fbpx

Գրիգոր Նարեկացի – Մատյան Ողբերգության

ԲԱՆ Է

ՎԵՐՍՏԻՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ ԿՐԿԻՆ ՀԵԾՈՒԹԵԱՆ ՆՈՐԻՆ ՀՍԿՈՂԻ ԱՌ ՆՈՅՆ ԱՂԵՐՍ ՄԱՂԹԱՆԱՑ ԲԱՆԻ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻՑ ԽԱՒՍՔ ԸՆԴ ԱՍՏՈՒԾՈՅ

Ա

Եւ զի մի՛ զփրկութեանն վստահութիւն իսպառ կտրեցից
Եւ, ապազէն եղեալ, մատնեցայց այսքանեաց աներևութից ընդդիմամարտից,
Որք ոչ այլ ինչ են, քան թէ թշնամիք ընտանիք՝
Ինքնածին բուսեալք, զոր վերագրեալքդ սահմանեցին՝
Զորքանութիւն պատկերին ձևոյ եդեալ ահարկուս,-
Ցուցից առ սմին բազմաբոյլ բռնութեան մարտակցացդ՝
Զաւրեղ ախոյեանս աստուածականս,
Ամենայաղթողս և անպարտելիս,
Թէ և կսկծելիս կիրս
Եւ դժուարակութ պտուղս ծառոց անհասանելեաց
Եւ անկոխ ճանապարհաց երկք և տաժանմունք։
Քանզի զայն ամենայն գունդս չարութեան բանսարկուին զաւրաց
Սակաւ մի արտաւսր կաթուածոց աչաց,
Իբր զճճիս զեռունս բազմոտանիս խղխայթից երկրի տկար խլրտմանց՝
Անկեալ ի վերայ ծորումն ձիթոյ
Կամ դոյզն դեղ ինչ սատակչական, ցամաքեցուցանէ.
Եւ դոյզն մի հառաչումն սրտի հեծութեան, ելեալ ի հոգւոյ,
Իբր շնչումն հարաւային ջերմութեան, խառնեալ յարևու,
Զսառնամանեաց սաստկութիւն հալէ.
Քանզի ըստ միումդ նմանութեան հեշտածինք են,
Եւ ըստ միւսումդ դիմադրութեան՝ դիւրամեռք։

Բ

Այլ ես ոչ երբէք կասեցից դատել
Զդատապարտեալս բանից կսկծմամբ,
Պարսաւել զպարտաւորեալս՝
Իբր զվնասակար անփրկանաւոր անհամոզելի,
Վասն զի զոմանս սատակեալ ի յիմոց նեղչացն՝
Ոմանց զաւրութիւն տամ կենդանանալ՝ առ հոգւոյս կորուստ։
Տունկս դառնոստեան,
Որ զգարշութիւն անառակ վարուց ծաղկեցի,
Բարունակս ապականաբեր և մահողկուզեան,
Որ զկորստեան գինին երկնեցի,
Քանանու զաւակս և ոչ Յուդայ,
Ըստ ասից մեծին Դանիելի,
Որդիս գեհենին և ոչ արքայութեանն,
Ժառանգս դժոխոց և ոչ փառացն փափագելեաց,
Նիւթս տանջանացն և ոչ հանգստեան։
Ապերախտս առ երախտաւորդ,
Ապաշնորհս առ բազմապարգևդ,
Միշտ մեղուցեալս առ երկայնամիտդ,
Դառնացուցիչս քաղցրութեան բարերարիդ,
Ծառայս չար և վատ,
Ըստ տէրունեան յանդիմանութեանն,
Իմաստունս զչարիս գործել,
Ըստ Եսայեայ նախասացութեանն։
Ժիրս առ ժանտագործութիւն զազրութեանն,
Փոյթս առ ի բարկացուցանել զՏէրն,
Մշտաշարժս առ գիւտս սատանայականս,
Հանապազորդեան, վիշտս ստացողին,
Թոյլս առ բարեացն թռիչս,
Ծոյլս առ երանութիւն ընտանութեանն,
Դանդաղս առ դիտմունս խոստացելոցն,
Անարիս առ կարիս պիտանեացն և աւգտակարացն,
Պաշտաւնեայս տիրադրուժ և երախտամոռաց։

Գ

Վա՜յ անձինս մեղաւորի,
Զի զԱրարիչն իմ բարկացուցի,
Վա՜յ որդւոյս կորստեան,
Որ զկենդանութեանն ձիր մոռացայ,
Վա՜յ պարտապանիս անհամար բիւրուց քանքարաց,
Որ ոչ գոյ հատուցանել,
Վա՜յ բեռնակրիս ծանրութեան մեղաց դժնէից,
Որ ոչ ունիմ դառնալ առ հանգստարանն,
Վա՜յ վնասակարիս տէրունեան պարտուցն,
Որ չիք յանդիման լինել հզաւրին։
Վա՜յ եղեգնախռիւ կիզանողականս նիւթոյ,
Որ տոչորելոց եմ ի գեհենին,
Վա՜յ ինձ առ այս յիշատակ,
Զի զնետս բարկութեանն Աստուծոյ այրեցելովք են գործեալ,
Վա՜յ յիմարութեանս,
Որ ոչ մտառեցի զծածկեցելոցն հանդէս,
Վա՜յ ամբարշտիս,
Զի միշտ անդադար ոստայնս չարեաց կկեցի։
Վա՜յ զմարմինս պարարողի՝ կերակուր որդանցն անմահից,
Կտտողացն թունաւորաց զիա՞րդ համբերեցից,
Վա՜յ ինձ առ արբումն մահուն բաժակի,
Ո՞րպէս զյաւիտենականն տուժեցայց,
Վա՜յ ինձ առ ելս անարժան հոգւոյս յեղկելի մարմնոյս,
Ի՞բր դատաւորին յանդիմանեցայց։
Վա՜յ ինձ առ նուազութիւն իւղոյն լապտերաց,
Զի անարծարծելի է աղաւտանալն,
Վա՜յ ինձ առ ճեպ տագնապի ահին պակուցման,
Յորժամ առագաստին մուտն փակեսցի,
Վա՜յ ինձ առ ձայնին ահաւորութիւն
Դողացուցչաց և սարսափելեացն բանից՝
Երկնաւոր թագաւորին վճռաւն կնքելոյ,
Թէ՝ Ոչ գիտեմ զքեզ։

――――――――――――


🎥 Նոր տեսանյութ.

Շարունակությունը կարդա հաջորդ էջում

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4.25 из 5 )
MediaMag
Գրիգոր Նարեկացի – Մատյան Ողբերգության
Կանանց 5 թերություններ, որոնք ամենից շատ են զայրացնում տղամարդկանց