fbpx

Գրիգոր Նարեկացի – Մատյան Ողբերգության

ԲԱՆ Ա

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Ձա՜յն հառաչանաց հեծութեան ողբոց սրտից աղաղակի
Քեզ վերընծայեմ, տեսողդ գաղտնեաց,
Եւ մատուցեալ եդեալ ի հուր թախծութեան անձին տոչորման
Զպտուղ ըղձից ճենճերոյ սասանեալ մտացս՝
Բուրվառաւ կամացս առաքել առ քեզ։
Այլ հոտոտեսցի՛ս, հայեսցի՛ս, գթած,
Քան ի պատարագն բոլորապտուղ,
Մատուցեալ ծխոյն բարդութեան։
Ընկա՛լ զսակաւամասնեայ յաւդուածս բանից՝
Քեզ ի հաճութիւն և մի՛ ի բարկութիւն։
Ելցէ՛ ի խորոց աստի զգայութեանց խորհրդակիր սենեկիս՝
Վաղվաղակի ժամանել առ քեզ՝
Կամաւորական նուէր բանական զոհիս,
Ողջակիզեալ զաւրութեամբ ճարպոյ,
Որ յիսն է պարարտութիւն։
Եւ ի դնելս իմ ընդ քեզ դատ՝ խառնեալ աղերսիւ, հզաւր,
Մի՛ իբրև զհամբարձումն ձեռաց ամբարշտեալն Յակոբու,-
Ըստ բողոքելոյն Եսայեայ,-
Եւ զանիրաւութիւնն Բաբելոնի
Տաղտկալի քեզ երևեսցի,
Զոր առակ ևթանասներորդի երկրորդի սաղմոսին ազդէ,
Այլ իբր զբուրեալ խունկն հաճոյական՝ ի խորանին Սելովայ,
Զոր Դաւիթն կանգնեալ նորոգեաց
Տապանակին հանգստեան, ի գերութենէն դարձելոյ,
Որ ի վերստին գիւտ կորուսեալս հոգւոյ առակի,
Ընդունելի՛ կամաց քոց լիցի։

Բ

Բայց քանզի ձայնդ ահաւոր դատաստանիդ հատուցման,
Ուժգինս հնչեցեալ ի ձորն վրէժխնդրութեան,
Կրկինս ինձ երկնէ մարտից յարուցմունս՝
Այժմէն գուշակեալ շարժմունս յուզմանց ներհակականաց,
Որ յիմումս անձին ցուցանի,
Խռովութիւնս ամբոխից՝
Հարեալք ընդ միմեանս զէն առ սուսեր,
Խորհրդոցն հոյլք չարեացն ընդ բարիսն,
Եւ գերեալ զիս ի մահ, ըստ հին դիպուածոյն,
Որ նախ քան զշնորհին ժամանելն առ իս,
Զոր ընտրեալն առաքելականացն դասուց Պաւղոս,
Աւրինակ առեալ զՄովսէս,
ԶՔրիստոսի փրկութիւնն յաղթող ցուցանէ։
Վասն զի թէ՝ Մերձ է աւր Տեառն, որպէս Գիր ասէ,
Ի հովիտն անձուկ ասպարիսին Յովսափաթու
Եւ հեղեղատին Կեդրոնի՝
Փոքր հանդիսարանացն իրաւանց ժամադրութեանց,
Որ կենցաղականաւ այսր յաւիտենիւ
Զհանդերձելոցն ինձ կերպաւորեն,
Ապա ևս յաւէտ մերձեցաւ ի վերայ իմ
Արքայութիւնն Աստուծոյ մարմին եղելոյ՝
Մեծապէս գտեալ զիս առիթ վնասուց բազմաց տոկոսեաց՝
Զանազան մասանց յանդիմանողաց ճշմարտապատմից,
Քան զձեռին նորին վերակացումն անդ ուրեմն երբեմն
Ի հարուածսն եդոմայեցւոց և փղշտացւոց
Եւ այլոց բարբարոս ազգաց։
Քանզի այն ընտրութիւն ամաւք չափեցաւ,
Իսկ պատուհաս իմումս պարտուց
Առանց աւարտման ունի զսահման։
Ահ, գուբ և որոգայթ անճողոպրելի,
Ըստ մարգարէին և առակողին,
Տագնապաւ մեծաւ առ դուրս ինձ հասեալ,
Զամաւթն մշտնջենաւոր աստէն գծագրեն։
Զոր միայն քո է հրաշագործել
Պտուղս դեղոց ի հնարս կենաց՝
Ամենավարան տարակուսանաց հոգւոց վտանգից, քաւիչ ամենայնի,
Գովեալ ի փառս անճառս անսահմանելի բարձրութեան
Յաւիտեանս յաւիտենից։
Ամէն։
――――――――――――


🎥 Նոր տեսանյութ.

Շարունակությունը կարդա հաջորդ էջում

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4.25 из 5 )
MediaMag
Գրիգոր Նարեկացի – Մատյան Ողբերգության
Սև շերտագիծ: Ինչի՞ մասին պետք է հիշել կյանքի դժվարին իրավիճակներում