fbpx

Սևակի թարգմանություններից – Վ. Մայակովսկի «Վարտիքավոր ամպը» պոեմ, մաս 3

ՄԱՍ 1

ՄԱՍ 2

Ներքևի հարկում սվաղն է պոկվում:

Նյարդեր՝
պուճուրիկ
ու մեծ –
բազմաթիվ,
ցատկում են, ոստնում, թռչում մոլեգնած, –
և ահա արդեն ծալվում են, թեքվում
ծնկները հոգնած:

Իսկ սենյակիս մեջ գիշերն է անվերջ իր տիղմը թափում, –
ծանրացած աչքս չի կարողանում իրեն դուրս քաշել
տղմից վատամիտ:

Դռներն են հանկարծ այնպես կափկափում,
ասես չի բռնում խեղճ հյուրանոցի ատամն ատամին:

Եվ դու ներս մտար
խիստ, ինչպես «մտեք»՝
լլկելով զամշե ձեռնոցըդ:
Եվ դու
ասացիր.
«Գիտե՞ք,
գնում եմ մարդու»:
Է՛հ, դե ի՜նչ արած գնացե՛ք:
Ոչի՜նչ:
Ուժ կառնեմ արագ:
Տեսե՛ք՝
հանգիստ եմ,
հանգիստեմ… ինչպես մեռածի երակ:

Հիշո՞ւմ եք արդյոք:
Դուք ասում էիք.
«Դրա՛մ,
Ջե՛կ Լոնդոն,
սե՛ր,
կի՛րք, գոհանա՜լ»:
Իսկ ես գիտեի.
դուք՝ Ջիակոնդա –
այն նկարն եք, որ պիտի գողանալ:

Եվ գողացա՜ն էլ:

Նորի՛ց սիրահար՝
հոնքերիս ծալքում ցոլանք ու կրակ,
ես ինձ կնետեմ խաղի մեջ մոլի:
Ի՜նչ արած.
չէ՞ որ նաև այն տան մեջ,
որը դարձել է հրդեհի ճարակ,
երբեմն ապրում է անտուն շըրջմոլիկ:
Գրգռում եք ինձ.
«Ձեր խելառության թանկ զմրուխտները քիչ են ավելի,
քան կոպեկները խեղճ մուրացկանի դատարկ բռանը»:

Հիշե՛ք.
մատնըվեց Պոմպեյն ավերի,
երբ գրգռեցին Վեզուվ լեռանը:

Է-հե՜յ,
պարոննե՛ր,
դուք սիրահարներ
սրբապղծությա՛ն,
սպանդանոցի՛,
ծանր հանցանքի՛:
Տեսե՞լ եք արդյոք
ահավորներից մեծ ահավորը,
և գիտեք ո՞րը.
իմ դեմքը,
երբ նա
բացարձակապես լինում է հանգիստ:

Սրտիցս ինչ-որ բան –
և համառաբար –
դուրս գալ է ուզում՝
շատ լավ զգալով,
որ իմ իսկ «ես»-ը քիչ է ինձ համար:

Այդ ո՞վ է խոսում:
Այդ ո՞վ է:
Allo!
Դո՞ւ մամա՛,
մամա՛:

Մամա՛,
ձեր տղան չքնաղ հիվանդ է:
Հիվանդությո՜ւնը:
Կարծեմ սրտային… սրտային հրդեհ:
Ասեք քույրերիս՝
Օլյա-Լյուդային,
որ ինչ անելն իսկ չգիտի արդեն:
Ամե՛ն մի բառը,
և մինչև անգամ իր հանաքները,
որ նա որձկում է բերան-հնոցից,
ճողոպրում են դուրս,
ինչպես մերկանդամ անառակները՝
կրակի տված պոռնկանոցից:

Երթևեկները իրենց մռութներով
հոտոտում են և –
առնում են հոտըճենճերող մսի:
Ու հավաքում են պսպղուն մարդկանց
սաղավարտներով:
Այս հրշեջներին ասեք ա՛յն մասին,
թե քնքշա՜նք է պետք –
հո չի կարելի վառվող սրտի մեջ՝
սապոգներ հագած կոպիտ ոտներով:
ես ի՛նքըս, ի՛նքըս
իմ արտասվալից աչքերի խորքից
ջուր կքաշեմ դուրս տակառ առ տակառ
և վառվող սիրտս ինքս կթրջեմ:
Միայն մի թողեք մարդ իր կողերին կռնթի ու կառչի:
Ես դո՛ւրս կթռչեմ: Ես դո՛ւրս կթռչեմ: Ես դո՜ւրս կթռչեմ:
Նրանք փուլ եկան:
Սեփական սրտից, չէ՜, դուրս չե՛ս թռչի:

Շուրջ բոլոր այրվող իմ դեմքի վրա
ճեղքը շրթերիս
խանձված-ածխացած մի համբույրիկ է շտապ առաքում:

Մամա՛,
չեմ կարող ես երգել հիմա.
սրտիս ժամատան երգչադասին էլ հուրն է ճարակում:

Ինչպես որ վառվող տնից են փախչում խեղճ բալիկները,
այդպես էլ թռչում են հիմա իմ գանգից
բոլորշի այրված խոսք ու թվերի պատկերիկները:
Հենց այսպես ահա սարսափն ստիպեց,
որ «Լուզիտանիա»-ն* վառվող ձեռքերով կառչի երկնքից:

Դողահար մարդկանց,
նրանց մշտադորր կացարան-որջին
նավամատույցից հազար գլխանի մի հրացոլք է
նետվում ընդառաջ:
Այն մասին, որ ես
այրվում եմ այսպես,
գոնե դարերին արտահառաչիր
դու՝ ճի՛չ իմ վերջին,
իմ վերջի՛ն հառաչ:

(Շարունակելի)

* Մարդատար շոգենավ, որ ականահարվեց գերմանական սուզանավից և այրվեց ծովում 1915թ. գարնանը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սևակի թարգմանություններից – Վ. Մայակովսկի «Վարտիքավոր ամպը» պոեմ, մաս 3
Ո՞րն է տղամարդու երջանկության գաղտնիքը: Ալ Պաչինոյի մեջբերումները մտածող մարդկանց համար