Մտաք սենյակ ու մոռացա՞ք՝ ինչի համար․ այս տարօրինակ երևույթը տրամաբանական բացատրություն ունի

Սա, հավանաբար, պատահել է գրեթե բոլորիս հետ։ Պետք է ինչ-որ բան վերցնել, վստահ քայլերով գնում եք մյուս սենյակ, անցնում դռան շեմը և հանկարծ կանգ առնում։ Ի՞նչ էի եկել այստեղ անելու։ Ընդամենը մի քանի վայրկյան առաջ ամեն ինչ հստակ էր, իսկ հիմա նպատակը կարծես պարզապես անհետացել է։

Այս տարօրինակ երևույթը նույնիսկ հատուկ անվանում ունի՝ «դռան շեմի էֆեկտ» (doorway effect)։ Եվ, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, խնդիրը ամենևին էլ այն չէ, որ հիշողությունը հանկարծ որոշում է մեզ «դավաճանել»։

Ի՞նչ է տեղի ունենում սենյակից սենյակ անցնելիս

Մեր ուղեղը տեղի ունեցող ամեն ինչ չի ընկալում որպես մեկ անվերջ շարունակություն։ Այն անընդհատ մեր առօրյան բաժանում է առանձին դրվագների՝ զրույց, աշխատանք համակարգչով, ճաշ պատրաստել, ճանապարհ գնալ կամ պարզապես մի սենյակից մյուսն անցնել։

Այդպիսի փոփոխությունները գիտնականներն անվանում են իրադարձությունների սահմաններ։ Երբ անցնում ենք դռան շեմը, ուղեղը կարող է դա ընկալել որպես նշան, որ մի դրվագ ավարտվել է և սկսվում է հաջորդը։

Այդ պահին ուղեղը թարմացնում է տվյալ իրավիճակի մասին իր պատկերացումը՝ որտեղ ենք գտնվում, ինչ է կատարվում մեր շուրջը և ինչով ենք զբաղված։ Նախորդ նպատակը չի անհետանում, պարզապես մի քանի վայրկյանով այն կարող է հետին պլան մղվել և դժվար հիշվել։

Պատկերացնենք ամենապարզ իրավիճակը։ Պետք է ննջասենյակից վերցնեք հեռախոսի լիցքավորիչը։ Քանի դեռ նստած եք բազմոցին, այդ միտքը պահպանվում է աշխատանքային հիշողության մեջ։ Բայց երբ անցնում եք դռնով և հայտնվում մեկ այլ միջավայրում, ուղեղը սկսում է հարմարվել նոր իրավիճակին, իսկ լիցքավորիչի մասին միտքը կարող է մի պահ կորցնել իր առաջնահերթությունը։

Եվ ահա արդեն կանգնած եք սենյակի մեջտեղում ու փորձում եք հասկանալ՝ բա ես այստեղ ինչի՞ համար էի եկել։

«Դռան շեմի էֆեկտը» ստուգել են նաև փորձերով

Այս երևույթն ուսումնասիրել են նաև հոգեբան Գաբրիել Ռադվանսկու ղեկավարած հետազոտական խմբերը։ Հայտնի փորձերից մեկի ժամանակ մասնակիցները շարժվել են վիրտուալ տարածքում, վերցրել տարբեր առարկաներ և տեղափոխել դրանք մի վայրից մյուսը։

Պարզվել է, որ երբ մասնակիցներն անցնում էին դռան միջով, քիչ առաջ ստացած տեղեկությունը հիշելն ավելի դժվար էր դառնում, քան այն դեպքում, երբ նույնքան ճանապարհ էին անցնում մեկ սենյակի ներսում։ Նման արդյունք է ստացվել նաև իրական տարածքում անցկացված փորձերի ժամանակ։

Մտաք սենյակ ու մոռացա՞ք՝ ինչի համար

Այս թեմայի ուսումնասիրությունը շարունակվում է նաև այսօր։ 2026 թվականին հրապարակված հետազոտությանը մասնակցել է 90 մարդ, որոնք վիրտուալ իրականության մեջ շրջել են հինգ սենյակից բաղկացած շինությունում։ Նույնիսկ առանց լրացուցիչ շեղող առաջադրանքների հետազոտողները կրկին արձանագրել են դռան շեմի հետ կապված հիշողության այդ առանձնահատկությունը։

Կարդացեք նաև
Ինչո՞ւ ենք հեշտ հիշում մարդու դեմքը, բայց մոռանում անունը
Ինչո՞ւ կարող ենք հիշել դեմքը, հանդիպման վայրը և զրույցը, բայց ոչ մարդու անունը․ պարզվում է՝ դրա պատճառը հիշողության աշխատանքի առանձնահատկությունների մեջ է։

Պարտադիր չէ, որ պատճառը հենց դուռը լինի

Իրականում դուռն այստեղ, ավելի շուտ, պարզապես ուղեղի համար հստակ սահման է մի իրավիճակի և մյուսի միջև։

Նման սահման կարող է առաջանալ նաև այլ դեպքերում։ Օրինակ՝ երբ ֆիլմում ավարտվում է մի տեսարան և սկսվում մյուսը, երբ փոխվում է զրույցի թեման կամ երբ մի գործը թողնում ենք ու անցնում մեկ ուրիշին։

Նույնիսկ մեր նպատակի կամ հուզական վիճակի փոփոխությունը կարող է ազդել այն բանի վրա, թե ինչպես է ուղեղը բաժանում տեղի ունեցողը առանձին դրվագների։

Այսինքն՝ մտածածը կարելի է մի պահ մոռանալ ոչ միայն սենյակ մտնելիս։

Ինչո՞ւ է ուղեղին ընդհանրապես պետք այս մեխանիզմը

Առաջին հայացքից սա այնքան էլ հարմար մեխանիզմ չի թվում։ Ինչո՞ւ պետք է ուղեղը այնպես աշխատի, որ մարդը մի քանի վայրկյանով մոռանա նույնիսկ ամենապարզ նպատակը։

Պատճառն այն է, որ նման բաժանումը օգնում է ուղեղին կարգավորել մեզ հասնող հսկայական քանակությամբ տեղեկատվությունը։

Եթե օրվա ընթացքում տեսած, լսած և մտածած ամեն ինչ անընդհատ նույն ակտիվությամբ պահպանվեր աշխատանքային հիշողության մեջ, ուղեղը ստիպված կլիներ միաժամանակ աշխատել չափազանց մեծ թվով մանրամասների հետ։ Իսկ իրադարձությունները տարբեր դրվագների բաժանելը թույլ է տալիս կարգի բերել այդ տեղեկատվությունը և իրար չխառնել տարբեր իրավիճակները։

Մտաք սենյակ ու մոռացա՞ք՝ ինչի համար

Ավելին՝ նման սահմանները որոշ դեպքերում կարող են օգտակար լինել նաև երկարաժամկետ հիշողության համար։ Փորձերը ցույց են տվել, որ երբ տեղեկությունը բաժանվում է առանձին դրվագների, որոշ պայմաններում այն հետագայում նույնիսկ ավելի հեշտ է հիշվում։

Այստեղ էլ հենց առաջանում է հետաքրքիր պարադոքսը։ Այն նույն մեխանիզմը, որի պատճառով մի պահ մոռանում ենք, թե ինչու էինք գնացել խոհանոց, միաժամանակ օգնում է ուղեղին կարգի բերել մեր շուրջ տեղի ունեցող ամեն ինչ։

Ինչպե՞ս ճանապարհին չմոռանալ՝ ինչի համար եք գնում

Եթե պետք է կոնկրետ մի բան անեք, կարելի է մինչև տեղից վեր կենալը մտքում կամ նույնիսկ բարձրաձայն ձևակերպել նպատակը։ Օրինակ՝ «Գնում եմ լիցքավորիչը վերցնելու»։

Մեկ այլ տարբերակ է գործողությունը կապել որևէ նկատելի հուշման հետ կամ պարզապես գրի առնել, եթե խոսքը կարևոր գործի մասին է։ Այդպես աշխատանքային հիշողության վրա ավելի քիչ ծանրաբեռնվածություն է ընկնում, հատկապես այն պահին, երբ միջավայրը փոխվում է։

Իսկ եթե երբեմն ստիպված եք լինում հետ վերադառնալ՝ հիշելու, թե ինչի համար էիք մտել մյուս սենյակ, անհանգստանալու պատճառ չկա։ Միջավայրի փոփոխության պահին նպատակը կարճ ժամանակով մոռանալը հանդիպում է նաև լիովին առողջ մարդկանց մոտ և բացատրվում է հիշողության աշխատանքի հայտնի մեխանիզմներով։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Հոգեբանական բաժնի գլխավոր վերլուծաբան

Աննան մասնագիտացած է մարդկային վարքագծի, զգացմունքային ինտելեկտի և միջանձնային հարաբերությունների ուսումնասիրության մեջ։ Նրա հոդվածների գլխավոր նպատակն է բարդ հոգեբանական երևույթները ներկայացնել պարզ, կիրառելի և հասկանալի լեզվով։ Հավատացած է, որ ճիշտ ինքնաճանաչողությունը ներդաշնակ կյանքի միակ բանալին է:

MediaMag
Մտաք սենյակ ու մոռացա՞ք՝ ինչի համար․ այս տարօրինակ երևույթը տրամաբանական բացատրություն ունի
Ամանորյա հրաշք
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց