fbpx

Գրիգոր Նարեկացի – Մատյան Ողբերգության

ԲԱՆ Զ

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

 

Ա

Իսկ արդ, զի՞նչ բարւոք գոյ առ այս,
Եւ կամ ո՞ր աւգուտ ինձ առ սոյն՝
Զայս սահման ընթացից ձայնիս հեծութեան լքանել,
Եւ ոչ զամբարեալ շարաւ մահացու վիրիս
Խարանաւ բանիս արտաքս հերքել
Եւ կամ զծանրութիւն սրտիս մթերեալ ցաւոյս հոգեկան խիթոյս,
Իբր տաղտկացուցանողական հնարաւորութեամբ,
Մատնամուխ զզուանաւք փսխել։

Բ

Եւ քանզի ոչ գտայ արժանի պարծելոյ ի փառս ընդ սրբոցն դասս,
Որոց լի են բերանք նոցա ծաղու,
Եւ շրթունք իւրեանց՝ ցնծութեամբ,
Ըստ առակողին և սաղմոսողին,-
Ի կարգն երկրորդ դիմեցից՝
Զնմանիսն իմ յիշատակել համայն աստանաւր,
Թէպէտ առ իմում թերութեան բարուց անբարեաց՝
Եւ նոքա յաղթականք իցեն,
Իբր ապաշաւեալն, քան զանապաշխարն։
Տաւնելի եղև Մանասէ՝ առ իմոց պարտուցս առաւելութիւն,
Պատուեցաւ և փարիսեցին՝ առ դժնէիս ամբարշտութիւն,
Գովեցաւ անառակ որդին՝ առ անդարձիս ուխտազանցութիւն,
Յիշատակեցաւ կեղծաւորութիւն որդւոյն Ամասեայ՝
Առ անշնորհութիւն ապախտաւորիս,
Աւրհնաբանեալ եղև աւազակն, որ դատախազն է անհաւատից,
Պատուեցաւ և կինն պոռնիկ՝ սկզբնամայրն ապաշաւողաց։

Գ

Ոչ պակաս, քան զփարաւոն՝ զստեղծուած սրտիս իմ խստացուցի,
Ոչ թերի, քան զեբրայականին խուժանին կատաղութիւն՝
Ընդդէմ արարչիդ համբարձայ,
Ոչ նուազ, քան զաստուածամարտիցն՝ գտայ հանդէս
Եւ ոչ խորշեցայ ի յուրացութենէ ստեղծողիդ բնաւիցս։
Ըստ աւրինակի խռովութեան մրրկաց ծովու ծփեցայ,
Ոչ այնքան սարսեցի և պատկառեցի ի սաստկութենէ քումդ հրամանի,
Որքան ալիք ծովուն՝ յեզերացն։
Ընդ թիւս չափուց կշռութեան առ իմս գործոց՝
Եւ աւազոյն կոյտ սահմանեցաւ։
Պակասեաց անբաւիցն շիղջք՝ առ համբարս իմոց անաւրէնութեանց։

Դ

Զի թէպէտ և յոյժ բազում են մանունքն,
Ի յափունս ջրոյն համահաւաքեալք,
Այլ ուրոյնք և առանձնականք ի ծննդոց աճելութենէ։
Իսկ մեղանք իմոց յանցանացս՝ անթիւք,
Զորս անհնար է առնուլ ի միտ.
Ոմն և ծնունդք իւր,
Ոմն և շառաւիղք իւր,
Ոմն և բիծք իւր,
Ոմն և արկածք իւր,
Ոմն և փուշք իւր,
Ոմն և արմատք իւր,
Ոմն և հաստուածք իւր,
Ոմն և պտուղք իւր,
Ոմն և նշխարք իւր,
Ոմն և ճիւղք իւր,
Ոմն և ոստք իւր,
Ոմն և արմկունք իւր,
Ոմն և ճիրանք իւր,
Ոմն և մատունք իւր,
Ոմն և խլրտմունք իւր,
Ոմն և զաւրութիւնք իւր,
Ոմն և ազդմունք իւր,
Ոմն և նշմարանք իւր,
Ոմն և տիպք իւր,
Ոմն և մնացուածք իւր,
Ոմն և ստուերք իւր,
Ոմն և մթութիւնք իւր,
Ոմն և յարձակմունք իւր,
Ոմն և հնարք իւր,
Ոմն և պատիրք իւր,
Ոմն և դիտմունք իւր,
Ոմն և դիմեցմունք իւր,
Ոմն և չափք իւր,
Ոմն և խորք իւր,
Ոմն և գարշութիւնք իւր,
Ոմն և կայծակունք իւր,
Ոմն և կիրք իւր,
Ոմն և մթերք իւր,
Ոմն և գանձք իւր,
Ոմն և ցնցուղք իւր,
Ոմն և աղբիւրք իւր,
Ոմն և գետք իւր,
Ոմն և շանթք իւր,
Ոմն և հրդեհմունք իւր,
Ոմն և պատկառանք իւր,
Ոմն և վիհք իւր,
Ոմն և անդունդք իւր,
Ոմն և բորբոքմունք իւր,
Ոմն և աղջութիւնք իւր,
Ոմն և ամպրոպք իւր,
Ոմն և կայլակք իւր,
Ոմն և հոսմունք իւր,
Ոմն և հեղեղք իւր,
Ոմն և սառնամանիք իւր,
Ոմն և դրունք իւր,
Ոմն և շաւիղք իւր,
Ոմն և ճանապարհք իւր,
Հնոցն և տապ իւր,
Հրատն և գոլորշիք իւր,
Հալոցն ճարպին և ճենճերմունք իւր,
Աւշինդրն և դառնութիւն իւր,
Կործանիչն և հնազանդեալք իւր,
Բռնաւորն և յելուզակք իւր,
Գոռոզն և սպառազէնք իւր,
Աւազակապետն և գումարտակք իւր,
Գազանն և կորիւնք իւր,
Խածանողն և ծակոտուածք իւր,
Ապականագործն և նմանիք իւր։

Ե

Արդ, այսոքիկ պետք են գլխաւորութեանց՝
Ապականողաց ոգւոց համայնից,
Դասեալք ընդ ինքեամբք նուաճութիւնք մասանց,
Իւրաքանչիւր ոք ի սոցանէ՝ բիւրք բիւրուց և հազարք հազարաց,
Իսկ զհամայնիցս թիւ նա միայն զաւրէ իմանալ,
Որ զառ ի մէնջ չէութիւնն գրեալ՝
Իբր զէութիւն գործոց տեսանէ։
Եւ արդ, եթէ ոք զանձն ոչ խաբեսցէ,
Եւ առ երեսս ոչ կերպարանեսցի,
Եւ կեղծաւորաբար ոչ անհաւատեսցէ,
Եւ մարդ զինքն ծանիցէ,
Եւ հասարակաց բնութեամբ վարեսցի,
Եւ երկրածին զանձն դիտեսցէ,
Եւ ի չափ իւրում կանոնին կացցէ,
Իմասցի, ծանիցէ զնախաթիւ մասունս արկածիցդ վերագրելոց,
Թէ ոչ ընդունայն ինչ գրեցի
Եւ կամ զբնաւ իսկութիւնն սահմանեցի,
Որ ի մերս բնութեան պտուտկի ազգի ազգի վրիպականութիւն,
Այլ ի բիւրուցն արգասեաց չարեաց չափ մի երևեցուցի,
Զի նոքաւք և զայլսն իմաստասիրեսջիք,
Թէպէտ և ոչ բովանդակապէս։
――――――――――――

Նոր տեսանյութ.

Շարունակությունը կարդա հաջորդ էջում

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 3 assessment, среднее 4 из 5 )
MediaMag
Գրիգոր Նարեկացի – Մատյան Ողբերգության
ԹԵՍՏ. Կարո՞ղ եք կանխատեսել քիմիական ռեակցիայի արդյունքը