fbpx

Պարույր Սևակ – Թութակի կարոտ (ասմունք-հոլովակ)

Ներկայացնում ենք Ձեզ հրաշալի մի հոլովակ, որտեղ հնչում է Պարույր Սևակի «Թութակի կարոտ» բանաստեղծությունը։

Կարդում է` Ալլա Քոչարը (ALLA QOCHAR)
Երաժշտությունը` Հենրիկ Պանգրադյան (HENDO)

Թութակի կարոտ

Ես հոգնել եմ, շա՜տ:
Ու կան վայրկյաններ,
Երբ ես ասում եմ.
-Էլ քեզ չեմ սիրում:
Սակայն ասում եմ այնքա՜ն մտքիս մեջ,
Ասես կողքիս ես և լսես պիտի:

Իսկ մեզ յո՜թ միլիոն մետր է բաժանում…

Ու մինչև անգամ եթե դու լսես,
Միթե՞ կլինես այնքա՜ն միամիտ,
Որ ինձ հավատաս:
Այդպես հեշտ ու շուտ հավատացողին
Իրոք չեմ սիրում:

Բայց ինչու՞ եմ զուրկ,
Ես ինչու ՞ եմ զուրկ
Բոլոր հաճելի թուլություններից.
Ոչ հավաքում եմ իրեր հին ու նոր,
Ոչ ձուկ եմ բռնում, ոչ որսի գնում,
Ծառ պատվաստելու ցանկություն չունեմ,
Ու տանս մեջ էլ շներ չեմ սնում…

Գոնե տանս մեջ … թութա՜կ պահեի:

Ու թե տանս մեջ թութա՜կ պահեի`
Կվարժեցնեի ես նրան հիմա,
Որ վաղնջական գուշակի նման
Մի՜շտ ու շարունակ միայն կրկներ .
– Էլ քեզ չե՜մ սիրում…

Սակայն զուրկ եմ ես
Բոլոր օգտակար թուլություններից
Ես զուրկ եմ այնքան,
Որ մինչև անգամ
Թութա՜կ պահելու թուլության չունեմ:
Եվ ապաստանած լոկ մի թուլության,
Որ սեր է կոչվում
Եվ գլխիս վրա դարձել է … տանիք
Ու… գլխարկի պես գլխիս է դրվել,
Ապրում եմ այսպես
եվ այսպես քայլում `
Գլխարկի տեղակ… գլխիս մի տանի՜ք.
-Մի նոր խեղկատակ,
Որին չե՞ն տեսնում,
Իսկ թե տեսնում են`
Ինչու՞ չեն հապա քրքջում վրաս…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պարույր Սևակ – Թութակի կարոտ (ասմունք-հոլովակ)
Դաժան նկարազարդումներ, որոնք ծաղրում են ժամանակակից մարդու թերությունները