fbpx

20 մանրուք, որոնց համար 90-ամյա իմաստնությունն ինձ խորհուրդ տվեց այլևս չանհանգստանալ

Անհանգստությունը մանրուքներին մեծ ստվեր է հաղորդում։

Որոշ մարդիկ ամբողջ օրը սպասում են երեկոյան ժամը 5-ին, ամբողջ շաբաթ՝ ուրբաթին, ամբողջ տարի՝ արձակուրդներին, իսկ ողջ կյանքում՝ երջանկության։ Մի՛ եղեք նրանցից մեկը։ Մի՛ սպասեք, մինչև կյանքը մոտենա ավարտին, որպեսզի հասկանաք, թե որքան հիանալի է այն եղել։ Սովորական օրվա մեջ երջանկություն և խաղաղություն գտնելու գաղտնիքն այն է, որ թույլ տաք յուրաքանչյուր ակնթարթին լինել այնպիսին, ինչպիսին կա, այլ ոչ թե այնպիսին, ինչպիսին, ըստ ձեզ, պետք է լիներ։ Իսկ հետո քաղեք դրանից լավագույնը՝ ավելի քիչ անհանգստանալով և ավելի շատ ապրելով ներկայով ամեն քայլափոխի։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ուստի հանգիստ կարող եք բարձրաձայն երգել իջեցված պատուհաններով մեքենայում, պարել ձեր հյուրասենյակում, մինչև ուշ գիշեր արթուն մնալ ու ծիծաղել, ներկել պատերը ձեր նախընտրած գույնով և վայելել քաղցր գինի ու շոկոլադե տորթ։ Այո՛, քնեք մաքուր, սպիտակ սավանների վրա, խնջույքներ կազմակերպեք, նկարեք, բանաստեղծություններ գրեք և կարդացեք այնպիսի լավ գրքեր, որոնք կստիպեն ձեզ կորցնել ժամանակի զգացողությունը։

Պարզապես շարունակեք ապրել և ուրախացնել Աստծուն առ այն, որ նա կյանք է պարգևել մեկին, ով սիրում և գնահատում է այդ նվերը…

  • Մտածեք խորը։
  • Խոսեք մեղմ։
  • Սիրեք շատ։
  • Ծիծաղեք հաճախ։
  • Աշխատեք տքնաջան։
  • Հատուցեք բարությամբ։
  • Ակնկալեք քիչ։
  • Ապրեք ներկայով։
  • Եղեք բարի։
  • Եղեք ազնիվ։
  • Հավատարիմ մնացեք ինքներդ ձեզ…

Եվ ինչ էլ որ անեք, թույլ մի տվեք, որ սխալ բաները ձեզ անհանգստացնեն կամ խլեն ձեր ժամանակը չափազանց երկար:

Նորից կարդացեք վերևի ընդգծված տողը: Սա այն գլխավոր դասերից է, որով տատիկս կիսվել է ինձ հետ և հաճախ հիշեցրել իր մահվանը նախորդող վերջին մի քանի տարիների ընթացքում: Նա անում էր դա, որովհետև սիրում էր ինձ, և որովհետև 90 տարեկանում բավականաչափ երկար էր ապրել՝ հասկանալու համար, որ մեզանից շատերը թույլ են տալիս ամենօրյա մանր հիասթափություններին, դրամաներին և ուշադրությունը շեղող հանգամանքներին կուրացնել մեզ՝ թաքցնելով մեր առջև գտնվող գեղեցկությունը:

Մենք խճճվում ենք մեր իսկ մտքերում և տառացիորեն չենք նկատում, որ մեր կյանքը շատ ավելի լավն է, քան այն մի քանի բաները, որոնք մեր ուզածով չեն ընթանում: Երբեմն էլ մեծ-մեծ խոսում ենք այնպիսի բաների մասին, որոնք իրականում այդքան էլ կարևոր չեն: Մենք մանրադիտակով զննում և ուռճացնում ենք աննշան բաները մինչև ուժասպառ լինելը, իսկ հետո նստում ենք ու տարակուսած մտածում, թե որքան դատարկ է թվում կյանքը:

Բայց որքան մեծանում ենք, այնքան ավելի հանգիստ ենք դառնում և ավելի քիչ ենք ներքաշվում անիմաստ դրամաների ու քաոսի մեջ: Տարիքի հետ կյանքն աստիճանաբար խոնարհեցնում է մեզ: Մենք հասկանում ենք, թե որքան անհեթեթ բաների վրա ենք անհանգստացել և ժամանակ վատնել:

Ճշմարտությունն այն է, որ կեսօրը միշտ հասկանում է այն, ինչ առավոտը նույնիսկ չէր էլ կասկածում:

Ահա մի քանի բան, որոնք ես սովորել եմ տատիկիս 90-ամյա իմաստնությունից, և որոնք ինքս ինձ համար աստիճանաբար հաստատել եմ վերջին մեկուկես տասնամյակի ընթացքում։ Սրանք մանրուքներ են, որոնց վրա բոլորս հակված ենք կենտրոնանալ և անհանգստանալ երիտասարդ տարիքում, բայց ի վերջո գիտակցում ենք, որ դրանք շատ ավելի պակաս կարևոր են, քան ի սկզբանե կարծում էինք.

1. Սովորական օրվա անխուսափելի հիասթափությունները

Այն ամենի 90 տոկոսը, ինչն այսօր ձեզ սթրեսի է ենթարկում, մեկ ամիս անց ոչ մի նշանակություն չի ունենա։ Վաղ թե ուշ դուք դա հաստատ կհասկանաք: Ուստի պարզապես արեք հնարավորը՝ անհեթեթությունները բաց թողնելու համար, մնացեք դրական տրամադրված և առաջ շարժվեք նրբանկատությամբ ու նպատակասլացությամբ:

2. Անհաջողությունները, որոնց պատճառով հաճախ կաշկանդվում եք

Երբ կյանքում նպատակներ եք դնում և հաշվարկված ռիսկի դիմում, ի վերջո սովորում եք, որ կլինեն ժամանակներ, երբ կհաջողեք, և կլինեն պահեր, երբ կձախողվեք։ Երկուսն էլ հավասարապես կարևոր են երկարաժամկետ հեռանկարում: Մենք ճանապարհը սովորում ենք ընթացքում:

3. Այն, թե որքան «կատարյալ» ամեն ինչ կարող էր կամ պետք է լիներ

Խելամիտ ձգտումների և պերֆեկցիոնիզմի միջև տարբերությունը հասկանալը շատ կարևոր է պատրանքներից ազատվելու և ձեր կյանքը կառուցելու համար: Պերֆեկցիոնիզմը ոչ միայն անհարկի սթրես և անհանգստություն է առաջացնում՝ միշտ «ճիշտ անելու» մակերեսային պահանջմունքից ելնելով, այլև իրականում խանգարում է ձեզ ընդհանրապես որևէ արժեքավոր բան անել:

4. Լիարժեք ինքնավստահության սպասելը նախքան առաջին քայլն անելը

Ինքնավստահությունն այն ներքին շարժիչ ուժն է, որը դրդում է մեզ շրջանցել մեր դատարկ վախերն ու ինքնակասկածները: Կյանքի ճանապարհին մենք հասկանում ենք, որ հազվադեպ ենք ինքնավստահ լինում նոր ուղիով քայլելիս։ Բայց որքան առաջ ենք գնում և օգտագործում մեր ներքին ու արտաքին ռեսուրսները, մեր ինքնավստահությունն աստիճանաբար ամրապնդվում է: Շատ երիտասարդների թույլ տված տարածված սխալն այն է, որ նրանք ցանկանում են ինքնավստահ զգալ նախքան որևէ բան սկսելը՝ լինի դա նոր աշխատանք, նոր հարաբերություններ, թե տեղափոխություն նոր քաղաք:

Բայց այդպես չի լինում: Դուք պետք է դուրս գաք ձեր հարմարավետության գոտուց և ռիսկի ենթարկեք ձեր հպարտությունը՝ ինքնավստահություն ձեռք բերելու պարգևին արժանանալու համար:

5. Մշտապես մտածելը, թե ինչ շահ ունեք դուք ամեն քայլափոխի

Ժամանակը մեզ սովորեցնում է, որ այս կյանքում մենք գրեթե ոչինչ չենք պահպանում, մինչև այն չենք տալիս ուրիշին. սա վերաբերում է գիտելիքին, ներողամտությանը, օգնությանը, սիրուն, հանդուրժողականությանը, ընդունմանը և այլն: Դեպքերի մեծ մասում դուք պետք է տաք, որպեսզի ստանաք: Այնքան պարզ միտք է, բայց այնքան հեշտ է մոռանալ, որ անշահախնդիր նվիրումը պետք է լինի ԱՌԱՋԻՆԸ: Հենց տալն է, որ ճանապարհ է հարթում դեպի շնորհ և առաջընթաց:

6. Լավ նախաձեռնությունների համար միայն առցանց ակտիվիստ լինելը

Համացանցը շատ ավելի երիտասարդ էր, երբ տատիկս ինձ բռնացրեց առցանց ֆորումներում մարդկանց հետ վիճելիս: Նա հենց այդ պահին ինձ հիշեցրեց, որ թեև համացանցում ակտիվ լինելը լավ է, բայց եթե իսկապես ուզում եք փոփոխություն անել, պետք է խոսքը գործի վերածեք: Այնպես որ, ավելի լավ աշխարհ ունենալու համար միայն համացանցում մի՛ բողոքեք: Սիրեք ձեր ընտանիքին: Եղեք լավ հարևան: Բարություն արեք: Կամուրջներ կառուցեք: Անձամբ մարմնավորեք այն, ինչ քարոզում եք:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

7. Մեծ ու միանգամից փոփոխություն անելու ճնշումը

Երբ մենք երիտասարդ ենք, թվում է, թե որքան արագ՝ այնքան լավ, բայց ժամանակի ընթացքում մենք ականատես ենք լինում «դանդաղ և հաստատուն» քայլերի ուժին: Մենք սովորում ենք, որ սիրո, բարության կամ մեծահոգության ոչ մի արարք, որքան էլ փոքր լինի, երբեք իզուր չի կորչում: Այն փաստը, որ դուք կարող եք սերմ տնկել ու այն ծաղիկ դառնա, կիսվել գիտելիքով ու այն դառնա ուրիշինը, ժպտալ ինչ-որ մեկին ու ի պատասխան ժպիտ ստանալ, ապացույց է, որ ԴՈՒՔ կարող եք մեծ փոփոխություն անել կյանքում և գործում, նույնիսկ եթե դա հնարավոր չէ անել միանգամից:

8. Արագ լուծումները

Որքան հասունանում ենք, այնքան ավելի պարզ ենք տեսնում արագ լուծումների և կարճ ճանապարհների խաբկանքը: Անկեղծ ասած, ես նախկինում հավատում էի, որ միայն երազանքներ պահելն ու աղոթքներն են փոխում իրականությունը, բայց հիմա գիտեմ, որ դրանք փոխում են մեզ, իսկ ՄԵՆՔ ենք փոխում իրականությունը: Մեր ամենօրյա նվիրվածությունն է, որ հարթում է առաջընթացի ճանապարհը:

Եթե մի կողմ դնենք մանրամասները, երբ խոսքը գնում է ձեր կյանքում էական փոփոխություն կատարելու մասին՝ լինի դա բիզնես սկսել, կրթություն ստանալ, նոր հարաբերություններ կառուցել, ընտանիք կազմել, թե ավելի գիտակից դառնալ, դուք պետք է ինքներդ ձեզ մեկ հարց տաք. «Արդյո՞ք պատրաստ եմ ամեն օր մի փոքր ժամանակ տրամադրել այնպես, ինչպես շատերը չեն անի, որպեսզի կարողանամ իմ կյանքի մեծ մասն անցկացնել այնպես, ինչպես շատերը չեն կարող»: Մի պահ մտածեք այդ մասին: Ի վերջո, մենք դառնում ենք այն, ինչ պարբերաբար անում ենք: Գիտելիքի ձեռքբերումը դեռ չի նշանակում, որ դուք աճում եք. աճը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ձեր իմացածը փոխում է ձեր ապրելակերպն ամենօրյա կտրվածքով:

9. Ծրագրերով գերծանրաբեռնված օրացույց ունենալը

Մի՛ խճողեք ձեր կյանքը ծրագրերով: Ազատ տարածություն թողեք: Ժամանակի ընթացքում դուք կհասկանաք, որ շատ հիանալի բաներ տեղի են ունենում անսպասելի, և որոշ մեծ ափսոսանքներ առաջանում են հենց խիստ պլանավորվածին չհասնելու պատճառով: Այնպես որ, կարգավորեք ձեր կյանքը, բայց մի՛ գերծանրաբեռնեք գրաֆիկը: Ստեղծեք այնպիսի հիմք, որն ունի փափուկ վայրէջքի հնարավորություն, սխալվելու լայն սահման և մտածելու ու շնչելու տարածք ամեն քայլափոխի:

Կարդացեք նաև՝ Հրաշալի նամակ տատիկից իր նորածին թոռնուհուն

10. Ամեն ինչ մշտական վերահսկողության տակ պահելը

Որքան մեծանում ենք, այնքան ավելի ենք գիտակցում, թե իրականում որքան քիչ բան է մեր վերահսկողության տակ: Եվ ոչ մի իմաստ չկա ծանրաբեռնել ձեզ այնպիսի բաներով, որոնք չեք կարող կառավարել: Սովորեք վստահել կյանքի ընթացքին, նույնիսկ երբ չեք հասկանում այն: Հաճախ այն, ինչ դուք երբեք չէիք ուզում կամ չէիք ակնկալում, պարզվում է հենց այն է, ինչ ձեզ իրականում պետք է:

11. Ուրիշներին մեղադրելը

Երբևէ հանդիպե՞լ եք հաջողակ մարդու, ով մշտապես խուսափում է պատասխանատվությունից, մեղադրում է ուրիշներին և արդարացումներ փնտրում իր անհաջողությունների համար: Ես նույնպես չեմ հանդիպել: Հաջողակ մարդիկ ընդունում են պատասխանատվությունը իրենց կյանքի ընթացքի համար: Նրանք հավատում են, որ իրենց առաջընթացը սեփական մտածելակերպի, համոզմունքների, վերաբերմունքի, բնավորության և վարքագծի արդյունքն է: Եվ չնայած ժամանակ է պահանջվում սա լիովին ըմբռնելու համար, սա այն դասն է, որն արժե սովորել:

12. Թվերով տարվելը

Մարդիկ կփորձեն գնահատել ձեր արժեքը՝ ելնելով նրանից, թե ինչ ունեք, այլ ոչ թե՝ ով եք դուք: Բայց դուք ավելին գիտեք. փայլուն իրերն ու տպավորիչ թվերն այնքան էլ կարևոր չեն: Մի՛ վազեք միայն փողի հետևից: Մի՛ ընկեք միայն թվերի հետևից: Կենտրոնացեք այն գաղափարների և զբաղմունքների վրա, որոնք ձեզ կյանքով են լցնում: Ձգտեք ավելի մեծ արժեք ունեցող բաների՝ նրանց, որոնք փողով հնարավոր չէ գնել: Կարևորն այն է, որ ունենաք ամուր բնավորություն, ազնիվ սիրտ և ինքնարժեքի զգացում:

13. Մարդկանց իրենք իրենցից փրկելու միտքը

Որոշ մարդիկ երբեք չեն հասկանա ձեզ, և ձեր գործը չէ նրանց սովորեցնել կամ փոխել: Այսօր առաջնահերթություն տվեք ձեր հոգեկան անդորրին: Լուրջ, դուք պարզապես չեք կարող փրկել որոշ մարդկանց իրենք իրենցից, այնպես որ չափազանց խորը մի՛ ներքաշվեք նրանց դրամայի մեջ: Նրանք, ովքեր մշտական քաոս են ստեղծում իրենց կյանքում, միևնույն է, չեն գնահատի ձեր միջամտությունը: Նրանք ուզում են, որ դուք խղճաք իրենց, բայց չեն ուզում փոխվել. համենայն դեպս՝ դեռ պատրաստ չեն: Եվ կրկնում եմ՝ ձեր գործը չէ նրանց շտապեցնելը:

14. Ուրիշների եսասիրական և արհամարհական արարքները

Եթե ամեն ինչ անձնականավորեք, ձեր ամբողջ կյանքում միշտ վիրավորված կլինեք, իսկ դա հաստատ չարժե դրան: Ինչ-որ պահի միանգամայն պարզ է դառնում, որ այն, թե ինչպես են մարդիկ ձեզ վերաբերվում, իրենց խնդիրն է, իսկ թե ինչպես եք դուք արձագանքում՝ ձերը: Սկսեք լիովին վայելել այն զարմանալի ազատությունը, որը գալիս է, երբ դուք կտրվում եք ուրիշ մարդկանց կարծիքներից ու քմահաճույքներից:

15. Յուրաքանչյուր վեճում հաղթելը

Մի՛ չափեք ձեր խելքը կամ արժեքը շահած վեճերի քանակով, այլ չափեք այն անգամներով, երբ ինքներդ ձեզ վստահորեն ասել եք. «Այս անհեթեթությունն ուղղակի չարժե իմ ժամանակին»: Հեռացեք արագ, երբ անհրաժեշտ է, քանի որ քիչ բաներ կան, որոնց համար արժե երկար վիճել: Եվ փորձեք չափսոսալ այն բարության և հարգանքի համար, որը ցուցաբերել եք սխալ մարդկանց նկատմամբ. ձեր պահվածքն ամեն ինչ ասում է ձեր մասին, իսկ նրանց պահվածքը լիովին բացահայտում է իրենց: Շարունակեք ապրել՝ պահպանելով ձեր արժանապատվությունը:

16. Ուրիշներին իրենց թերությունների համար քննադատելը

Մենք բոլորս էլ ունենում ենք օրեր, երբ մեր լավագույն վիճակում չենք լինում: Եվ որքան մեծանում ենք, այնքան ավելի ենք գիտակցում, թե որքան կարևոր է մարդկանց ներողամտորեն վերաբերվելը. հենց այնպես, ինչպես հուսով ենք, որ աշխարհը մեզ կվերաբերվի մեր իսկ վատ օրերին: Իրականում, դուք երբեք չգիտեք, թե ինչի միջով է անցել ինչ-որ մեկն իր կյանքում, կամ ինչի միջով է անցնում հենց այսօր: Պարզապես եղեք բարի, մեծահոգի ու հարգալից… և շարունակեք ձեր ճանապարհը:

17. Հասարակության տարվածությունը արտաքին գեղեցկությամբ

Տարիքի հետ ձեր արտաքին տեսքը գնալով ավելի ու ավելի պակաս կարևոր է դառնում, իսկ այն, թե ով եք դուք ներքուստ, դառնում է ամենահետաքրքիրը: Ի վերջո դուք հասկանում եք, որ իրական գեղեցկությունը գրեթե կապ չունի արտաքինի հետ. դա այն է, թե ինչպիսի մարդ եք դուք, ինչպես են մարդիկ իրենց զգում ձեր կողքին և ամենակարևորը՝ ինչպես եք դուք ձեզ զգում:

18. Շքեղ և գլամուրային իրերը

Թանկարժեք իրերի ձեր անձնական ցանկությունների ցուցակը հակված է գնալով փոքրանալու տարիքի հետ, որովհետև այն բաները, որոնք դուք իսկապես ուզում եք և որոնց կարիքն ունեք, այն փոքրիկ բաներն են, որոնք հնարավոր չէ գնել:

19. Մակերեսային հարաբերությունները, որոնք պարզապես խլում են ձեր ժամանակը

Հաճելի է ծանոթներ ունենալը և հիանալի է ընկերասեր լինելը: Բայց մի՛ տարվեք և մի՛ վատնեք ձեզ չափազանց շատ: Բավականաչափ ժամանակ թողեք նրանց համար, ովքեր ամենակարևորն են: Ձեր ժամանակը խիստ սահմանափակ է, և վաղ թե ուշ դուք պարզապես կուզեք լինել այն քիչ մարդկանց կողքին, ովքեր ստիպում են ձեզ ժպտալ իսկական պատճառներով:

20. Հեռավոր ապագայի հնարավորությունները

Ժամանակի ընթացքում դուք բնականաբար ունենում եք ավելի շատ անցյալ և ավելի քիչ ապագա: Ուստի հեռավոր ապագան աստիճանաբար պակաս արժեք է ներկայացնում անձամբ ձեզ համար: Բայց դա իրականում էական չէ, որովհետև լավ կյանքը միշտ սկսվում է հենց հիմա՝ այն պահին, երբ դուք դադարում եք սպասել ավելի լավին:

Հիշեք, որոշ մարդիկ ամբողջ օրը սպասում են երեկոյան ժամը 5-ին, ամբողջ շաբաթ՝ ուրբաթին, ամբողջ տարի՝ արձակուրդներին, ողջ կյանքում՝ երջանկության։ Մի՛ եղեք նրանցից մեկը: ԿՅԱՆՔԸ հենց հիմա է: Բաց մի՛ թողեք այն:


Ձեր հերթն է…

Այո՛, այսօր ձեր հերթն է քայլել տատիկիս հետքերով՝ ապրել մի կյանքով, որը եռում է ու ստիպում ձեզ բարձրաձայն ծիծաղել: Որովհետև դուք չեք ուզում հասնել կյանքի մայրամուտին կամ նույնիսկ վաղվա օրվան ու հասկանալ, որ ձեր ամբողջ կյանքը հանդիպումների և «մի օր»-երի, հանձնարարությունների, անդորրագրերի ու դատարկ խոստումների հավաքածու է եղել: Այնպես որ, գնահատեք այն, ինչ ունեք այսօր, արժևորեք այն մարդկանց ու երևույթները, որոնք իսկապես կարևոր են, և առաջ շարժվեք դրամաներից ու շեղող հանգամանքներից հեռու՝ գլուխներդ բարձր պահած…

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
20 մանրուք, որոնց համար 90-ամյա իմաստնությունն ինձ խորհուրդ տվեց այլևս չանհանգստանալ
Ահա թե ինչ էր ասում Բոբ Մարլին սիրո և հարաբերությունների մասին
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց