fbpx

Գրիգոր Նարեկացի – Մատյան Ողբերգության

ԲԱՆ Ը

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Եւ արդ, զի՞նչ գործեսցես, անձն իմ կորուսեալ,
Կամ ո՞ւր թաքիցես, կամ զիա՞րդ ապրեսցիս,
Կամ ո՞րպէս ելցես ի մեղացդ բանտէ,
Քանզի բազում են պարտիքդ, և անթիւ՝ հատուցմունքն,
Սաստիկ կշտամբանքն, և անվախճան՝ նախատինքն,
Անողորմ են հրեշտակքն, և անկաշառ՝ դատաւորն,
Հզաւր՝ ատեանն, և անաչառ՝ բեմն,
Քստմնելի՝ սպառնալիքն, և անողորմ՝ հատուցմունքն,
Ահարկու՝ հրամանն, և մերկապարանոց՝ յանդիմանութիւնն,
Հրեղէն են գետքն, և անանցանելի՝ վտակքն,
Թանձրամած՝ խաւարն, և արտաքոյ այցելութեան՝ մառախուղն,
Ապականութեան է գուբն, և մշտնջենաւոր՝ տագնապն,
Ամենագրաւ է տարտարոսն, և անզերծ՝ սառնամանիքն։
Եւ արդ, արդարև քեզ են գանձեալ դառինքս այսոքիկ
Դժնդակք և տաժանելի աւթևանք անըմբերելեացդ պատուհասից,
Ո՛վ անարժան անձն իմ մեղաւոր, չարագործ, պոռնիկ,
Բազմաբիծ և սահման անդաստանի բնաւին անմաքրութեան։
Ահա զարդիւնս գործոց ձեռաց քոց ժառանգեսցես,
Թիւրեալդ ի յուղղութեանց և զառածեալդ ի մաքրութեանց,
Տարագրեալդ յարդարութեանց և ի կարգաց պարկեշտութեանց,
Ունայնդ ի լիութեանց հոգեպարգև հարստութեանց,
Նախանձարկու բարերարին և ամենակալ թագաւորին։

Բ

Եւ քանզի կառուցեր քեզ անել արգելան և անփախչելի որոգայթ՝
Խոստովանեալդ քեզէն զանբժշկականդ քո վէր
Եւ զանաւրինակդ քո հարուած,
Վկայելով զանձինդ պարտական մահու զանբուժելիդ բեկութիւն,
Ո՛չ չարդ ի բարեաց,
Ո՛վ դառնութիւնդ ի քաղցրութեանց,
Ո՛վ խաւարդ ի լուսազարմից,
Ո՛վ կապտեալդ ի պճնելոց,
Ո՛վ դսրովեալդ ի գովելոց,
Ո՛վ ամբարիշտդ ի բարեպաշտից,
Ո՛վ շնչականդ ի բանականաց,
Ո՛վ անմիտդ ի մտաւորաց,
Ո՛վ անհանճարդ յիմաստնոց,
Ո՛վ անմաքուրդ յընտրելոց,
Ո՛վ մահացուդ ի կենդանեաց,
Ո՛վ խոհերականդ ի սրբոց,
Ո՛վ արբշիռդ ի պարկեշտից,
Ո՛վ կեղծաւորդ յարդարոց,
Ո՛վ անպիտանդ ի պիտանեաց,
Ո՛վ անարգդ ի փառաւորաց,
Ո՛վ նուազդ յառաւելութեանց,
Ո՛վ գերիդ ի գերագունից,
Ո՛վ նուաստագոյնդ ի վեհից,
Ո՛վ աղքատդ յընչեղաց,
Ո՛վ անարժանդ ի փրկութեանց,
Ո՛վ տնանկդ ի բարձրութեանց
Եւ ի հոգևոր հարստութեանց
Եւ հատուածեալդ յաւրհնելոց։

 

ԲԱՆ Թ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Եւ արդ, զի՞նչ արժանաւոր ըստ քեզ բամբասանս շարագրեցից
Ի կտակ մաղթանաց մատենի այսր ողբերգութեան,
Ո՛վ անձն իմ թշուառ, ամենապատկառ
Եւ առ պատասխանիս բանից անբարբառ,
Անպիտան Աստուծոյ և սրբոցն մասնակցութեան։
Զի եթէ զլիճ մի ծովուց ի յորակութիւն դեղոյ յեղյեղեցից,
Եւ զդաշտս ասպարիսաւք բազմաւք սահմանեալ՝
Ի տարածումն լայնութեան քարտենի չափեցից,
Եւ զպուրակս յոգունց անտառաց շամբից եղեգանց
Ի հատուածս գոյութեան գրչաց կազմեցից,
Եւ ո՛չ զթիւ մի ի բարդելոցն անաւրէնութեանց
Զաւրեցից ընդ գրով սահմանի գրաւել.
Նա զի թէ զմայրս Լիբանանու ի մի լուծ կշռոց զաւդեցից,
Եւ կամ զլեառն Արարատեան
Ի կէտ ամբարձման նժարի միոյ
Արդարութեան միջնորդ կացուցից,
Ո՛չ հաւասարէ այնր հարթութեան համազուգակցել։

Բ

Ծառս ամբարձուղէշ, ստուարաստեղն,
Տերևալից՝ ունայն ի պտղոց,
Նմանակից յաւէտ հարազատ այնր թզենւոյ,
Զոր Տէրն գաւսացոյց։
Քանզի սաղարթաւք վարսից,
Այս է՝ արտաքին դիմաւք բարեշուք կերպից,
Իբր պսակաւ իմիք պաճուճեալ,
Բացականացն գոս բաղձալի,
Իսկ եթէ մերձեսցի տնկողն խուզել զխնդրելին,
Գտցէ զքեզ ունայն ի բարեաց
Եւ գարշելի ի գեղեցկութեանց՝
Ծաղր տեսողաց և նշաւակութիւնք նախատողաց։
Զի եթէ ապաժաման յանզգոյշ ժամուն
Հերապանծ տունկն պտղակորոյս, անկենդան,
Որ դոյզն պատկեր է անպատրաստից,
Եկն ընդ անիծիւք,-
Եւ կամ երկիր, ոռոգեալ ցաւղով,
Եւ ոչ բազմապատիկ զաւանդս արգասեաց
Երկրագործութեան տածողացն մատուցանէ՝
Լքեալ մոռանի,-
Իսկ դու, ո՛վ անձն իմ եղկելի,
Սահման բանաւոր և տունկ կենդանի,
Եւ ոչ ի ժամու իւրում պտղաւոր,
Ի՞բր ոչ զնոյնն կրեսցես պատիժ նախնում առակիդ։
Վասն զի զհամայնն ընկալար ի քեզ անպակաս յառաւելութեանց,
Սկզբնաւորեալ ի մարդն առաջին
Եւ մինչև ի սպառումն ծննդոց նորին,
Զբերս գործոց նանրութեանց և զգիւտս նորոգս՝
Ատելիս և անախորժելիս հաստողին զքեզ՝ Աստուծոյ։

Գ

Եւ վասն զի եդի զքեզ նպատակ
Հանդէպ երեսաց տեսութեան մտացս,
Անձն իմ անպիտան,
Վիմաւք ձգելոց արձանաց բանից,
Իբր զանընտել գազան վայրենի,
Անողորմաբար զքեզ քարկոծել։
Որ թէպէտ և ոչ պատահիմ անուանիլ արդար,
Սակայն յառաջնումն պատասխանւոջ,
Իբր ընդ ոսոխի ումեմն,
Ընդ անձին յաւժարամիտ կամաւք ոգորիմ,
Ըստ իմաստութեանն բանի,-
Եւ զյոյզք մտաց խորհրդոցս գաղտնեաց,
Իբր զգլխաւորեալ յանգաւորութիւն չարութեան գործոց,
Խոստովանեալ՝ քեզ տարածեցից, Աստուած իմ և Տէր։
Զի որով չափով չափեցից զանձինս ստգտանք՝
Ի քոցդ աննուազ գթութեանցդ այսրէն չափեցայց,
Ընկալեալ զշնորհդ յաճախագոյնս ընդ մեծագունիցս պարտեաց.
Եւ որքան վիրացն հարուածք անբժշկականք և անհնարաւորք ճարակեսցին,
Այնքանեաւք չափովք կրկին առ սմին
Եւ իմաստք արուեստից բարձրեալ բժշկիդ
Բարեհռչակեալ՝ լուսաւորեսցին,
Եւ ի պարտուցն առաւելութիւն՝
Նոյնքան փոխատուիդ առատատրութիւն
Բարեբանեալ՝ միշտ պսակեսցի,
Ըստ խնկաւորդ քում առակի։

Դ

Զի քո է փրկութիւն,
Եւ ի քէն է քաւութիւն,
Եւ աջով քո՝ նորոգութիւն,
Եւ մատամբ քո՝ զաւրեղութիւն,
Եւ ի հրամանաց քոց՝ արդարութիւն,
Եւ յողորմութեանց քոց՝ ազատութիւն,
Եւ յերեսաց քոց՝ լուսաւորութիւն,
Եւ ի դիմաց քոց՝ զուարճութիւն,
Եւ հոգւովդ քո՝ բարութիւն,
Եւ աւծմամբ իւղոյ քո՝ սփոփութիւն,
Եւ ցաւղով շնորհի քոյ՝ զուարթութիւն։
Եւ դու տաս մխիթարութիւն,
Եւ մոռացուցանես զվհատութիւն,
Եւ բառնաս զխաւար վշտաց,
Եւ զհեծութիւն ողբոց ի ծաղր փոխես։
Եւ քեզ վայել է աւրհնութիւն գովութեամբ հանդերձ՝
Յերկինս և յազգս հարցն և ի ծնունդս նոցա
Եւ յաւիտենից յաւիտեանս։
Ամէն։
――――――――――――


🎥 Նոր տեսանյութ.

Շարունակությունը կարդա հաջորդ էջում

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4.25 из 5 )
MediaMag