղջիկ է, չէ՜, բա աղջկա հետ կկռվե՞ն, աղջկա հետ չեն կռվի։
– Ախչի, բա աղջիկն էդքան կռվարա՞ր կլինի՝ որ դու ես։ Էսպես սիրուն, էսպես կլոր, էսպես պինդ… Տասը տարի է գոմեշի մածուն չեմ կերել։ Էս ո՞վ է կուրծդ խազել, շո՞ւնը թե գելը։ Սպասիր, մի սպասիր… Ինչ էլ խորն է մտել անտերը։
Գոմեշը նախրապանի դեմից փախավ, ետ դարձավ դեպի նախիր. այնտեղ պիտի լիներ մի գոմշացուլ, կովերի արանքներով նա պտտվեց նախրի մեջ, մեկ առ մեկ հոտ քաշելով նա երկար փնտրեց գոմշացուլին՝ նրանք բոլորը կովեր էին, ուտում ու կաթնակալում էին, նախրից կաթի հոտ էր գալիս։ Նրանք հանգիստ ու
վստահ էին, որովհետև խոտը համեղ էր, ջուրը մոտիկ էր, իրենց մեջ խաղաղ ծփում էր իրենց ցուլի ներկայությունը։ Գլուխն այդ նախրի միակտուր մեջքից բարձր՝ գոմեշը տխուր մռլնգաց այդ լույս երջանկության մեջ, և դա միայն հանգչելու-հատնելու ցանկություն էր։

Արև-աստծու տակ երբևէ դեպի տաք լճերն են օրորվել գոմեշների համայնքները։ Վիզները բարակ« գլուխները մեծ, մեծ գլուխներին փափուկ-խմոր եղջյուրներ բլթած գոմշաձագերը մանկան թախիծով օրորվել են մայրերի արանքներում, աղջիկ-գոմեշներն արևի տակ լցվել են թախծոտ մայրությամբ, գոմշացուլերը կանգ են առել, ետ են թեքվել ու կանչել են պղտոր կրքով՝ թե համայնքից որևէ մեկը չի՞ մնացել անտառի եզրին նստած,– օրորվեցին, օրորվեցին խարկված դաշտերում և ո՞ւր կորան։
– Քեզ ո՞ւր ուղարկեմ, որ քեզ համար լավ լինի։ Արի քեզ ուղարկե՜մ…

Նախրապանը նրան ծեծեց։ Նա մղվում էր դեպի Կեչուտ, իսկ Կեչուտն արդեն գործարան էր, փայտը գոլորշով լավ եփում էր, ճկում էր, պտուտակները ձգում և աթոռներ ուղարկում Պարսկաստան։ Գոմեշը ետ նայեց՝ նախրապանը ձեռքով ասում էր գնա, գնա, գնա… Նախրապանը կռացավ իբր քար վերցնելու՝ գոմեշը թափ տվեց գլուխն ու գնաց։

Անտառի եզրին բոխիների միջից նայում էր կանաչ մատուռի մութ դուռը։ Մատուռի մոտ քարը շարժվեց ու դարձյալ մնաց անշարժ։ Նորից շարժվեց, և դա մարդու թիկունք էր։ Պառավը, որ խաչքարին մոմ էր փակցրել և հովից պատսպարում էր՝ որ չհանգչի, ետ դարձավ ու խաչակնքեց։ Եվ մինչև աղոթքի վերջը չհավատաց, որ իրեն նայողը մահը չի, գոմեշ է։ Որ երազ չէր՝ դա լավ էր. գոմեշը երազում՝ ծանր հիվանդություն ու մահ է։ Հայացքը գոմեշին՝ նա ձեռքով գտավ ձեռնափայտը և,– Հիսուս Քրիստոս,– իջավ, մտավ ճանապարհ։

Նրանք մի լավ նայեցին իրար, գոմեշը քայլեց, և պառավի սիրտն այդ ժամանակ բռնվեց. Մանիշակ քվեր գոմեշն էր։ Էս էլ քանի ձմեռ ինքը Ստեփան որդուն խնդրում է իրեն տանի մի աշունից մինչև մի գարուն թողնի Մանիշակ քվեր տանը, քվեր թոռը իրենց տանի Էջմիածին, առաջնորդի աջը համբուրեն, ասեն քո նվիրած կյանքից մենք գոհ ենք։
– Էս ո՞ւր ես գնում։ Քույրս քեզ ծախե՞լ է, թե՞ էս ուր ես գնում։ Աղջիկ էի, զուռնով-դհոլով սարերո՜վ, սարերով ինձ բերեցին երեք օր ու գիշեր։ Իմ քույրը լաց էր լինում իր քվեր համար։ Իմ ախպերն ունքերը կիտել էր ու ձի էր նստել։ Իմ լավ ախպերը, տասներեք տարեկան իմ ոսկի քույրը, իմ տխուր հայրիկը։

Սակայն պառավը գոմեշից ետ էր մնում։– Ա՛յ տղա,– որևէ մի տեղից օգնող երեխայի սպասեց պառավը, սակայն իրենից բացի ոչ ոք չկար հնձած սպիտակ արտերում, ուր ծաղկած կորնգանը խուսափուկ լույս էր արձակում։ Պառավի աչքերը ցավեցին, և գոմեշը հալվեց ու կորավ արևի տակ։ Պառավը գնաց գյուղամիջերում հեռախոսից հասկացող մարդ փնտրելու՝ որ զանգահարեն Կեչուտ՝ որ զանգահարեն Երևան՝ որ զանգահարեն Գուգարք, էնտեղից էլ Ծմակուտ, Ծմակուտի կանաչ սարերը, իր քույր Մանիշակին՝ թե քո Սաթիկ գոմեշը եկավ ու անցավ Ձորագյուղով, քույրդ տեսավ, չկարեցավ կանգնեցնի, «ծախե՞լ ես, թե՞ էս ուր էր փախած գնում»։


🎥 Նոր տեսանյութ.

Շարունակությունը կարդա հաջորդ էջում

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag