fbpx

Որտեղի՞ց են ծագում Սիս, Մասիս և Արարատ ՀԱՅԿԱԿԱՆ Սուրբ լեռան անունները և ի՞նչ են նշանակում. հետաքրքիր բացահայտում

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր երկգագաթ լեռը (5.165մ) հայերը կոչել են Սիս և Մասիս: Մասիսը հայտնի է նաև Արարատ անունով: Հայոց պատմության շատ հարցերի ու հնագույն շատ անունների նման հայոց սրբազան լեռան Մասիս և Արարատ անունները ևս հետաքրքրել են ուսումնասիրողներին ու բազմաթիվ հարցերի տեղիք տվել: Իսկ հարցերը շատ են. ինչու՞ սրբազան այս լեռն ունի երկու անուն՝ Մասիս ու Արարատ, ո՞րն է հնագույնը, ի՞նչ են նշանակում Սիս, Մասիս և Արարատ անունները, ինչու՞ և ե՞րբ է սարը կոչվել Արարատ:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Սիս և Մասիս անունները լեռան հնագույն անուններն են: Հայկական լեռնաշխարհի (բարձրավանդակի) այլ լեռնագագաթներ ևս կրում են Մասիս անվանը մոտ անուններ: Այսպես. Վանա լճից հյուսիս գտնվող լեռը կոչվում էր Նեխ-Մասիք (Սիփան), Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմուտքում՝ Հայկական Միջագետքում գտնվող լեռը հունական և հայկական հնագույն գրավոր աղբյուրներում կոչվում է Մասիոս կամ Մասիոն (այժմ՝ Տուր-Աբդին): Ասուրական գրավոր աղբյուրներն այս լեռների համար օգտագործում են Քաշշիարի լեռներ անունը: Շումեր-աքադական «Գիլգամեշ» դյուցազնավեպից հայտնի է երկգագաթ Մասու կամ Մաշու անունով լեռը, որի հետևից ծագում և մայր է մտնում արևը, և որի վրա կանգ է առել Ուտնապիշտիի (Նոյի նախատիպը) տապանը: Մասու-Մաշուն հաճախ նույնացվում է Մասիոս-Մասիոն լեռների հետ: Սիս և Մասիս անունների ծագման մասին եղել են բազմաթիվ բացատրություններ ու տեսակետներ, որոնք շարունակվում են մինչ օրս: Հնագույնը պատմահայր Խորենացու բացատրությունն է: «Հայոց պատմություն» աշխատությունում նա գրում է, որ Մասիս անունը առաջացել է Հայկի թոռնորդի Ամասիայի անունից (Հայկ, Արամանյակ, Արամայիս, Ամասիա): Տեսակետներից մեկի համաձայն՝ Մասիս, Մաշու-Մասու անունները «զույգեր», «զույգ լեռներ», «երկվորյակ լեռներ» իմաստներն ունեն: Ըստ տարածված մեկ այլ տեսակետի՝ «Մասիս» անունը առաջացել է «մաս» բառից, քանի որ լեռը բաղկացած է երկու մասից և այլն: Սակայն լեռան վեհապանծ տեսքն այլ բան է հուշում: Սիսը և Մասիսը իրենց տեսքով (միայնակ, երկգագաթ) այն տպավորությունն են թողնում, որ ասես անմիջականորեն վեր են հառնել Մայր Երկրից, հողից և շատ ամուր կապված են հողին: Այլ դեպքերում բարձր լեռնագագաթները միայնակ չեն և անմիջականորեն կպած չեն մայր հողին: Դրանք լեռնաշղթաների բարձր գագաթներ են:

Մասիս (Սիս, Մա-Սիս) լեռան տեսքը հուշում է, որ Սիս անունը կարելի է կապել «կաթնաբեր մասունք մարց» բառի իմաստի հետ: Հնդեվրոպական (ճիշտը՝ Արիական կամ Հայեվրոպական) մի շարք լեզուներում հանդիպում են իմաստով և հնչողությամբ Սիս անվանը մոտ բառեր: Մա-սիս անվան «Մա»-ն հայոց լեզվում «սերել» իմաստն ունի, այն է՝ մայր: Հետևաբար կարելի է ասել, որ Մասիսը Մայր Սիս իմաստն ունի: Հայերը Սիս և Մասիս կոչելով Հայկական եռնաշխարհի գրեթե կենտրոնում գտնվող երկգագաթ այս լեռը՝ այն դիտել են իբրև Մայր Երկիրը, հողը սնուցող մասունքներ, որոնք իրենց բարձր գագաթներով տիեզերական կենսատու հոսք են ստանում և սնուցում անմիջականորեն իրենց կպած Մայր հողն ու երկիրը՝ Հայաստան աշխարհը: Հայտնի է, որ շումերները Ստորին Միջագետք են իջել Հայկական լեռնաշխարհի հարավային մասերից՝ տանելով իրենց հետ բնօրրանում ստեղծված մշակութային, այդ թվում՝ հավատա-դիցաբանական շատ արժեքներ: Անշուշտ, նրանք իմացել են Հայկական լեռնաշխարհում Սիս և Մասիս անուններով երկգագաթ սրբազան լեռան մասին և նոր հայրենիքում խոսելով ջրհեղեղի մասին, տապանի երկգագաթ սարը կոչել են Մասու-Մաշու: Ի դեպ, գագաթը, որի վրա կանգ է առել Ուտնապիշտիի (Նոյի նախատիպը) տապանը, կոչվում էր Նիսիր, որը հեռավոր նմանություն ունի Մասիս անվան հետ: Մասու-Մաշու երկգագաթ լեռը, որտեղից, ըստ «Գիլգամեշի», ծագում և մայր է մտնում արևը, պատկերված են նաև աքքադական կնիքների վրա, ընդ որում լեռները պատկերված են այնպես, ինչպես դրանք երևում են Միջագետքի՝ Մասիսը ձախ, իսկ Սիսը՝ աջ կողմում:

Հայերը սուրբ, աստվածային լեռ են համարում Մասիսը, որի գագաթին չպետք է դիպչի մահկանացու մարդու ոտքը: Հայոց հավատալիքներում լեռը պահպանում են քաջքերն ու վիշապազունները: Հիշենք Մովսես Խորենացու վկայությունը, երբ հայոց Արտաշես արքան անիծում է որդուն՝ Արտավազդին, ասելով. «Թե դու հեծնես, որսի գնաս Ազատն ի վեր, դեպի Մասիս, Քաջքերը քեզ բռնեն տանեն Ազատն ի վեր, դեպի Մասիս»: Մասիս լեռը պահպանող այս քաջքերն ու վիշապազունները հիշեցնում են «Գիլգամեշ» դյուցազնավեպի Մասու-Մաշու լեռների դարպասները պահպանող ու միայն աստվածների համար այն բացող մարդակարիճներին:

Կարդացեք նաև՝ «Գետը նրա անունով, կոչվում է Արաքս…»։ Արաքս գետի անվան ծագման մասին։ Նախկինում գետն ունեցել է մեկ այլ անուն

1255թ., երբ ֆրանսիացի ճանապարհորդ Ու. Ռուբրուքը ցանկանում էր բարձրանալ Արարատի գագաթը, մի հայ ծերունի համոզում է նրան չբարձրանալ՝ ասելով. «Ոչ ոք… պետք չէ բարձրանա Մասիսը, նա աշխարհի մայրն է»: Հայերի համար Մասիսի ձյունն անգամ սուրբ է համարվել:

Երբ 1829թ. Խ. Աբովյանը գերմանացի գիտնական Ֆ. Պարրոտի հետ բարձրացել է Մասիսի գագաթը, այնտեղից շշով ձյուն է բերել, որը պահել է իբրև սրբազան մասունք:

Այսպիսով՝ միանշանակ կարելի է ասել, որ Հայկական լեռնաշխարհի այլ մասերում գտնվող Նեխ-Մասիք, Մասիոս-Մասիոն, նաև Մասու-Մաշու լեռների անունների համար հիմք է հանդիսացել հայոց սուրբ լեռան Մասիս հնագույն անունը: Սուրբ լեռան համար օգտագործվում է նաև Արարատ անունը, որը Հայաստան երկրին (Արարատյան աշխարհ) տրվող հնագույն անուններից է: Արարատ (Արար-ատ) անունն իր իմաստով ու բացատրությամբ հասնում է արարչագործության ժամանակներ և «արարելու, ստեղծելու տեղ, վայր» իմաստն ունի: Արարատ անունը տարածվել է աշխարհում Բիբլիա-Աստվածաշնչի միջոցով: Ըստ Հին Կտակարանի՝ Համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանը կանգ է առել Արարատի լեռներին: Բիբլիա-Աստվածաշնչի եբրայերեն բնագիրը Հայաստանի համար օգտագործում է Արարատի թագավորություն (Ուրարտու) անունը, իսկ Նոյյան տապանի լեռը կոչվում է Արարատի լեռներ (լեռ): Ավելի ուշ՝ վաղ միջնադարում Բիբլիա-Աստվածաշնչի քրիստոնյա մեկնիչները Արարատի երկրում (լեռներում) գտնվող Նոյյան տապանի սարը նույնացրին հայերի կողմից Մասիս կոչվող լեռան հետ և Արարատ-Մասիսը Արարատ անվամբ համարվեց Նոյյան տապանի լեռ: Այսպիսով՝ Հայկական լեռնաշխարհի գրեթե կենտրոնում գտնվող սրբազան լեռան Մասիս անունը հայերի կողմից լեռանը տրված հնագույն անունն է և Մայր-Սնուցող (Մա-Սիս) իմաստն ունի, իսկ Արարատ անունը տրվել է ավելի ուշ՝ իբրև Արարատ-Ուրարտու երկրի կենտրոնում գտնվող լեռ, որտեղ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ հանգրվանել ու փրկվել են Նոյի սերունդները: Եվ Արարատ-Մասիս լեռան շուրջ ջրհեղեղից հետո սկիզբ դրվեց մարդկային նոր քաղաքակրթությանը:

Վահագն Նանյան

Աղբյուր


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Որտեղի՞ց են ծագում Սիս, Մասիս և Արարատ ՀԱՅԿԱԿԱՆ Սուրբ լեռան անունները և ի՞նչ են նշանակում. հետաքրքիր բացահայտում
Ինչպես սառեցնել ըմպելիքը 20 աստիճանով 2 րոպեում (տեսանյութ)