Գիտնականները հերքում են մարդու ծագման ամենատարածված վարկածը՝ իբր մենք բոլորս առաջացել ենք Աֆրիկայում ապրող մեկ նախնական խմբից։ Պարզվում է՝ մեր արմատները շատ ավելի խորն են ու խճճված. մարդիկ ձևավորվել են իրար հետ մշտապես գեներ փոխանակող պոպուլյացիաների բարդ ցանցի արդյունքում։
Ի՞նչ են պարզել գիտնականները
Կալիֆոռնիայի Դևիսի համալսարանի պրոֆեսոր Բրեննա Հեննի գլխավորած թիմը 2023-ին համեմատեց ժամանակակից աֆրիկացիների և հնագույն Homo sapiens-ների գենետիկական տվյալները (հաղորդում է Science Daily-ն):
Միացե՛ք մեր Telegram ալիքին
Բաց մի թողեք նոր հոդվածներն ու էքսկլյուզիվ վերլուծությունները։ Կարդացեք ամենակարևորը՝ առաջինը։
Արդյունքում ստեղծվեց էվոլյուցիայի միանգամայն նոր մոդել։ Սովորական, գծային տոհմածառին փոխարինելու եկավ սերտ փոխկապակցված ճյուղերի մի ամբողջ ցանց։ Գիտական լեզվով ասած՝ նախկին «ծառի» մոդելից անցում կատարվեց «հյուսված գետի» (braided stream) մոդելին։ Այստեղ հոսանքները բաժանվում ու նորից միախառնվում են, ինչն անիմաստ է դարձնում երկրագնդի որևէ աշխարհագրական կետում մեկ միասնական «նախամոր» կամ «նախահոր» փնտրտուքը։
Թեև հետազոտողները հիմնականում համամիտ են, որ Homo sapiens-ը ծագել է Աֆրիկայում, գլխավոր հարցը մնում է բաց. ինչպե՞ս են վաղ մարդկանց խմբերը բաժանվել, տեղաշարժվել, նորից միավորվել ու ազդել միմյանց վրա մայրցամաքի ներսում։
«Անորոշության պատճառը ոչ միայն հնագույն ԴՆԹ-ի ու բրածոների սակավությունն է, այլև այն, որ գտածոները հաճախ չեն արդարացնում ժամանակակից գեների հիման վրա ստեղծված մոդելների սպասումները։ Մեր հետազոտությունը արմատապես փոխում է տեսակի ծագման մասին պատկերացումները»,— նշում է պրոֆեսոր Հեննը։
Նամա ժողովրդի գենոմի առանցքային դերը
Մասնագետները ստուգել են մարդու միգրացիայի ու էվոլյուցիայի մի քանի մրցակցող վարկածներ՝ ուսումնասիրելով Հարավային, Արևելյան և Արևմտյան Աֆրիկայի գենոմային տվյալները։
Աշխատանքի առանցքում Հարավային Աֆրիկայում ապրող նամա ժողովրդի ներկայացուցիչների՝ վերջերս վերծանված 44 գենոմներն են։ Այս բնիկները հայտնի են գենետիկական ֆանտաստիկ բազմազանությամբ։ Նամա ժողովուրդը պատկանում է կոյսանական (Khoe-San) էթնոլեզվական խմբին, որի գեները պարունակում են մարդկության պատմության ամենահին ճյուղավորումները։ Էվոլյուցիոն կենսաբանների համար սա իսկական «կենդանի գրադարան» է։
2012-2015 թվականներին գյուղաբնակներից հավաքված թքի նմուշներն օգնեցին պարզել կարևոր մի հարց. արդյո՞ք մենք ծագում ենք մեկ կոնկրետ աղբյուրից, թե՞ գործ ունենք շատ ավելի լայն ու փոխկապակցված գործընթացի հետ։
Բաժանում և շարունակական միաձուլում
Ըստ ամենաիրատեսական սցենարի՝ մարդկանց խմբերի ամենավաղ բաժանումը, որի հետքերը դեռ կան ժամանակակից մարդկանց գեներում, տեղի է ունեցել 120,000–135,000 տարի առաջ։ Բայց մինչ այդ բաժանումը, Homo ցեղի երկու կամ ավելի խմբեր հարյուր հազարավոր տարիներ շարունակ խառնվել ու գեներ են փոխանակել։
Ստացվում է, որ մեր արմատները տանում են ոչ թե դեպի մեկ կղզիացած պոպուլյացիա, այլ մշտապես շփվող խմբերի մի ամբողջություն։ Հեղինակները վստահ են՝ հենց այս ցանցային մոդելն է շատ ավելի լավ ու տրամաբանական բացատրում մարդկային ներկայիս գենետիկական բազմազանությունը, քան հին մոտեցումները։
Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ է բնությունը սահմանափակել մարդու կյանքը՝ ընտրելով 125 տարին
Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, վաղ մարդկանց բրածոների մասնագետ Թիմ Ուիվերը պնդում է, որ այս արդյունքները պետք է ստիպեն գիտնականներին վերանայել հնացած տեսությունները։
Բացի այդ, սա էապես փոխում է նաև պալեոնտոլոգիական գտածոների ընկալումը։ Հետազոտողների տվյալներով՝ ժամանակակից մարդկանց միջև եղած գենետիկական տարբերությունների ընդամենը 1-4%-ն է գալիս մեր հնագույն նախնիների առանձնացված խմբերից։ Այս փաստը ջախջախում է ռասայական ու կենսաբանական խորը տարբերությունների մասին կարծրատիպերը՝ ապացուցելով, որ գլոբալ գենետիկական ժառանգության ճնշող մեծամասնությունը ընդհանուր է բոլորիս համար։
Եզրակացությունը մեկն է. մարդկության արմատները հավանաբար շատ լայն են եղել թե՛ աշխարհագրորեն, թե՛ գենետիկորեն, սակայն դա չի հանգեցրել իրարից կտրուկ տարբերվող մարդկային ձևերի առաջացմանը։
Հետագա հետազոտություններն ու նոր ապացույցները
2023-ի այս աղմկահարույց ուսումնասիրությունից հետո ի հայտ եկան նոր բացահայտումներ.
- 2024-ին Nature Ecology & Evolution հանդեսը հրապարակեց մի հոդված, ըստ որի՝ Աֆրիկայի ծայր հարավում արձանագրվել է գենետիկական անընդհատության (շարունակականության) զարմանալի փաստ՝ տևած մոտ 9000 տարի։
- Իսկ 2025-ին հեղինակավոր Nature-ում լույս տեսած մեկ այլ աշխատություն վերլուծեց Հարավային Աֆրիկայի 28 հնագույն բնակիչների գեները, որոնք ապրել են 10,200-ից մինչև 150 տարի առաջ։ Պարզվեց, որ այդ հնագույն մարդկանց գենետիկական բազմազանությունն անգամ գերազանցել է ժամանակակից մարդկանց ցուցանիշները։
Այս ամենը գալիս է ապացուցելու մի պարզ ճշմարտություն. մարդու առաջացումը մեկ վայրում տեղի ունեցած եզակի ակտ չէր։ Մենք ձևավորվել ենք աֆրիկյան խորը բազմազանության, բազմաթիվ պոպուլյացիաների ու ողջ մայրցամաքում նրանց դարավոր, անընդհատ շփումների արդյունքում։








