fbpx

Գիտնականները սովորել են կառավարել մարդկանց երազները. ինչպես է դա իրականում աշխատում

Պատկերացրեք՝ քնած եք, երազ եք տեսնում, և հանկարծ ինչ-որ մեկը ձեզ հարց է տալիս։ Ընդ որում՝ դուք պատասխանում եք առանց արթնանալու։ Սա «Սկիզբը» ֆիլմի սցենարը չէ, այլ վերջին տարիներին իրականացված գիտափորձերի արդյունք։ Գիտնականներն ապացուցել են, որ մարդու հետ կարելի է երկկողմանի կապ հաստատել անմիջապես երազում։ Ընդ որում, ուղեղն այդ պահին շարունակում է երազ տեսնել և միաժամանակ վերլուծել արտաքին տեղեկատվությունը։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ինչպես են աշխատում գիտակցված երազները և կապը արագ քնի (REM) փուլում

Խոսքը գիտակցված երազների մասին է. մի վիճակ, երբ մարդը հասկանում է, որ ինքը քնած է։ Համաձայն հետազոտությունների՝ լիարժեք գիտակցված երազ գոնե մեկ անգամ տեսել է մարդկանց մոտ 55%-ը, իսկ մոտ 23%-ը նման փորձառություն ունենում է ամիսը մեկ կամ ավելի հաճախ։ Երկար ժամանակ գլխավոր խնդիրն ապացույցներ գտնելն էր, քանի որ չէր կարելի պարզապես հավատալ արթնանալուց հետո մարդու պատմածին։

Բեկումնային պահը վրա հասավ, երբ լաբորատորիաները սկսեցին ուսումնասիրել արագ քնի (REM) փուլը։ Այս ժամանակահատվածում ուղեղը գրեթե նույնքան ակտիվ է, որքան արթուն ժամանակ, մինչդեռ մարմինը կաթվածահար վիճակում է՝ բացառությամբ աչքերի։ Հետազոտողները նախապես պայմանավորվել էին մասնակիցների հետ. եթե նրանք գիտակցեն իրենց երազում, պետք է արձագանքեն աչքերի շարժումներով։

Գիտափորձն իրականում շատ պարզ էր. քնած մարդուն ականջակալներով հարց էին տալիս, օրինակ՝ «8-ից հանած 6»։ Մարդը երազում լսում էր դա և պատասխանում աչքերի նախապես պայմանավորված քանակի շարժումներով։ Պատասխաններն իրական ժամանակում ֆիքսվում էին էլեկտրաուղեղագրության (ԷՈՒԳ) միջոցով, ինչը բացառում էր «հետին թվով» հորինելու հավանականությունը։ Ուղեղն իսկապես հաշվում և արձագանքում էր։

Գիտափորձի ընթացքը. (A) Գրաֆիկը ցույց է տալիս մասնակիցների մեծամասնության համար նախատեսված ընդհանուր ընթացքը։ (B) Լաբորատորիայում յուրաքանչյուր սեսիա անցնում էր նույն սցենարով՝ տարբերվելով միայն գլուխկոտրուկներով։ Գիտակցված երազներն առաջանում էին գիտակցության նպատակաուղղված ռեակտիվացիայի (TLR) միջոցով։

Իսկ նոր հետազոտության շրջանակում քնած փորձարկվողներին որոշակի արտահայտություններով հիշեցնում էին այն գլուխկոտրուկի մասին, որն արդեն տեսել էին, և երբեմն հուշումներ էին տալիս։ Պայմանավորված ազդանշանների միջոցով (աչքերի շարժում, շնչառության փոփոխություն) նրանք երազում ցույց էին տալիս իրենց արձագանքը։

Կարդացեք նաև՝ Ինչի՞ մասին են իրականում զգուշացնում գիշերային երազները. նեյրովիրաբույժի կարծիքը, ոչ թե երազահանի

Հետաքրքիր է, որ գլուխկոտրուկի մասին ազդանշանն ստանալուց հետո փորձարկվողներն այսպես թե այնպես փորձում էին այն լուծել։ Վիզուալիզացիան (պատկերացումը) երազում տարբեր էր լինում.

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

«Ես մեքենա էի վարում… Շրջվեցի դեպի կողքիս նստած ընկերուհիս ու փորձեցի պատկերացնել, որ նա գիտափորձն անցկացնողն է… Ասում եմ. «Ինչպե՞ս ես լուծում չորս ֆիգուրներով գլուխկոտրուկը»։ Նա էլ թե՝ «Ճիշտն ասած՝ չգիտեմ։ Բավականին բարդ է»։ Ես էլ մտածեցի. «Դե ինչ, սա չօգնեց»»։

«Գետափին էի ու ցանցով ձուկ էի բռնում… Ինչ-որ բանի վրա էի աշխատում… կարծես գլուխկոտրուկ լիներ։ Ամենայն հավանականությամբ, դա ջունգլիների մասին գլուխկոտրուկն էր»։

«Խառնաշփոթ էր, պահարանի դարակներն էի քրքրում, այնտեղ թղթեր կային… Գլուխկոտրուկներն այն թղթերի վրա էին, որոնք ես թերթում էի… Ես դրանցից մեկը լուծեցի, և մի տեսակ փոքրիկ տոն ստացվեց ինձ մոտ… Թեև չեմ հիշում, թե կոնկրետ որը լուծեցի… Բայց հիշում եմ, որ երբ լսում էի ազդանշանները, համապատասխան նշաններ էի տալիս»։

Ինչո՞ւ կառավարել երազները

Սա պարզապես լաբորատոր հնարք չէ։ Դրա ներուժը շատ ավելի լուրջ է։

  • Մղձավանջների և ՀՏՍԽ-ի (հետտրավմատիկ սթրեսային խանգարում) թերապիա: Եթե երազում մարդուն կարելի է հուշել, որ կատարվողն իրական չէ, վախը կորցնում է իր ուժը։ Նման մեթոդներն արդեն իսկ փորձարկվում են կլինիկաներում։
  • Հմտությունների զարգացում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ շարժողական վարժությունները գիտակցված երազում կարող են բարելավել իրական ցուցանիշները. ուղեղն ակտիվացնում է նույն նեյրոնային ցանցերը, ինչ գործողությունը ֆիզիկապես կատարելիս։
  • Գիտակցության ուսումնասիրման գործիք: Քունն այն եզակի վիճակն է, որի ժամանակ մենք ամեն օր «անջատվում ենք» և նորից վերադառնում։ Քնած մարդու հետ հաղորդակցվելու հնարավորությունն օգնում է հասկանալ, թե որտեղ է անցնում գիտակցականի և անգիտակցականի սահմանը։

Գլուխկոտրուկի լուծման օրինակ իրական ժամանակում։ Երբ մասնակիցը աչքերի աջ ու ձախ շարժումներով (ընդգծված է վարդագույնով) ցույց տվեց, որ գիտակցված երազ է տեսնում, նրան ներկայացրին նախկինում չլուծված գլուխկոտրուկներից մեկի անվանումը (ձայնային ազդանշանի տևողությունն ընդգծված է կապույտով)։ Նա արագ շունչ քաշեց և արտաշնչեց (ընդգծված է կանաչով)՝ ցույց տալով, որ լսել է հուշումը և աշխատում է գլուխկոտրուկի վրա։

Ամեն ինչ չէ, որ միանգամից է ստացվում: Գիտակցված երազները մարզումներ են պահանջում։ Ամենահայտնի տեխնիկան MILD-ն է. քնելուց առաջ պետք է կրկնել «Ես կհասկանամ, որ քնած եմ» արտահայտությունը։ Ցերեկվա ընթացքում էլ օգտակար է «իրականության ստուգումներ» անել՝ պարբերաբար հարցնելով ինքներդ ձեզ, թե արդյոք սա երազ չէ։

Ի հայտ են գալիս նաև սարքեր, որոնք հետևում են REM-փուլին և մեղմ ազդանշաններ են տալիս՝ գիտակցությունն ակտիվացնելու նպատակով։ Սակայն սա դեռ զանգվածային կիրառություն չունի։

Փաստը մնում է փաստ. քնած ուղեղն ունակ է լսել, հաշվել և պատասխանել։ Քնի և իրականության միջև սահմանն այլևս այնքան էլ հստակ չէ, որքան թվում էր դեռևս տասը տարի առաջ։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Գիտնականները սովորել են կառավարել մարդկանց երազները. ինչպես է դա իրականում աշխատում
ԹԵՍՏ․ Դուք իրոք խելացի մարդ եք, եթե պատասխանեք բոլոր հարցերին
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց