fbpx

Սմարթֆոնները քայքայում են ուղեղի աշխատանքն ու մարդու մոտ հոգեկան խնդիրներ առաջացնում

Նոր հետազոտությունը պարզել է, որ սմարթֆոնից կտրվել չկարողացող մարդկանց ուղեղն այլ կերպ է աշխատում։ Նրանց հուզական կենտրոնները գերգրգռված են, իսկ ինքնատիրապետման գոտիները՝ թուլացած։ Չինացի գիտնականները սկանավորել են երիտասարդների ուղեղն ու նեյրոնային կապերում հայտնաբերել կոնկրետ խանգարումներ, որոնք պատասխանատու են բացասական հույզերը հաղթահարելու կարողության համար։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Իրականում կա՞ արդյոք Սմարթֆոնից կախվածություն

Երբ գիտնականները խոսում են սմարթֆոնի խնդրահարույց օգտագործման մասին, նրանք նկատի չունեն պարզապես «հեռախոսի մեջ շատ նստելը»։ Խոսքն այնպիսի սովորությունների մասին է, որոնք իրականում խանգարում են առօրյա կյանքին։ Թեև այս վիճակը դեռ պաշտոնապես չի ճանաչվել որպես կլինիկական կախվածություն, հոգեբանական նշաններով այն շատ նման է ադիկտիվ (կախվածություն առաջացնող) խանգարումներին։ Երբ մարդու ձեռքից վերցնում են հեռախոսը, նրա մոտ կարող է առաջանալ զրկանքի համախտանիշի (աբստինենցիա) նման մի բան. աճում է տոլերանտությունը (հանդուրժողականությունը)՝ անընդհատ ավելի շատ ժամանակ հեռախոսով անցկացնելու պահանջ է առաջանում, իսկ վատ տրամադրությունը նա սկսում է «բուժել» լրահոսն անվերջ թերթելով (սքրոլինգով)։

Նախկինում արված հետազոտություններն արդեն իսկ կապել էին սմարթֆոնի չարաշահումը դեպրեսիայի, տագնապայնության և սոցիալական տագնապի հետ։ Սակայն մինչև հիմա շատ քիչ տվյալներ կային այն մասին, թե նեյրոնային կապերի մակարդակում կոնկրետ ինչ է կատարվում այդ մարդկանց ուղեղում։

Հետազոտողները հավաքագրել են 18-ից 25 տարեկան 72 առողջ ուսանողի։ Սմարթֆոնից կախվածությունը ստուգող ստանդարտ հոգեբանական թեստի արդյունքներով նրանցից 37-ը հայտնվել են «խնդրահարույց օգտագործողների» խմբում, իսկ մնացած 35-ը կազմել են ստուգիչ խումբը՝ առանց թվային կախվածության նշանների։

Բոլոր մասնակիցներին խնդրել են լրացնել հարցաթերթիկ, որով գնահատվել է բացասական հույզերը հաղթահարելու նրանց կարողությունը՝ արդյոք մարդը հասկանում է, թե կոնկրետ ինչ է զգում և որքանով է վերահսկում իր իմպուլսները, երբ տխուր է։ Դրանից հետո յուրաքանչյուրն անցել է ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ֆՄՌՏ)՝ հանգիստ վիճակում ուղեղի սկանավորում։ Մարդը պարզապես պառկած է՝ առանց որևէ առաջադրանք կատարելու, իսկ սարքը հետևում է, թե ուղեղի որ գոտիներն են համաժամանակյա ակտիվանում։ Եթե երկու հատված «բաբախում են» նույն ռիթմով, նշանակում է՝ դրանք ֆունկցիոնալ առումով փոխկապակցված են։

Գիտնականներին հատկապես հետաքրքրում էր նշաձև մարմինը (ամիգդալան)՝ ուղեղի խորքում գտնվող փոքրիկ մի կառույց, որն առանցքային դեր է խաղում հույզերի մշակման, վտանգների ճանաչման և հուզական արձագանքների ձևավորման գործում։

Ինչպե՞ս է փոխվում ուղեղը սմարթֆոնի պատճառով

Սկանավորման արդյունքները նկատելի տարբերություններ ի հայտ բերեցին երկու խմբերի միջև։ Սմարթֆոնի կախվածություն ունեցող մարդկանց մոտ աջ ամիգդալան շատ ավելի ուժեղ էր կապված քունքային բևեռի հետ՝ ուղեղի մի հատված, որը մասնակցում է սոցիալական մտածողությանը և հուզական հիշողությունների մշակմանը։ Գիտնականները ենթադրում են, որ սա կարող է արտացոլել մարդու գերզգայունությունը սոցիալական ազդակների նկատմամբ, ինչպիսիք են ծանուցումները, հավանումները կամ մեսենջերների հաղորդագրությունները։

Միևնույն ժամանակ, աջ ամիգդալան շատ ավելի թույլ էր «շփվում» թալամուսի, պրեկունեուսի և ուղեղիկի հետ։ Պրեկունեուսն այսպես կոչված պասիվ ռեժիմի ցանցի (default mode network) մի մասն է կազմում։ Այս ընդարձակ նեյրոցանցն ակտիվանում է այն ժամանակ, երբ մարդը կենտրոնացած չէ արտաքին աշխարհի վրա, և ուղեղը գտնվում է հանգիստ արթնության վիճակում, օրինակ՝ երազելիս կամ մտքերի մեջ խորասուզվելիս։ Պարզ ասած՝ սա այն ցանցն է, որը «միանում է», երբ դուք նայում եք պատուհանից և խորհում կյանքի մասին։ Այն օգնում է իմաստավորել սեփական ապրումները և կարգավորել հույզերը։ Այս ցանցի հետ թույլ կապը կարող է նշանակել, որ մարդու համար շատ ավելի դժվար է դարձել «նայել իր ներսն» ու հասկանալ սեփական զգացմունքները։

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

Նմանատիպ խանգարում հայտնաբերվեց նաև ձախ կողմում։ Ձախ ամիգդալան ուժեղացված կապ ուներ ստորին ճակատային գալարի հետ՝ այն հատվածի, որը պատասխանատու է իմպուլսների զսպման համար։ Կարծես թե սա դրական երևույթ է, բայց պարադոքսն այն է, որ ուշադրության գոտիների հետ ձախ ամիգդալայի այս գերկապվածությունը հանգեցնում էր հուզական ռեակցիաները կառավարելու լուրջ դժվարությունների։ Ամենայն հավանականությամբ, ուղեղն այս կերպ փորձում է կոմպենսացնել խնդիրը՝ գերբեռնելով վերահսկողության համակարգը, բայց դա արդյունք չի տալիս։

Կարդացեք նաև՝ Ինչպես նվազեցնել երեխայի կախվածությունը գաջեթներից

Ինչու՞ ուղեղիկն ավելի կարևոր գտնվեց, քան ընդունված էր կարծել

Ամենահետաքրքիր բացահայտումներից մեկն ամիգդալայի և ուղեղիկի միջև կապի թուլացումն է։ Մարդկանց մեծ մասն ուղեղիկն ընկալում է որպես «շարժումների համակարգման կենտրոն»։ Սակայն վերջին տարիներին նեյրոգիտությունը գնալով ավելի շատ է կարևորում դրա դերը ճանաչողական (կոգնիտիվ) գործընթացներում՝ մտածողության, ուշադրության և հույզերի խորը կարգավորման հարցում։

Հենց ամիգդալայի և ուղեղիկի միջև թույլ կապն էլ դարձել է ամենահուսալի ցուցիչը. որքան այն թույլ է, այնքան ուժեղ է կախվածությունը սմարթֆոնից։ Այս հայտնագործությունը հուշում է, որ ուղեղիկը կարող է շատ ավելի վճռորոշ դեր խաղալ մեր հուզական գործընթացներում, քան ընդունված էր կարծել նախկինում։

Ինչպե՞ս են սմարթֆոնները փոխում մարդու վարքագիծը

Հետազոտողները կարծում են, որ հայտնաբերված խանգարումներն արտացոլում են նյարդային համակարգի անհավասարակշռությունը. երբ հուզական կենտրոնները գերգրգռված են, իսկ կոգնիտիվ վերահսկողության համակարգերը՝ թուլացած։ Պատկերացրեք՝ հույզերի ձայնը միացված է առավելագույն ուժգնությամբ, իսկ այն իջեցնող կարգավորիչը կոտրված է։

Երբ ուղեղն ի վիճակի չի լինում ինքնուրույն հաղթահարել բացասական հույզերը, մարդու համար շատ դժվար է դառնում սթրեսը կամ տխրությունը հաղթահարել «իր ներսում»։ Եվ հենց այդ պահին ձեռքն ինքնաբերաբար ձգվում է դեպի սմարթֆոնը՝ արագ հոգեբանական շեղում գտնելու նպատակով։ Նորությունների հոսքը, կարճ տեսանյութերը, նամակագրությունը ակնթարթային թեթևացում են բերում։ Բայց ժամանակի ընթացքում նման վարքագիծը միայն ամրապնդում է կախվածությունը. ուղեղը սովորում է հույզերի կառավարումը «պատվիրակել» արտաքին սարքին, փոխանակ դրանց հետ ինքնուրույն գլուխ հանելուն։ Արդյունքում ստեղծվում է արատավոր շրջան։

Ի՞նչը դեռ հայտնի չէ, և ինչու՞ է վաղ եզրակացություններ անել

Կարևոր է հասկանալ մի բան. այս հետազոտությունը կարծես ակնթարթային լուսանկար լինի, այլ ոչ թե ֆիլմ։ Գիտնականները ֆիքսել են մարդկանց երկու խմբերի միջև առկա տարբերությունները կոնկրետ ժամանակահատվածում, բայց հստակ չեն կարող ասել, թե որն է պատճառը, իսկ որը՝ հետևանքը։ Միանգամայն հնարավոր է, որ սմարթֆոնի չարաշահումն իսկապես փոխում է ուղեղի նեյրոնային կապերը։ Սակայն ոչ պակաս հավանական է նաև հակառակ սցենարը. ուղեղի որոշակի առանձնահատկություններ ունեցող մարդիկ ի սկզբանե կարող են ավելի խոցելի լինել թվային կախվածության նկատմամբ։

Հետազոտության ընտրանքը բավականին փոքր է՝ ընդամենը 72 ուսանող՝ 18-ից 25 տարեկան։ Այս տարիքում ուղեղը դեռ ակտիվորեն ձևավորման փուլում է, հատկապես՝ ինքնատիրապետման համար պատասխանատու նախաճակատային շրջանները։ Հետևաբար, պարտադիր չէ, որ արդյունքները կիրառելի լինեն 30-ն անց մարդկանց պարագայում։ Ավելի վստահելի եզրակացությունների համար անհրաժեշտ են երկարաժամկետ հետազոտություններ, որոնք մի քանի տարի շարունակ կհետևեն միևնույն մարդկանց ուղեղում տեղի ունեցող փոփոխություններին։

Այնուամենայնիվ, այս հետազոտությունը կարևոր մեկնարկային կետ կարող է դառնալ։ Առաջին անգամ հաջողվել է մանրամասն քարտեզագրել, թե կոնկրետ ինչպես է ամիգդալան «շփվում» մնացած ուղեղի հետ սմարթֆոնից կախվածություն ունեցող մարդկանց մոտ, և ապացուցել, որ այդ խանգարումները պայմանավորված են հուզական կոնկրետ դժվարություններով։ Հեղինակները հուսով են, որ իրենց տվյալները հիմք կծառայեն ապագա միջամտությունների մշակման համար, օրինակ՝ նպատակային թերապիայի այնպիսի մեթոդների, որոնք կօգնեն մարդկանց վերականգնել բացասական հույզերն ինքնուրույն հաղթահարելու կարողությունը՝ ամեն հինգ րոպեն մեկ հեռախոսից չկառչելով։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Սմարթֆոնները քայքայում են ուղեղի աշխատանքն ու մարդու մոտ հոգեկան խնդիրներ առաջացնում
Ըստ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ նշանի, ո՞րն է Ձեր ամենամեծ վախը
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց