Առակ սիրո մասին

Շատ վաղուց Երկրի վրա գոյություն ուներ կղզի, որում ապրում էին բոլոր հոգևոր արժեքները…. Գեղեցիկ և իմաստուն առակ:

Շատ վաղուց, Երկրի վրա գոյություն ուներ կղզի, որում ապրում էին բոլոր հոգևոր արժեքները: Բայց մի անգամ նրանք նկատում են, որ կղզին սկսել է ջրի տակն անցնել: Բոլոր արժեքները նստում են իրենց նավակները և հեռանում: Կղզում մնում է միայն Սերը: Նա սպասում էր մինչև վերջ, բայց երբ արդեն սպասելու ոչինչ չէր մնում, նրա մոտ նույնպես ցանկություն է առաջանում հեռանալ:

Այդ ժամանակ, նա կանչում է Հարստությանը և խնդրում, տեղ տալ նավի վրա: Բայց Հարստությունը պատասխանում է.

– Իմ նավի վրա շատ թանկարժեք իրեր և ոսկի կա, քեզ համար այստեղ տեղ չկա:

Երբ կողքով անցնում էր Տխրության նավը, Սերը խնդրում է, որպեսզի վերջինս իրեն վերցնի իր նավի վրա: Սակայն Տխրությունը պատասխանում է.

– Կներես Սեր, բայց ես այնքան տխուր եմ, որ պետք է միշտ մնամ միայնակ:

Հանկարծ Սերը նկատում է Հպարտության նավը և խնդրում է նրա օգնությունը, բայց նա էլ բացատրում է, որ Սերը կխախտի իր նավի հարմոնիան:

Կողքով անցնում էր Ուրախությունը, բայց սա էլ այնքան տարված էր ուրախությամբ, որ նույնիսկ չի լսում Սիրո օգնության ճիչերը:

Այդ ժամանակ Սերը սկսեց հուսալքվել: Բայց քիչ անց, հանկարծ, ետևից ինչ-որ մեկը ասում է.

– Գնանք Սեր, ես կվերցնեմ քեզ ինձ հետ:

Սերը շուռ է գալիս և տեսնում ծերունու: Ծերունին հասցնում է Սիրուն մինչև անվտանգ ցամաք: Եվ երբ ծերունին արդեն հեռու էր, Սերը հասկանում է, որ մոռացել է հարցնել անունը:

Այդ ժամանակ նա դիմում է Գիտելիքին.

– Ասա՛ ինձ Գիտելիք, ո՞վ էր նա, որ փրկեց ինձ:

Գիտելքը պատասխանում է.

– Դա Ժամանակն էր:

-Ժամանա՞կը, – կրկին հարցրեց Սերը, – բայց ինչո՞ւ նա ինձ փրկեց:

Գիտելիքը նայեց Սիրուն, հետո նայեց դեպի հեռուներ ուր գնացել էր Ժամանակը և պատասխանեց.

– Որովհետև միայն Ժամանակը գիտի, թե որքան կարևոր է կյանքում Սերը:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Առակ սիրո մասին