Այսօրվա երեխաների մանկությունը շատ է տարբերվում այն մանկությունից, որն ունեցել են 70–80-ականներին մեծացած մարդիկ։ Այն ժամանակ չկային բջջային հեռախոսներ, սոցիալական ցանցեր ու սթրիմինգային հարթակներ։ Երեխաներն ու դեռահասները շատ ավելի հաճախ էին ապրում հենց տվյալ պահով, և այդ պարզ առօրյան նրանց համար դառնում էր հիշողությունների աղբյուր։
Ինչպես գրում է YourTango-ն, X սերնդի ներկայացուցիչներն ու միլենիալները՝ նրանք, ովքեր մեծացել են 70–80-ականներին, այսօր հատկապես կարոտում են մանկության այս յոթ անհոգ պահերը։ Զումերներն ու Ալֆա սերնդի ներկայացուցիչները, ամենայն հավանականությամբ, դրանք երբեք նույն կերպ չեն զգա։
1. Կինոթատրոն գնալու սպասումն ու ոգևորությունը
Երբ նոր ֆիլմ էր էկրան բարձրանում, այն նույն օրը չէր հայտնվում որևէ հարթակում, որտեղ կարելի էր դիտել տանը։
Ֆիլմը տեսնելու համար մարդիկ գնում էին կինոթատրոն։ Այնտեղ նրանք նստում էին լիքը մարդկանցով դահլիճում, միասին ծիծաղում, զարմանում, հուզվում ու նույն պատմությունն ապրում միաժամանակ։ Կինոթատրոն գնալն ինքնին իրադարձություն էր։
2. Սիրելի սերիալի նոր սերիային սպասելը
Այսօր սթրիմինգային հարթակները հաճախ միանգամից հասանելի են դարձնում սերիալի ամբողջ եթերաշրջանը։ Մարդիկ կարող են նստել ու մեկ օրում դիտել գրեթե բոլոր սերիաները։
Այն ժամանակ ամեն ինչ այլ էր։ Նոր սերիան պետք էր սպասել մինչև հաջորդ շաբաթ, իսկ այդ ընթացքում մարդիկ քննարկում էին նախորդը, փորձում գուշակել՝ ինչ կլինի հետո, հիշում մանրամասները։
Հոգեբանները նաև նկատել են, որ հեռուստացույց դիտելու այդ ձևը որոշ առավելություններ ուներ։ Մարդիկ հաճախ սերիալներ էին դիտում ընտանիքի անդամների կամ ընկերների հետ, և այդ համատեղ ժամանակը նրանց ավելի էր մտերմացնում։
Բացի դրանից, նոր սերիային սպասելը ժամանակ էր տալիս ավելի լավ հիշելու արդեն տեսածը։ Պատմությունը հասցնում էր նստել մարդու մտքում, մինչև հաջորդ մասը։
3. Սիրելի կատարողի ալբոմը վինիլային սկավառակով, ձայներիզով կամ CD-ով գնելը
Այսօր նոր երգը թողարկվելուց գրեթե անմիջապես հետո հայտնվում է Spotify-ում, Apple Music-ում կամ այլ հարթակներում։ Մի քանի հպում, և այն արդեն լսում ես։
70–80-ականներին ու ավելի ուշ մեծացածների համար ամեն ինչ ավելի երկար ու ավելի «արարողակարգային» էր։ Նրանք գնում էին երաժշտական խանութ, փնտրում սիրելի կատարողի ալբոմը, վերցնում այն ձեռքները, նայում շապիկը, հետո միայն գնում։
Այդ ընթացքում հնարավոր էր երաժշտության մասին զրուցել ընկերների կամ նույնիսկ անծանոթ մարդկանց հետ, որոնք նույն ալբոմն էին ընտրել։
Բացի այդ, հենց գնում կատարելու գործընթացն էլ հաճույք էր պատճառում։ Այն կարող էր տալ այն հաճելի զգացողությունը, որն այսօր հաճախ անվանում են «շոփինգ-թերապիա»։
Ինչպիսի՞ հմտություններ էր տալիս այն մանկությունը, երբ չկային սմարթֆոններ, մշտական առցանց կապ ու մեծահասակների անընդհատ վերահսկողություն։
4. MTV դիտելը
MTV-ն ժամանակին ամբողջությամբ փոխեց երաժշտական մշակույթը։ Այն փոխեց թե՛ այն, թե ինչպես էին մարդիկ բացահայտում նոր երաժշտություն, թե՛ այն, թե ինչպես էին արտիստները ներկայանում հանրությանը։
Երաժշտական տեսահոլովակները դարձան երաժշտական աշխարհի կարևոր մաս։ Նոր տեսահոլովակի ցուցադրությունը երբեմն գրեթե նույնքան սպասված իրադարձություն էր, որքան նոր երգի թողարկումը։
Այսօր երաժշտական տեսահոլովակներն այլևս նույն նշանակությունը չունեն ձայնագրման ընկերությունների համար, և միլենիալներն ու X սերնդի ներկայացուցիչները, ամենայն հավանականությամբ, կարոտով են հիշում MTV-ի ժամանակները։
Ի վերջո, եթե երեխաներն ամեն օր բոյ-բենդերի տեսահոլովակներ չեն դիտում, ո՞ւմ վրա պիտի սիրահարվեն։
5. Հեռախոսի զանգից ոգևորվելը
Հետազոտություններից մեկի համաձայն՝ զումերներից շատերը նույնիսկ անհանգստություն են զգում, երբ պետք է պատասխանեն հեռախոսազանգի։
Նրանց ծնողների սերնդի դեպքում պատկերն լրիվ ուրիշ էր։
Այն ժամանակ չկային սոցիալական ցանցեր ու ակնթարթային հաղորդագրություններ։ Եթե ուզում էիր ընկերոջդ հետ խոսել կամ հանդիպում պայմանավորվել, պետք էր զանգահարել։
Երբ տան ֆիքսված հեռախոսը զանգում էր, երեխաները երբեմն բառացիորեն վազում էին դեպի այն՝ առաջինը լսափողը վերցնելու համար։ Չէիր իմանում՝ ով է զանգում, և հենց այդ անորոշությունն էլ զանգը ավելի հետաքրքիր էր դարձնում։
6. Դրսում խաղալը մինչև մութն ընկնելը
Այդ տարիներին ընկերների հետ շփվելու հիմնական ձևը դեմ առ դեմ հանդիպելն էր։
Երեխաները ժամերով դրսում էին։ Հեծանիվ էին քշում, տարբեր խաղեր խաղում, վազվզում բակում կամ հարևան թաղամասերում և տուն էին վերադառնում միայն այն ժամանակ, երբ արդեն մթնում էր։
Տանը փակված նստելը նրանց առօրյայի սովորական մասը չէր։ Դրսում միշտ ինչ-որ մեկը կար, ում հետ կարելի էր խաղալ կամ պարզապես ժամանակ անցկացնել։
7. Առևտրի կենտրոնում անցկացրած ժամերը
Այսօր գնումների մեծ մասը կարելի է անել՝ նույնիսկ բազմոցից չվեր կենալով։ Համակարգիչը կամ հեռախոսը բավական է, որպեսզի պատվիրես այն, ինչ ուզում ես։
70–80-ականներին մեծացածների համար առևտրի կենտրոնը միայն գնումների վայր չէր։ Այն հանդիպման, շփման ու ժամանցի տեղ էր։
Դեռահասները այնտեղ հանդիպում էին ընկերներին, երկար շրջում խանութներով, զրուցում, գնումներ անում։ Շատերի համար հենց առևտրի կենտրոնում աշխատելն էր դառնում առաջին աշխատանքային փորձը․ նրանք գանձապահ կամ վաճառող էին աշխատում իրենց սիրելի խանութներում։
Առևտրի կենտրոնների այդ մշակույթը նրանց պատանեկության կարևոր մասն էր։ Եվ այսօր նրանցից շատերի համար տխուր է տեսնել, որ նոր սերունդը գրեթե չի ապրում նման փորձառություն։








