fbpx

Սևակի թարգմանություններից – Վ. Մայակովսկի «Վարտիքավոր ամպը» պոեմ, մաս 4

ՄԱՍ 1

ՄԱՍ 2

ՄԱՍ 3 

II

Փառաբանե՛ք ինձ,
թեպետ մեծերին բնավ չեմ սազում:
Ես ամե՜ն բանի, ինչ որ արված է,
դնում եմ «nihill»:

Երբեք ո՛չ մի բան կարդալ չեմ ուզում:
Գըրքե՞ր:
Ո՞ւմ են պետք –
նոր լինեն թե հին:

Կար մի ժամանակ, երբ կարծում էի,
թե գրքերն ահա այսպես են սարքում.
պոետը գալիս,
բերանն է բանում և – ի՜նչ բառ փնտրել.
միանգամից է այդ ոգեշընչված ցանցառը երգում –
համեցե՛ք, խընդրեմ:
Բզնից պարզվում է՝
երգելու համար կա ուրիշ պայման.
քայլում են երկար՝
մինչև եփ գալուց կոշտուկապատվեն
և թփըրտալով ներս է ընկըղմում
հիմար տառեխը երևակայման,
ներս է ընկըղմում
սրտի մութ տիղմում:
Քանի հանգերն են անվերջ ճզվզում՝
ապուր եփելով սիրուց և սողշխակ կոչված թռչունից,
ջղաձըգվում է փողոցն անլեզու.
ո՛չ մի ճչալիք, ասելիք չունի:

Մեր գոռոզացած ձեռքով, վերըստին,
սև քաղաքների նոր բաբելոնյան
աշտարակներն են հառնում ու հառնում,
իսկ աստված
կրկին այդ քաղաքներն է վերածում արտի,
բարբառը խառնում:

Փողոցն իր ցավն է հազիվ քարշ տալիս:
Նրա կոկորդից ճիչն է դուրս ցըցվում:
Թըմփլիկ taxci-ներ ու կառքեր լղար
փքվելով գալիս ու բուկն են խցվում:
Ոտնահետքել են կարծես փողոցի կուրծքը բովանդակ,
որ և տափակ է անգամ թոքախտից:

Քաղաքը ճամփան մթով է փակել:

Եվ այսուհանդերձ,
երբ ազատվելով կոկորդի վրա հարձակվող գաղթից՝
նա հաջողում է ողջ հրմըշտոցը հրապարակ թքել,
թվում է, թե ա՛յ,
հրեշտակապետաց երգվող խորալով
աստված
կողոպտված
գալիս է ահա պատիժ թափելու:
Մինչդեռ փողոցն է պպզել՝ գոռալով.
«Գնանք լափելու»:

Կըրուպիկները ու կըրուպները
քաղաքի դեմքին գրիմ են դնում՝
ահեղ հոնքերի կնճիռներ դաժան,
իսկ դիակկները մեռած բառերի
նեխում են ահա նրա բերանում,
միայն երկուսն են ապրում-գիրանում՝
«բորշչ»,
մեկ էլ կարխես
ինչ-որ մի «խուժան»:

Պոետներ՝
թրջված դառըն փղձուկից ու լացից կերկեր,
փողոցն են իսկույն լքում՝ վազելով
խռիվ մազերով.
«Այդ երկու բառով ախար ո՞նց երգել
և՛ սեր,
և՛ օրիորդ,
և՛ ծաղիկ՝
վրան անապակ շաղիկ»:

Իսկ նրա պոչից –
հազարներ՝ քուչից.
կապալառունե՛ր,
ուսանող տղե՛րք,
անառակ կանա՛յք:

Սպասե՛ք մի պահ.
դուք մուրացկան չեք,
ինչո՞ւ եք հապա
մուրալ հանդգնում,
է-հե՜յ, պարոնա՛յք:

Մենք՝
առողջներըս,
որ սաժենանոց քայլեր ենք գցում,
պիտի չլսե՛նք, այլ պոկե՜նք նրանց,
որ երկտեղանի մահճակալների արյունն է ծծում՝
կպչելով իբրև ձրի հավելված:

Մե՞նք նրանց հայցենք.
«Մեզ ողորմացեք», –
հենց ա՜յդ էր պակաս:
Մե՞նք խնդրենք օրհներգ կամ օրատո՛րիա:
Ո՛չ, մենք ենք կերտում հիմնը ապագա՝
ա՛յն ժխորի մեջ,
ուր հռնդում են հազար ֆաբրիկա, լաբորատո՛րիա:

Եվ ի՞նչ գործ ունեմ ես Ֆաուստի հետ,
որ շլացուցիչ իր հրթիռներով
Մեֆիստոֆելի առաջնորդությամբ սահում է անվերջ
պարկետի վրա երկնաօդային:
Ես գիտեմ՝
մեխը իմ կոշիկի մեջ
շատ ավելի է մղձավանջային,
քան թե ֆանտազիան իրեն Գյոթեի:

Ես՝
ամենամեծ ոսկեբերանըս,
ում ամեն բառը
նորածնում հոգի,
հետն էլ մարմին է անվանակոչում,
ես ձեզ եմ գոչում.
ամենամանրիկ փոշին կենդանի
ավելի թանկ է,
քան թե այն, որ այդ ոսկեբերանը
արել է արդեն և պիտի անի:

(շարունակելի)

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Սևակի թարգմանություններից – Վ. Մայակովսկի «Վարտիքավոր ամպը» պոեմ, մաս 4
Սիրահարները երկար տարիներ բաժանումից հետո կրկին հանդիպում են իրար (տեսանյութ)