fbpx

Բացառիկ ներքին ուժ ունեցող մարդկանց 14 հազվադեպ սովորությունները

Բացառիկ և արտասովոր ներքին ուժ ունեցող մարդիկ հաճախ աչքի են ընկնում քննադատությունը հանգիստ ընդունելու և իրենց սխալների համար պատասխանատվություն ստանձնելու ունակությամբ: Նրանց հաջողվում է պահպանել հավասարակշռությունը նույնիսկ կյանքի դժվարություններին բախվելիս: Թեև շատերը կարծում են, թե հոգեկան տոկունությունը ենթադրում է զգացմունքների ճնշում, իրականությունն այն է, որ էմոցիոնալ առումով ուժեղ մարդիկ սովորաբար ունեն ինքնաճանաչողության անհավանական բարձր մակարդակ և զարգացած էմոցիոնալ ինտելեկտ:

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Ներքին ուժը կառուցվում է այն սկզբունքների հիման վրա, որոնք ձևավորում են մարդու արձագանքը սթրեսին, հարաբերություններին և անձնական անհաջողություններին: Հստակ սահմաններ գծելով և անձնական աճի ձգտելով՝ ուշագրավ ներքին ուժ ունեցող մարդիկ հաճախ ձեռք են բերում այնպիսի սովորություններ, որոնք նրանց դարձնում են ավելի ճկուն, վստահ և էմոցիոնալ առումով հավասարակշռված:

Ահա բացառիկ ներքին ուժ ունեցող մարդկանց 14 հազվադեպ սովորությունները.

1. Նրանք կառավարում են իրենց զգացմունքային արձագանքները

Բացառիկ ներքին ուժ ունեցող մարդիկ թույլ չեն տալիս, որ զգացմունքները կառավարեն իրենց վարքագիծը: Իմպուլսիվ արձագանքելու փոխարեն՝ նրանք ժամանակ են տրամադրում սեփական ապրումները վերլուծելուն, ինչն օգնում է հանգստություն պահպանել նույնիսկ սթրեսային իրավիճակներում:

Էմոցիոնալ ինտելեկտը հոգեկան բարեկեցության հիմքն է: Կարո՞ղ եք արդյոք վերահսկել Ձեր արձագանքն այլ մարդկանց գործողություններին: Կարո՞ղ եք պատասխանատվություն կրել Ձեր իսկ արարքների համար: Արդյո՞ք ընկճվում եք բուռն էմոցիաներից, թե՞ կարողանում եք ինքնուրույն հաղթահարել դրանք: Հետազոտությունները պարզել են, որ ավելի բարձր էմոցիոնալ ինտելեկտ ունեցող մարդիկ հակված են ավելի քիչ սթրես ապրելու և մշակում են դժվարությունների հաղթահարման ավելի առողջ մեխանիզմներ։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է էմոցիոնալ վերահսկողության կարևորությունը տոկունության և հոգեկան բարեկեցության համար:

Ունենալով հոգեկան տոկունության ամուր հիմք՝ նրանք հազվադեպ են գործում անտրամաբանական կամ զայրույթի ազդեցության տակ: Փոխարենը, նրանք արագորեն կարեկցում են դիմացինին՝ միաժամանակ հասկանալով և վերլուծելով սեփական էմոցիաները, ինչը շատ ավելի լավ արդյունքի է հանգեցնում, քան պարզապես ռեֆլեքսորեն պաշտպանվելը:

2. Նրանք կառուցողական քննադատությունն անձնավորված չեն ընդունում

Հոգեպես ուժեղ մարդիկ բավականաչափ ինքնավստահ են, որպեսզի լսեն կարծիքներ՝ թույլ չտալով, որ դրանք հարվածեն իրենց ինքնասիրությանը: Պաշտպանվելու փոխարեն՝ նրանք փնտրում են օգտակար մտքեր, որոնցից կարող են նոր բան սովորել:

Վստահ լինելով սեփական կարողություններին, հոգեկան տոկունությանն ու աշխարհայացքին՝ նրանք չեն վիրավորվում ուրիշների կառուցողական քննադատությունից կամ արձագանքներից:

Փոխարենը շրջապատից հաստատում փնտրելուն՝ նրանք վստահ են իրենց անձնական աճի հարցում և կարող են լսել այլ մարդկանց կարծիքները՝ թույլ չտալով, որ դրանք փչացնեն իրենց տրամադրությունը կամ ազդեն արձագանքի վրա:

3. Նրանք պատրաստ են ընդունել իրենց սխալը

Ներքին ուժը ենթադրում է նաև սխալների համար պատասխանատվություն ստանձնելու ունակություն: Պատասխանատվությունից խուսափելու փոխարեն՝ նրանք տեր են կանգնում իրենց արարքներին և կենտրոնանում ապագայում ավելի լավ գործելու վրա:

Ունենալով սեփական մտքերի հանդեպ վստահության և ինքնահաստատման ուժեղ զգացում՝ հոգեպես տոկուն մարդիկ սովորաբար հեշտությամբ են ընդունում իրենց սխալը: Նույնիսկ եթե պահանջվում է թերապիայի սեանս կամ մի ամբողջ գիշեր՝ սեփական զգացմունքները հասկանալու համար, նրանց պետք չէ ստիպել ներողություն խնդրել: Հետազոտությունները ցույց են տվել, որ ամենաարդյունավետ ներողությունն այն է, երբ հստակորեն ընդունվում է պատասխանատվությունը սխալի համար, ինչն օգնում է վերականգնել վստահությունն ու շտկել հարաբերությունները:

Նույնիսկ ամենավստահ և ինքնաճանաչ մարդիկ են սխալներ թույլ տալիս: Պատասխանատվություն ստանձնելն ու անկեղծ ներողություն խնդրելը մարդուն չեն վատացնում. իրականում, առաջ շարժվելը հաճախ շատ ավելի հեշտ է դառնում, երբ պատասխանատվությունն ամբողջությամբ ստանձնվում է:

4. Նրանք փոխում են իրենց վարքագիծը, երբ դիմացինն աջակցության կարիք ունի

Էմոցիոնալ առումով ուժեղ լինելը չի նշանակում լինել անզիջում: Բացառիկ ներքին ուժ ունեցող մարդիկ ճկուն են և կարեկցող. նրանք պատրաստ են փոխել իրենց ծրագրերը կամ վարքագիծը, երբ տեսնում են, որ դիմացինը դժվարությունների միջով է անցնում:

Չնայած իրենց ինքնավստահությանը՝ նրանք չեն խորշում իրավիճակին հարմարվելուց: Օրինակ, եթե ինչ-որ մեկն իրեն տագնապած կամ անհարմար է զգում մարդաշատ միջավայրում, նրանք կարող են առաջարկել ավելի հանգիստ զբաղմունքներ: Նույնիսկ եթե դա իրենց առաջնային ընտրությունը չէ, նրանք դա անում են պարզապես օգնելու համար, որ մյուսներն իրենց ավելի հանգիստ զգան:

Թեև որոշ մարդկանց մոտ միջավայրին արագ հարմարվելու սովորությունը (քամելեոնանման բնավորությունը) կարող է անվստահության նշան լինել, ուժեղ մարդկանց դեպքում զիջելու պատրաստակամությունը բխում է կարեկցանքից: Նրանք պատրաստ են լինել ճկուն, էմպաթիկ և բարի, երբ իրավիճակը դա է պահանջում:

5. Նրանք հավատում են իրենց նպատակների իրագործելիությանը

Հոգեպես տոկուն մարդիկ թույլ են տալիս իրենց մեծ երազել՝ միաժամանակ գործնական քայլեր ձեռնարկելով իրենց նպատակների ուղղությամբ: Անհաջողություն կանխատեսելու փոխարեն՝ նրանք կենտրոնանում են կայուն առաջընթացի վրա:

Բացառիկ ներքին ուժ ունեցող մարդիկ իրենց ապագայի մասին մտածելիս հավասարակշռություն են պահպանում գործնականության և երևակայության միջև: Նրանք չեն վախենում գնալ իրենց երազանքների հետևից, նույնիսկ եթե դա պահանջում է այսօր փոքրիկ քայլ անել:

Մարդկանց մտածելակերպը հաճախ ազդում է նրանց գործողությունների վրա: Հոգեբան Ալբերտ Բանդուրայի՝ ինքնաարդյունավետության վերաբերյալ հետազոտությունը ցույց է տալիս, որ այն մարդիկ, ովքեր հավատում են, որ կարող են հասնել իրենց նպատակներին, շատ ավելի հավանական է, որ կպահպանեն մոտիվացիան և գործը կհասցնեն ավարտին: Ինքներս մեզ հիշեցնելը, որ մեր նպատակներն իրատեսական են և հասանելի, իսկապես կարող է ոգևորել և բարձրացնել վստահությունը՝ նպատակակետին ընդառաջ գնալիս:

6. Նրանք պահպանում են անկախության զգացումը

Ուժեղ ներքին դիմադրողականություն ունեցող մարդիկ կարող են ապավինել ուրիշներին, երբ դրա կարիքը կա, բայց նրանք կախված չեն շրջապատից՝ իրենց էմոցիոնալ կայունությունը կամ սեփական «ես»-ի զգացումը պահպանելու համար:

Բացառիկ ներքին ուժ ունեցող մարդիկ հակված են լինել ինքնաբավ: Սա չի նշանակում, որ նրանք երբեք աջակցություն չեն խնդրում ուրիշներից. նրանք պարզապես կախված չեն որևէ մեկից՝ իրենց էմոցիոնալ հավասարակշռությունը կամ առողջ կենսակերպը պահպանելու հարցում: Դրանք բաներ են, որոնց մասին նրանք ի վիճակի են հոգ տանել ինքնուրույն:

Միացեք մեր Telegram ալիքին

Միանալ Telegram-ին

7. Նրանք հստակորեն գծում են իրենց սահմանները

Էմոցիոնալ առումով ուժեղ մարդիկ չեն վախենում բարձրաձայնել, թե ինչի կարիք ունեն հարաբերություններում: Նրանք հարգանքով են գծում իրենց սահմանները և ջանք են գործադրում՝ հարգելու ուրիշներինը:

Նրանք չեն խուսափում իրենց կյանքում գտնվող մարդկանց հետ սահմանները հստակեցնելուց, ինչի շնորհիվ նրանց հարաբերությունները հաճախ ծաղկում են: «Սոցիալական և անձնական հարաբերությունների ամսագրում» հրապարակված հետազոտությունը պարզել է, որ կարիքների և ակնկալիքների հստակ արտահայտումը սերտորեն կապված է ավելի առողջ և գոհացուցիչ հարաբերությունների հետ: Սեփական սահմաններն ամրապնդելուն զուգահեռ՝ արտասովոր ներքին ուժ ունեցող մարդիկ նաև ուշադիր են դիմացինի սահմանները հարգելու հարցում և կարող են անգամ զրույցներ նախաձեռնել՝ ավելի լավ հասկանալու համար, թե ուրիշներն ինչի կարիք ունեն, ինչ են ցանկանում և ակնկալում:

Կարդացեք նաև՝ Ուժեղ մարդկանց 8 համոզմունք. թույլ մարդը երբեք այսպես չի մտածում

8. Նրանք կարեկցանք են դրսևորում ուրիշների հանդեպ

Շատ հոգեպես ուժեղ մարդիկ խորապես էմպաթիկ են: Քանի որ բացառիկ ներքին ուժ ունեցող մարդիկ հասկանում են, թե որքան դժվար կարող է լինել կյանքը, նրանք հաճախ անում են հնարավոր ամեն ինչ՝ ուրիշներին աջակցելու համար, երբ դրա հնարավորությունն ունեն:

Նրանք հասկանում են, թե ինչ է նշանակում լինել շփոթված, վախեցած կամ նույնիսկ մեկուսացած, և ջանք են գործադրում խորհուրդ տալու կամ պարզապես հենարան դառնալու համար: Նույնիսկ փոքրիկ, անցողիկ պահերին հոգեպես տոկուն մարդիկ գիտակցում են, թե ինչպես կարող են բարության պարզ դրսևորումները, օրինակ՝ անծանոթին ժպտալը, դրականորեն փոխել իրավիճակը:

9. Որոշումներ կայացնելիս նրանք հավասարակշռում են տրամաբանությունն ու զգացմունքները

Հոգեբան Ռոբերտ Ջ. Սթերնբերգը նկարագրում է իմաստությունը որպես ռացիոնալ մտածողությունը էմոցիոնալ ընկալման հետ համատեղելու ունակություն: Ներքին ուժ ունեցող մարդիկ որոշումներ կայացնելիս հաճախ առաջնորդվում են երկուսով էլ:

Բազմակողմանի զարգացած և տոկուն անհատներն օգտագործում են և՛ բանականությունը, և՛ էմոցիաները՝ ճիշտ որոշումներ կայացնելու և կյանքում հաջողությամբ առաջ շարժվելու համար: Հոգեկան տոկունությունը հաճախ պահանջում է անձնական աճը հավասարակշռել ուրիշների հանդեպ հոգատարության հետ, և այդ հավասարակշռությունը միշտ չէ, որ հեշտ է պահպանել: Եթե այդպես լիներ, շատ ավելի մեծ թվով մարդիկ կհամարվեին իսկապես իմաստուն:

10. Նրանք գիտակցում են իրենց անձնական թույլ կողմերը

Ինքնաճանաչողությունը ներքին ուժի կարևորագույն բաղադրիչն է: Հոգեպես տոկուն մարդիկ ճանաչում են այն ոլորտները, որտեղ դեռ աճելու կարիք ունեն, և ակտիվորեն աշխատում են դրանք բարելավելու ուղղությամբ:

Իրենց բացառիկ ներքին ուժին զուգահեռ՝ նրանք նաև գիտակցում են իրենց թուլություններն ու այն ոլորտները, որտեղ դեռ պետք է աշխատեն: Անկախ նրանից՝ դա նշանակում է լինել ավելի լավը զուգընկերոջ համար, թե ավելի շատ ժամանակ տրամադրել սեփական կարիքների շուրջ խորհելուն, նրանք գիտակցում են այդ սահմանափակումները և ջանք են գործադրում զարգանալու համար:

11. Նրանք ընտրում են այնպիսի միջավայր, որը նպաստում է իրենց աճին

Այն իրավիճակների հետ համակերպվելու փոխարեն, որոնք արգելակում են իրենց, էմոցիոնալ առումով ուժեղ մարդիկ փնտրում են միջավայրեր և հարաբերություններ, որոնք նպաստում են անձնական աճին:

Որոշ մարդիկ հարմարավետություն են գտնում այնպիսի ընկերական հարաբերություններում, որոնք չեն նպաստում իրենց աճին, իրականությունից փախչելու սովորություններում կամ աշխատանքում, որը հազվադեպ է մարտահրավերներ առաջադրում: Մինչդեռ, արտասովոր և բացառիկ ներքին ուժ ունեցող մարդիկ փնտրում են միջավայրեր, որտեղ կարող են իրենց լավ զգալ՝ միաժամանակ շարունակելով զարգանալ:

Նրանք հակված են հստակ պատկերացում ունենալ այն մասին, թե ինչ են ուզում, ինչպիսի կենսակերպի են ձգտում և որ թուլություններն են փորձում բարելավել: Հոգեբան Քերոլ Դուեքի՝ աճի մտածելակերպի վերաբերյալ հետազոտությունը ենթադրում է, որ մարդիկ, ովքեր հավատում են սեփական ունակությունների բարելավման հնարավորությանը, ավելի հավանական է, որ կընդունեն մարտահրավերները և կձգտեն գտնվել այնպիսի միջավայրերում, որոնք աջակցում են ուսուցմանն ու զարգացմանը: Դրա շնորհիվ նրանք կարողանում են տարբերակել առողջ միջավայրերը և ակտիվորեն ընտրել այնպիսի տարածքներ, որոնք օգնում են իրենց բարգավաճել:

12. Նրանք անդավաճան են մնում իրենց տեսակին

Բացառիկ ներքին ուժ ունեցող մարդիկ հակված են մնալ անկեղծ ու բնական կյանքի բոլոր ոլորտներում: Անկախ նրանից՝ նրանք աշխատավայրում են, ընկերների հետ, թե բախվում են մարտահրավերների, նրանք հավատարիմ են մնում իրենց արժեքներին և ինքնությանը:

Զուգընկերներին աջակցելուց մինչև ընկերների կողքին լինելը և աշխատավայրում փոփոխություններին հարմարվելը՝ նրանք անդավաճան են մնում իրենց տեսակին: Դժվարություններին դիմակայելիս նրանք հակված են լինել նորարար, անկախ, կարեկցող և հոգեպես տոկուն:

Նրանք նաև հասկանում են, թե ինչպես կարգավորել զգացմունքները և հոգ տանել իրենց մասին մտավոր կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակաշրջաններում: Այս գիտակցումն օգնում է նրանց ժամանակի ընթացքում պահպանել կայունությունը, նույնիսկ եթե դա նշանակում է որոշ ժամանակով մեկուսանալ՝ լարվածությունը թոթափելու և սեփական կարիքների վրա կենտրոնանալու համար:

13. Նրանք հավասարակշռում են ինքնաընդունումն ու ինքնակատարելագործումը

Անընդհատ ինքն իրեն վերափոխելու փորձերի փոխարեն՝ արտասովոր ներքին ուժ ունեցող մարդիկ ընդունում են իրենց այնպիսին, ինչպիսին կան՝ միաժամանակ աշխատելով աճի ուղղությամբ: Հոգեպես տոկուն մարդիկ ինքնակատարելագործումը չեն օգտագործում իրենց ինքնությունից, սխալներից կամ անցյալի որոշումներից խուսափելու համար: Փոխարենը, նրանք հավասարակշռում են ինքնաընդունումը աճի հետ՝ գրկաբաց ընդունելով իրենց ներկայիս տեսակը, բայց և գիտակցելով բարելավման ենթակա ոլորտները:

Հոգեբան Քրիստին Նեֆֆի կողմից ինքնակարեկցանքի վերաբերյալ արված հետազոտությունը պարզել է, որ այն մարդիկ, ովքեր սխալներից հետո իրենց վերաբերվում են ըմբռնումով, իրականում ավելի մոտիվացված են կատարելագործվելու և պատասխանատվություն ստանձնելու իրենց արարքների համար: Ինքնավերլուծությունից խուսափելու փոխարեն՝ նրանք իրենք իրենց բարդ հարցեր են տալիս և ժամանակ են հատկացնում սեփական մտքերն ու վարքագիծը քննելուն:

14. Նրանք լիարժեք պատասխանատվություն են կրում իրենց ընտրության համար

Բացառիկ ներքին ուժ ունեցող մարդիկ հասկանում են, որ հենց իրենց որոշումներն են կերտում իրենց կյանքը: Նրանք տեր են կանգնում իրենց ընտրությանը և սովորում են ինչպես հաջողություններից, այնպես էլ սխալներից:

Անկախ նրանից՝ նրանք լավ, թե վատ որոշումներ են կայացրել, նրանք չեն վախենում պատասխանատվություն կրել իրենց արարքների համար, լինի դա աշխատավայրում, հարաբերություններում, թե սեփական կյանքի շուրջ խորհելիս:

Հոգեպես տոկուն մարդիկ հակված են ավելի քիչ ափսոսանքներ ունենալ, քանի որ պատասխանատվություն են կրում իրենց ընտրությունների համար և դասեր են քաղում դրանցից: Նրանք իրենց հարմարավետ են զգում այնպես, ինչպես կան, պատրաստ են ընդունել մարտահրավերներ և հանձնառու են աճել ու սովորել իրենց փորձառությունից:

Արտասովոր և բացառիկ ներքին ուժ ունեցող մարդիկ կենտրոնանում են տրված հանգամանքներում առավելագույնն անելու վրա՝ միաժամանակ շարունակելով աշխատել իրենց նպատակների և երազանքների իրագործման ուղղությամբ:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Բացառիկ ներքին ուժ ունեցող մարդկանց 14 հազվադեպ սովորությունները
Րաֆֆի «Խենթը», մեջբերումներ գրքից
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց