fbpx

Դավիթ Հովհաննես – Հավերժական հայը

Այսօր կներկայացնեմ մեծ բանաստեղծ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ բանաստեղծություններից մեկը՝ «Հավերժական հայը», որը իր մեջ ունի մեծ ուժ: Բանաստեղծությունը թեև կարճ է բայց, ունի հզոր միտք․․․

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՅԸ

Ահա ե՛ս եմ, Հավերժական Հայը, կանգնած Եղեռնի ու Երկրաշարժի մեջտեղում, արնամած աչքերս հառած Մասիս սարին,
Եվ ինձ խփում են – տարերքը տակից, Աստված վերևից, թշնամին դեմից, բարեկամը մեջքից, Արևմուտքը աջից, Արևելքը ձախից,
Բայց ես չեմ վերջանում,
Ես տեսնում եմ արդեն Ահեղ Դատաստանի օրը,
Բայց ես Հայաստանն եմ, և ինձ սպանել հնարավոր չէ, որովհետև ես ամեն ինչ եմ, ամենուր ու անվախճան,–
Զավակ եմ փլատակված, մայր եմ խելագարված, հայր եմ չթաղված, դագաղ եմ չճարված, մատնամնացուկ եմ ջարդոտված, հող եմ սառած, անուն եմ մոռացված, հավատք եմ հալածված, երկինք եմ մթնած, քար եմ պատռված, գիր եմ ջնջված, ջուր եմ պղտորված, ծիծաղ եմ լռած, երգ եմ ընդհատված, սիրտ եմ կոտրված, հույս եմ կտրված, հոգի եմ ուրացած, մարմին եմ նյութացած, երկիր եմ փեռեկված, օրենք եմ մեռած, միտք եմ ըմբոստացած, Ադամ եմ արտաքսված, դրախտ եմ կորուսված, դժոխք եմ բացված, ընդերք եմ գազանացած, լավա եմ ժայթքած, ինքնաթիռ եմ խորտակված, խոյակ եմ խախտված, հաց եմ տրորված, գինի եմ թափված, Խոսք եմ բանտարկված, Բանաստեղծ եմ խաչված ու Աստվա՜ծ եմ եսացած,
Եվ Ահեղ Դատաստանի օրը ե՛ս պիտի նստեմ Աստծո փոխարեն,– և պիտի շնչա-վորեմ ու մխիթարեմ, հուղարկավորեմ ու հայթայթեմ, վերականգնեմ ու ջերմացնեմ, հիշեցնեմ ու դիմակայեմ, լուսավորեմ ու հարակցեմ, վերծանեմ ու պարզեմ, ձայնավո-րեմ ու շարունակեմ, ամոքեմ ու կեցուցանեմ, ընդունեմ ու ոգեղինանամ, միավորեմ ու սահմանեմ, հավատամ ու վերադառնամ, գտանեմ ու գոցեմ, խաղաղեցնեմ ու հունավորեմ, փրկեմ ու հաստատեմ, բարձրացնեմ ու հավաքեմ, ազատեմ, իջնեմ ու աստվածանա՜մ,
– ԱՍՏՎԱԾԱՆԱ՜Մ,–
Որովհետև Աշխարհի սկզբից ի վեր իմ մարմինն է հաց, և արյունս է գինի, և իմ խոսքն է Աստված, և Աստված եմ ես,
Եվ չեմ վերջանում,
Եվ նա, ով կերավ իմ հացն ու չկշտացավ, խմեց իմ գինին ու չհագեցավ, լսեց իմ Աստծուն ու չհավատաց, տեսավ ինձ ու չճանաչեց,–
Տարերք լինի թե Աստված, թշնամի թե բարեկամ, Արևմուտք թե Արևելք –
Ցա՛ծր է իմ առաջ, և պիտի պատասխա՜ն տա ինձ՝ Ահեղ Դատաստանի օրը,
Որովհետև ես Հավերժական Հայն եմ ու Հայաստանը,
Որովհետև ես ամեն ի՛նչ եմ, ամենո՛ւր ու անվախճա՛ն:

31 հունվարի, 1989

Հրապարակման ներկայացրեց՝ Բյուզանդ Զաքոյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Դավիթ Հովհաննես – Հավերժական հայը
Եթե «Գահակալության խաղեր» ֆիլմը նկարահանվեր Հնդկաստանում (լուսանկարներ)