Ինչպես է Տիեզերքը փորձության ենթարկում ձեզ՝ նախքան ցանկության իրականացումը. 3 փորձություն

Երբեմն այս հարցերի պատասխանները շատ ավելի կարևոր են, քան հենց ցանկության իրականացումը։

Էզոթերիկայում մի հետաքրքիր պատկերացում կա. նախքան մեր նվիրական ցանկությունն իրականացնելը Տիեզերքը կարծես որոշում է ստուգել՝ արդյոք պատրաստ ենք դրան։ Եվ հանկարծ կյանքում ամեն ինչ սկսում է մեր ուզածին հակառակ ընթանալ։ Անսպասելի խոչընդոտներ են առաջանում, ստիպված ենք լինում հրաժեշտ տալ հարազատ դարձած մարդկանց ու սովորություններին, իսկ երկար սպասված հնարավորությունն այդպես էլ չի հայտնվում։ Հոգեբանությունն այս ամենի համար շատ ավելի տրամաբանական բացատրություններ ունի։ Այդուհանդերձ, Տիեզերքի փորձությունների մասին պատկերացումը բավական դիպուկ է նկարագրում մի կարևոր իրողություն. երբեմն ցանկալիին հասնելուց առաջ մենք ինքներս պետք է փոխվենք, որպեսզի իսկապես պատրաստ լինենք ընդունելու այն, ինչի մասին այդքան երկար երազել ենք։

Սա հատկապես նկատելի է, երբ խոսքը ոչ թե հերթական գնումի կամ անցողիկ ցանկության, այլ կյանքի լուրջ փոփոխությունների մասին է։ Նոր սեր, տեղափոխություն, մասնագիտական հաջողություն, ֆինանսական կայունություն կամ բոլորովին այլ կյանք. հենց նման նպատակների ճանապարհին էլ հաճախ հանդիպում են այն երեք փորձությունները, որոնք էզոթերիկայում ընդունված է անվանել «Տիեզերքի ստուգումներ»։

Ինչպես է Տիեզերքը փորձության ենթարկում ձեզ

1. Ստիպված եք լինում բաց թողնել այն, ինչից այդքան երկար կառչած էիք

Առաջին փորձությունը սովորաբար կապված է անցյալից ձերբազատվելու հետ։ Մենք կարող ենք երազել նոր կյանքի մասին, բայց միաժամանակ ամեն գնով փորձել պահպանել հինը։ Չենք ցանկանում հրաժարվել հարաբերություններից, որոնք վաղուց այլևս ուրախություն չեն պատճառում, շարունակում ենք աշխատել այնտեղ, որտեղ մեզ դժբախտ ենք զգում, կառչում ենք սովորական ապրելակերպից կամ նույնիսկ սեփական անձի մասին տարիներ առաջ ձևավորված պատկերացումներից։

Նման դեպքերում փոփոխությունները հաճախ սկսվում են ոչ թե մեր ուզածը ստանալուց, այլ ինչ-որ հարազատ ու սովորական բան կորցնելուց։ Թվում է՝ ամեն ինչ գլխիվայր է շրջվում հենց այն պահին, երբ ամենից շատ ես կայունության կարիք զգում։ Էզոթերիկան սա կարող է անվանել Տիեզերքի փորձություն, իսկ հոգեբանությունը՝ անվտանգության պահանջի և փոփոխությունների ձգտման միջև առաջացած բնական հակասություն։

Բայց էությունը նույնն է. անհնար է բոլորովին նոր կյանք կառուցել, եթե ամեն գնով փորձում ես պահպանել հին կյանքի յուրաքանչյուր մանրուք։

Ուստի անսպասելի բաժանումը, աշխատանքից ազատվելը, տեղափոխությունը կամ տարիներով ձևավորված սովորություններից հրաժարվելը դեռ չի նշանակում, թե սխալ ճանապարհ եք ընտրել։ Երբեմն այս ամենը պարզապես ցույց է տալիս, որ ձեր նախկին կյանքն այլևս չի համապատասխանում այն կյանքին, որն իրականում ցանկանում եք ունենալ։ Եվ հենց այստեղ է ամենադժվարը. չշտապել վերադարձնել կորցրածը միայն այն պատճառով, որ անորոշությունն ավելի սարսափելի է թվում, քան մի կյանքը, որից վաղուց գոհ չեք։

Եթե ձեր երազանքի իրականացումը կյանքի նոր փուլ է ենթադրում, ապա առաջին փորձությունը կարող է լինել հենց այդ նորի համար տեղ ազատելու պատրաստակամությունը։

2. Կանգնում եք ընտրության առաջ՝ գնալ ծանոթ ճանապարհով, թե ընտրել այն, ինչն իսկապես ցանկանում եք

Երկրորդ փորձությունն այնքան էլ ակնհայտ չէ։ Ձեր առջև մի հնարավորություն է բացվում, որն առաջին հայացքից կարող է աննշան, անհարմար կամ նույնիսկ ռիսկային թվալ։ Կարող եք մնալ ձեր հարմարավետության գոտում և ոչինչ չփոխել։ Կամ էլ կարող եք համարձակվել ու մի քայլ անել դեպի այն կյանքը, որի մասին վաղուց երազում եք։

Եվ հենց այստեղ է ի հայտ գալիս ամենամեծ հակասություններից մեկը. մենք ասում ենք, որ փոփոխություններ ենք ուզում, բայց երբ դրանց իրական հնարավորությունն է հայտնվում, հաճախ նախընտրում ենք մեր սովորական ու ապահով կյանքը։

Օրինակ՝ կինը երազում է փոխել մասնագիտությունը, բայց մերժում է առաջին իսկ աշխատանքի առաջարկը, քանի որ նոր ոլորտում պետք է սովորել և կարիերան սկսել ավելի ցածր պաշտոնից։ Մեկ ուրիշը ցանկանում է սիրային հարաբերություններ ունենալ, բայց շարունակ վերադառնում է այն զուգընկերոջ մոտ, որն իրենից հուզականորեն հեռու է։ Պարզապես ծանոթ ցավն ավելի տանելի է թվում, քան անհայտ ապագան։ Իսկ ինչ-որ մեկն էլ տարիներով երազում է տեղափոխվելու մասին, սակայն անընդհատ հետաձգում է որոշումը՝ ամեն անգամ սպասելու նոր պատճառ գտնելով։

Էզոթերիկայում սա կարող են անվանել պատրաստակամության ստուգում։ Իսկ հոգեբանության տեսանկյունից սա այն պահն է, երբ մեր ցանկությունները բախվում են մեր իսկ վարքագծին։

Հենց նման իրավիճակներում էլ պարզ է դառնում, թե իրականում ինչ ենք ուզում։ Չէ՞ որ միայն երազելը բավարար չէ։ Մեր ցանկությունների մասին շատ ավելին են ասում այն որոշումները, որոնք կայացնում ենք, երբ վերջապես հնարավորություն ենք ստանում մոտենալու մեր նպատակին։

Այդ պատճառով հերթական խոչընդոտը միշտ չէ, որ նշանակում է, թե ձեր առջև բոլոր դռները փակվել են։ Երբեմն ամենամեծ խոչընդոտը հենց մեր վախերն են, հին սովորությունները կամ փոփոխությունների համար անհրաժեշտ զոհողություններին գնալու դժկամությունը։

3. Պետք է առաջին հերթին ինքներդ ձեզ ապացուցեք, որ դա իսկապես ձեր ցանկությունն է

Երրորդ փորձությունը կապված է մի հարցի հետ, որին պատասխանելը երբեմն այնքան էլ հաճելի չէ. իսկ դուք իրո՞ք հենց դա եք ուզում։

Մենք հաճախ սեփական ցանկությունների տեղ ընդունում ենք այն, ինչ ժամանակին մեզ ներշնչել են ընտանիքը, հասարակությունը, զուգընկերը կամ հաջողակ կյանքի մասին տարածված պատկերացումները։ Համոզված ենք լինում, որ մեզ անպայման որոշակի աշխատավարձ, բարձր դիրք, հարաբերություններ, մեծ բնակարան կամ շրջապատի ճանաչումն է պետք։ Բայց երբ տարիներով սպասված նպատակը վերջապես հասանելի է դառնում, սպասված ուրախության փոխարեն հանկարծ անհանգստություն ենք զգում։ Երբեմն նույնիսկ սկսում ենք ներքուստ դիմադրել կամ տարօրինակ դատարկություն զգալ։

Կարծես կյանքն ինքն է ստիպում մի պահ կանգ առնել և վերանայել այն նպատակը, որին այդքան երկար ձգտել ենք։

Պատահում է՝ մարդը տարիներ շարունակ ձգտում է մի բանի՝ վստահ լինելով, որ դա իրեն երջանիկ կդարձնի։ Բայց երբ վերջապես հասնում է իր ուզածին, պարզվում է, որ երջանկությունն այդպես էլ չի եկել։ Երբեմն էլ հենց երազանքի իրականացման շեմին մարդը հասկանում է, որ ժամանակն է հրաժարվել ուրիշների պատկերացումներով ապրելուց և վերջապես ինքն իրեն խոստովանել. «Իրականում ես բոլորովին այլ բան էի ուզում»։

Սա, թերևս, երեք փորձություններից ամենակարևորն է։ Չէ՞ որ երբեմն ցանկալիին հասնելն ավելի հեշտ է, քան հասկանալը՝ արդյոք դա իսկապես քեզ պետք է։

Ուստի այն ժամանակահատվածը, երբ թվում է, թե ոչինչ տեղի չի ունենում, պարտադիր չէ, որ Տիեզերքի պատիժը կամ մերժումը լինի։ Գուցե հենց այդ ընթացքում եք վերանայում հաջողության մասին ձեր պատկերացումները, սովորում ավելի անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ և աստիճանաբար դադարում կառչել մի նպատակից միայն այն պատճառով, որ տարիներ առաջ այն ճիշտ եք համարել։

Իսկ ի՞նչ է տեղի ունենում այս «փորձություններից» հետո

Իհարկե, որևէ ապացույց չկա, որ Տիեզերքն իսկապես փորձություններ է կազմակերպում մարդկանց համար՝ նախքան նրանց ցանկություններն իրականացնելը։ Սա ընդամենը էզոթերիկ փոխաբերություն է, որի միջոցով կարելի է նկարագրել միանգամայն իրական երևույթներ՝ անցյալից հրաժարվելու անհրաժեշտությունը, փոփոխությունների հանդեպ վախը հաղթահարելը և սեփական ցանկությունների իրական պատճառները հասկանալը։

Բայց այս փոխաբերության մեջ մի հետաքրքիր միտք կա։ Մենք հաճախ սպասում ենք, որ նախ մեր կյանքի հանգամանքները կփոխվեն, և միայն դրանից հետո կփոխվենք ինքներս։ Մինչդեռ իրականում շատ հաճախ ճիշտ հակառակն է տեղի ունենում։

Սկսում ենք այլ կերպ վարվել, և աստիճանաբար մեր առջև նոր հնարավորություններ են բացվում։ Դադարում ենք համաձայնել այն ամենին, ինչը մեզ չի համապատասխանում, և փոխվում է նաև մեր շրջապատը։ Մեր կյանքում տեղ ենք ազատում նորի համար և սկսում նկատել այն հնարավորությունները, որոնք նախկինում պարզապես չէինք տեսնում։ Իսկ երբ դադարում ենք ուրիշների սահմանած նպատակների հետևից վազել, վերջապես հասկանում ենք, թե ինքներս ինչ ենք ուզում։

Այնպես որ, եթե ձեզ թվում է, թե ձեր ցանկությունն արդեն չափազանց երկար ժամանակ չի իրականանում, արժե ինքներդ ձեզ հարցնել ոչ միայն՝ «Ինչո՞ւ է Տիեզերքը մերժում ինձ», այլև շատ ավելի գործնական հարցեր տալ.

«Ինչի՞ց դեռ պատրաստ չեմ հրաժարվել։ Ո՞ր որոշումն եմ շարունակ հետաձգում։ Եվ արդյո՞ք իսկապես ուզում եմ հենց այն, ինչի մասին երազում եմ»։

Երբեմն այս հարցերի պատասխանները շատ ավելի կարևոր են լինում, քան հենց ցանկության իրականացումը։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Պրոֆեսիոնալ և վերլուծական աստղաբան

Մարիա Ստեփանյանը պրոֆեսիոնալ և վերլուծական աստղաբան է՝ երկար տարիների փորձով։ Նա չի հավատում կույր ճակատագրապաշտությանը․ փոխարենը խորությամբ ուսումնասիրում է մոլորակային շարժումները, նումերոլոգիան և կյանքի կրկնվող օրինաչափությունները՝ ընթերցողին տալով իրավիճակը ճիշտ հասկանալու, ներքին ռեսուրսները կառավարելու և սեփական պոտենցիալը բացահայտելու գործիքներ։

Մարիան հարցերին մոտենում է միայն թեմայի խորը և բազմակողմանի ուսումնասիրությունից հետո՝ համադրելով էզոթերիկ գիտելիքը, վերլուծական մտածողությունը և մարդու ներքին ընտրության կարևորությունը։

MediaMag
Ինչպես է Տիեզերքը փորձության ենթարկում ձեզ՝ նախքան ցանկության իրականացումը. 3 փորձություն
Առանց վարդագույն ակնոցի. ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 5 նշան, որոնք ռեալիստ են
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց