Արտի մասրաթուփը, որ մեկ հատ սպիտակ ծաղիկ ուներ և մի կենտ հատիկ էլ կոկոն և տասը հատ կանաչ մասուր, իր տաք բուրմունքով փաթաթված հանգիստ սպասում էր։ Վայրի բրդոտ մեղուների փոքր ընտանիքը թանձր բզզում էր մասրենու տակ։
Արտեզրի մեղրատանձին հալհլում էր թպրտացող լույսի մեջ. տերևները քիչ էին, տանձին ոտից գլուխ տաքացել էր մեղրի պես. նա մի յոթանասուն տարի խուլ տնքոցով չարչարվում էր կայծակի խանձած դժար վերքը ծածկելու, ջահելությունը հատավ դրա վրա, և դեռ այնպես էլ մի կարգին չէր ներքաշել վերքը՝ Քառանց խև Մացակը եկավ, կացնով խփեց ու, բերանը բաց, փսսան քթով վերև նայեց. և, կարծես անկենդան փայտ էր կտրտում, ծառի բնից գլուխը կախ պոկեց երեսուն գդալացու, երեք շերեփացու։ Էլ ուժ չկար, տանձենին խաղաղ ապրել սկսեց իր երկար մահը արտի եզրին, արևի տակ։
Գարնան ճահիճը հիմա չորությունից ճաքեր էր տվել, բայց գոմեշի տակ օրորվեց, խոտի մի փոքրիկ կույտ չոր խնձորածաղկի բուրմունքը կլոր փռել էր շուրջը և թխանում էր բուրմունքի ու արևի մեջ։ Ջահել ընկուզենուն մի լավ ծեծել էին ու տարել նրա կանաչ պտուղը մուրաբայի համար։ Ընկուզենու տակ արևկող էր արել, մարմրում ու իր մի պուտ թույնը եռացնում էր որձաքարին, կարճ օձը։
Ապա ցամաքեց, խանձվեց ու տապի մեջ շիկացավ Քառանց չոր բլուրը, օդն ալիք առ ալիք խփվեց գոմեշի գլխին, չորացրեց նրա քթերն ու աչքերը։ Զառիվարելուց առաջ գոմեշը փնչոցով կանգ առավ, նայեց։
Բլրի տակ գյուղը հանգել էր. այգիները լուռ էին, ճանապարհները շեկ էին, տների տանիքները կարմրում ու սևանում էին խիտ լույսի մեջ։
Բարակ առուն ցանկապատի տակով մտնում էր Քառանց կաղամբուտ։ Արևածաղիկները լայն երեսները դարձրել էին դեպի ճանապարհի գոմեշը։ Ադամի բարդին տերևները շուռ էր տվել ու սպիտակել. նա երկու տարեկան խնձորենու, կարտոլի, ծաղկած վարունգի ու տաքդեղի տակերով կաղամբի ջրից մի քիչ ջուր էր գողանում, բայց ցույց էր տալիս, թե շատ է ծարավ, անձրև է ուզում, հիմա անձրև է գալու։ Կարմիր գամփռը հևում էր խնձորենու տակ։ Փայլփլուն ճաղատ, սպիտակ բեղ-մորուքով Սարգիս պապը մեղվանոցում շրջմրջում էր մեղրահացերը. նա խուլ ոտնաձայներ լսեց և թանձր գվվոցի միջից արևածաղիկների մոտ տեսավ իր հին բաճկոնով ու գլխարկը թեք դրած խրտվիլակը, որ նայում էր հարևան այգու կեռասենուն։
Ճանապարհի տակ տունն էր, տան ու գոմի արանքում՝ մեծ բակը։ Բակում կարպետներին հատիկ էր փռված և լույս էր արձակում, գլուխը թաթերին՝ հատիկի մոտ նիրհում էր առյուծաձև գամփռը։ Գամփռն իրեն ասում էր. ես Բասարն եմ, ես ցորենը պահում եմ. ծտերը քնած են։ Նա իրեն ասաց. ձիավոր է գալիս, տեսնես ով է։ Հետո Բասարն իրեն ասաց. ձիավոր չի, եզ է գալիս, տեսնես ուր է գնում էս շոգին։ Գետնի թույլ ցնցումները շան թաթերի տակ խաղաղվեցին, նիրհի մեջ շունն զգաց հուժկու մեկի ծանր հայացքը։ Շունը կոպերը բարձրացրեց՝ վա՛յ, գոմեշը։ Շունը մոտ վազեց ու, դունչ-դնչի, մի թեթև ողջագուրվեց նրա հետ և ապա դուրս նետվեց փողոց՝ նանին դիմավորելու։ Բայց լուռ ճանապարհն արևի տակ դատարկ էր։ Նա մտածեց ու գնաց մինչև ցանկապատի շրջադարձը՝ ցանկապատների երկայնքով մինչև Քառանց չոր բլուր ճանապարհն ամայի էր։ Շունը չհասկացավ, տխրեց, ետ եկավ ու պառկեց հատիկի և գոմեշի արանքում։
Հայացքը նրան՝ գոմեշը խուլ մռլնգում էր և չէր ասում թե ինչ է ուզում ինքը, հետո մտավ գոմի սրահ, սպասեց, ապա եղջյուրներով հրեց դուռը, մտավ գոմ։ Եվ կանգնեց։ Մութ գոմը սառն աչքերով կայծկլտում էր։ Գոմում ինչ-որ տնքոց կար, մեկն այդտեղ դարանել էր։ Գուցե ոստայնի մեջ սպասող սարդն էր, գուցե տնքում էին հենասյուները։ Գոմեշը մտավ իր տեղը և սպասեց։ Մսուրքում քարաղը քրտնել էր ու դանդաղ մաշվում էր, մսուրքի տախտակները պառավում էին մթի մեջ, կաղնե սյուները խաղաղ ուժասպառ էին լինում ծանրության տակ, և դանդաղ շաղախվում էր մահը։ Գոմեշն իր տեղից ետ-ետ արեց՝ կապը նրան չէր խանգարում. հա՛, ինքն էր մտել այդտեղ, հա՛, ամառ է։
Գոմեշը ելավ գոմից, կանգնեց բակում, մռլնգաց։ Դրանք կաղամբի մարգեր էին, դա ցանկապատ էր, դա իրենց շունն էր, դա հատիկ էր,– բայց ինչ էր ուզում ինքը։ Հեռուների շեկ դաշտերում դեպի տաք լճակներն են օրորվում գոմեշների խմբեր և դրանց մեջ մեկը տաք է, հզոր է, գեղեցիկ է։ Գոմեշը թափով ելավ բակից՝ շունը հետևեց նրան։ Շունը իրեն ասաց. էս գոմեշն էս ո՞ւր է գնում։ Գոմեշը շարժվեց ցանկապատի երկայնքով։
Ցանկապատի վերջում մի ուրիշ տուն է, տան դռանը՝ ծաղիկը կարմիր լոբուտ, լոբուտում՝ երկարուկ մի քած, որ եթե անցնողին չկծի, ծեծ չուտի կամ գոնե մի քիչ չհաչի՝ չարությունից լաց կլինի։ Դրա համար էլ Բասարն անցավ գոմեշից, գնաց կանգնեց լոբուտի մոտ և, պոչն ու գլուխը բարձր, ղռմռաց։ Ես էստեղ եմ։ Քածը դուրս չեկավ լոբուտից, և Բասարը, պոչն ու գլուխը բարձր բռնած, ճանապարհեց գոմեշին ցանկապատի տակով, աղբյուրի մոտով, լքված այգու միջով, խաչքարերի մոտով, մատուռի տակով գյուղից դուրս։ Երեխաները լողանում էին գետակում։ Նունիկն ու Գայանեն աղջիկ էին, դրա համար էլ իրենց տրուսիկները չէին հանում, իսկ Հովիկը, Տիգրանը, Մանուկը տղաներ էին, դրա համար էլ լողանում էին մերկ։ Գետակը պարզ էր, կանչերը պարզ էին, միակ անգամ աշխարհը ջերմացնում էր մանկական մի մեծ արև։ Շեկ ճանապարհին մի գոմեշ էր օրորվում, նրա ետևից գնում էր մի կարմիր գամփռ, և նրանք այդպես գնալու էին քաղաքների, ձախորդ կյանքի ու ծերության միջով մինչև այդ տղաների օրերի վերջը։ Գոմեշը հոտ քաշեց ավազի կույտից, շունն էլ հոտ քաշեց։ Գոմեշն անցավ գետակը, շունը փնտրեց մի ցատկի հավասար նեղուց։ Գոմեշը զառիվերի գլուխ ելավ ոլորանով, շունը գտավ նեղուցը, ցատկեց, կարճառաջ վազեց զառիվերի գլուխ՝ գոմեշն արդեն ձորում էր։
Գոմեշն ու շունը ելան Հոնուտի բլուր՝ դեմի շեկ հարթավայրից ալիք առ ալիք խփում էր խարկված ծաղիկների չոր փոշին։ Գոմեշը ետ նայեց. շունը պպզել էր բլրի գլխին և ուզում էր լավ մտապահել այդ տեղը, որպեսզի երբ հարցնեն «Բասար, գոմեշն ո՞ւր գնաց», նրանց բերի մինչև այստեղ. «մինչև էստեղ՝ տեսել եմ, սրանից հետո՝ չեմ տեսել»։ Շունը հայացքով նրան ուղեկցեց մինչև արահետի ոլորան, մի քիչ տխրեց նրա հեռանալու համար, մի քիչ էլ՝ որ նանն իրեն այս էլ երեք ամառ սար չէր տանում, ապա վեր ցատկեց ու ետ վազեց. ծտերը հիմա ուշքի կգան ու հատիկը կուտեն, հատիկը կուտեն, հատիկը կուտեն, բա՜ն չի մնա։
Գոմեշն արահետի հետ թեքվեց, հարվելով մտավ ձորակ։ Այդտեղ աղբյուր պիտի լիներ, գոմեշն ուզեց ջուր փնտրել և այդ պահին նրա քթերը մտավ հերկվող սևահողերի թթու հոտը։ Խանձված անծայրությունների մեջ մոտիկ մի տեղ վարած սևահող պիտի լիներ, տանձի մի ծառ, ծառի տակ՝ նստած եզներ, եզների մեջ՝ երկու գոմեշ։ Գոմեշներից մեկը հիմա բարձրացրել էր գլուխը, ողնաշարով զգում էր էգի ներկայությունն այս նույն հողի վրա, պորտով որսում էր նրա մոտեցող ոտնափոխը։
Բույրը քթերի մեջ բռնած գոմեշը ելավ ձորակից՝ բոլոր կողմերի վրա միայն շեկ դաշտն էր։ Ծղրիդի ճռռոցով մի ալիք տոթ խփվեց ու գոմեշի քթերի մեջ չորացրեց ցելերի թթվաշ զովությունը։ Եվ խանձված դաշտն ամայացավ։ Նա խուլ մռլնգաց ու սպասեց. ամայության մեջ իր կանչը դանդաղ ցամաքում էր։ Չորս հատ ոտքը գետնին պինդ դրած նա կորզեց երկրից դժվար հերկի ղռռոցը. արմատները կտրտվում էին, ակոսը ծալվում էր, լծկանն օրորվում էր, գոմեշները ծնկել էին ու գութանը տանում էին ծնկած։
Գոմեշը գետնից փնչոցով հոտ պոկեց ու մղվեց՝ տրորելով խանձված բույրերը, կանչերը, ծղրիդներին։