Րաֆֆի «Խենթը», մեջբերումներ գրքից

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Ներկայացնում ենք մեջբերումներ Րաֆֆու «Խենթը» գրքից, որոնք հատկապես արդիական են հիմա՝ հայերի համար այս ժամանակաշրջանում.

Անցյալը ուղղել չենք կարող, խոսենք ներկայի վրա…

Մենք հայ ենք աստծու անեծքը գրած է մեր ճակատի վրա: Անմիաբանությունը, երկպառակությունը, նախանձը, թշնամությունը և հազար ու մեկ այս տեսակ չարություններ շատ ժամանակներից բույն են դրել մեր հոգու մեջ, և մենք կրում ենք այդ մեղքերի պատիժը: Թշնամին մեղավոր չէ, եթե մեր մեջ սիրտ լիներ, միություն լիներ, հիմար թշնամին ի՞նչ կարող էր անել:

Մեծ ավազակի հետ բարեկամ լինելով, մարդ ազատվում է փոքր ավազակի ձեռքից:

Թշնամու հետ այլ կերպ կարելի է վարվել, եթե նա էլ մեզ նման մարդ է, եթե նրա մարմինը երկաթից շինված չէ, բայց երբ նա զենքերով գալիս է մեզ կողոպտելու, կարելի է զենքով պատասխանել նրան:

Երկիր առանց ավազակի չի լինում:

Գազանները ավելի կատաղում են, երբ սկսում են սիրել, բայց մարդը քնքշանում է:

Բոլոր անբախտությունները մարդու համար են… ինչ ցավ, որ աստված ուղարկում է, մենք պետք է տանենք համբերությամբ…

Խեղճ մարդիկ, ամեն անբախտության մեջ մխիթարություն են գտնում աստծուն և միայն աստծուն վերագրելով այն բոլոր տառապանքները, որ կրում են այս աշխարհում: Կարծես թե աստված անբախտությունների հեղինակ լիներ:

Մարդիկ պահանջում են, որ մարդը դրսից ուրիշ կերպարանք ունենա, իսկ ներսից ուրիշ, նրանք սաստիկ ատում են ճշմարտաղոսին:

Սերը, որ շատերի մեջ ուրախություն էր, և բավականություն էր ծնեցնում, որ շատերին խելքից հանում է, շատերի սիրտը լցնում է մի սրբազան զգացմունքով, և քաղցրացնում է նրանց կյանքի դառնությունները,- սերը տխրեցրել էր այդ մարդուն:

Կռվի մեջ հայտնված ամեն ճշմարտություն կասկածավոր է թվում:

Փորձանքը խմբով է գալիս, երբ կամենում է խավարեցնել մի խաղաղ ընտանիքի բարօրությունը:

Երբ հայը իր համազգիների հետ վարվում է ավելի վատթար, քան թուրքը, այդ եղեռնագործությանը դժվար է համբերել:

Համբերությունը մա՛հ է… գերեզմանի մեջ միայն մարդը սովորում է համբերող լինել…. Մի այսպիսի հրեական համբերությունը, որ ունենք մենք, տանում է դեպի անդառնալի կորուստը:

Հայերը իրենց լռությունով, իրենց համբերությունով և իրենց մեծահույս սպասելով ոչինչ չեն ստանա: հայերը պետք է բողոքեն:

Ով որ զենք գործածել չգիտե, ով որ արյուն թափելու և մարդիկ կոտորելու ընդունակություն չունի, նրան ասում են՝ դու ազատ լինելու իրավունք չունես: Եթե հայերը ցանկանում են մի բան ստանալ և ազատ լինել, պետք է ցույց տան, թե իրենք ևս զուրկ չեն քաջությունից, թե իրենք ևս սպանել գիտեն:

Բնությունը բոլոր էակների տվել է իրենց նմանների հետ կռվելու ընդունակություն: Միայն մեռած մարմինները մնում են անշարժ և իրենց անձը պաշտպանել չգիտեն, որովհետև նրանք կյանք չունեն: Բայց ուր կյանք կա, այնտեղ կա և բնական կռիվ:

ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՍՈՒՐ ՎԵՐ ԱՌՆԵՆՔ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՈՐ ՄԵՐ ՀԱՅՐԵՐԻՑ ՄԵԶ ՄՆԱՑԱԾ ՀՈՂԻ ՎՐԱ ՄԻԱՅՆ ՄԵՆՔ ԲՆԱԿՎԵՆՔ:

Ամեն մի հայ առանձին վեր առած, զգույշ է, մտածող, անվստահ է և սեփական կամք չունի: Նա միշտ սպասում է օրինակի, որ ուրիշը սկսե, իսկ ինքը նրան հետևի:

Նա, որ ատել չգիտե, զուրկ է մնում սիրո զգացմունքից…

Հրապարակման ներկայացրեց՝ Էլ Սմբատյանը

[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

MediaMag
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց