fbpx

Սևակի թարգմանություններից – Վ. Մայակովսկի «Վարտիքավոր ամպը» պոեմ, մաս 2

1-ին մասը Այստեղ

I.

Ի՞նչ է, կարծում եք, թե զառանցում է ինքը մալարիա՞ն:

Այս կատարվել է
և – Օդեսայում:

«Գալու եմ չորսին», – ասաց ինձ Մա՛րիան:

Ութն է:
Եվ իննը:
Տասն էլ է սահում:

Եվ հեռանալով լուսամուտներից՝
գիշերվա ահ ու զարզանդի մեջ է երեկոն մտնում,
ցուրտ դեկտեմբերյան
երեկոն խոժոռ:
Եվ քըրքըջում են նրա ետևից
ու խրխընջում են գիշերվա մթնում
աշտանակները մանրիկ ու խոշոր:
Չէի՛ն ճանաչի ինձ՝ այստեղ ստկված:
Ջղուտ զանգվածըս
ջղաձգվում է,
տնքում է,
հազում:
Ի՞նչ կցանկանար նման մի զանգված:
Իսկ այդ զանգվածը շա՜տ բան է ուզում:

Չէ՞ որ քեզ համար փույթ չէ այն, թե պաղ
բրոնզ ես ինքըդ,
ու սիտդ էլ՝ երկաթ-ճարպակալած չի՛:
Գիշերն ուզում ես զոզանջըդ տալ պահ
ինչ-որ փափկության,
այն էլ կանացի:

Եվ ահա հսկաս
գիշերվա կեսին
ապակին հալում ճակատիս հրով՝
լուռ սապատվում եմ լուսամուտի մեջ:

Լինելո՞ւ է սեր:
Արդյոք ինչպիսի՞-
պուճուրի՛կ մի սեր, թե՞ գուցե և մեծ:
Նման մարմնի մեջ
ինչպե՞ս ես ախար դու մեծ սեր գտնում:
Փոքրի՛կ կլինի, համե՜ստ մի սերիկ:
Նա ավտոների շչակից խրտնում,
բաժաժիկներն է սիրում ձիերի:

Կրկի՛ն ու կրկի՛ն,
դեմքըս՝ անձրևի ծաղկատար դեմքին,
խրված ցանցի մեջ նրա թացության,
սպասում եմ ես՝
թրջված ցայտքերով
քաղաքի հսկա մակընթացության:

Եվ կեսգիշերը, դանակ ճոճելով,
վազում-հասնում է,
«Տարե՜ք»  գոչելով՝
խփում դարանից:

Ժամը տասներկուսն ընկնում է՝
ինչպես
մահապարտյալի գլուխն է ընկնում կառափնարանից:
Ապակու վրա իրենց ոռնոցով կաթիլներն են գորշ
ձեն-ձենի տալիս՝
անվերջ դիզելով ծամածռումին նոր ծամածռում,
ասես պայիկներն ու ճիվաղներն են ոռնում անախորժ
Փարիզ քաղաքի սուրբ Աստվածամոր հայտնի տաճարում:

Ա՜խ, դու անիծվա՛ծ:
Ի՜նչ է, մի՞թե քեզ այսքանը բավ չի:
Շուտով, ա՛յ, ճիչից կպատառոտվի բերանս բացված:

Լսում եմ.
կամա՜ց,
ինչպես հիվանդը՝ բարձունքից մահճի,
մի նյարդ է ցատկում:
Եվ նախ կարկամած
մի կերպ ման գալիս,
հետո վազում է պարզորոշ
հուզված:
Եվըս երկուսը
մոլեգին դոփում, տեղում են տալիս՝
նրա հետ մեկտեղ մի եռյակ կազմած:

(շարունակելի)

 

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սևակի թարգմանություններից – Վ. Մայակովսկի «Վարտիքավոր ամպը» պոեմ, մաս 2
Ամենաալարկոտ Կենդանակերպի նշանները