Սէրս մի տենդ է, որ խուսափում է ապաքինումից
Եւ կարօտակէզ ըմպել է ուզում թունոտ բաժակը,
Ցաւերով սնւում, որ չկազդուրուի հիւանդութիւնից
Եւ տառապանքով միշտ բաւարարում իր ախորժակը:
Ողջախոհութիւնն` իմ հիւանդ սիրոյ բժիշկն անողոք,
Զայրացած, որ իր դեղատոմսերը իմ սէրը պատռեց,
Հեռացաւ ինձնից, որ ընդդէմ մահուան չունենամ բողոք,
Թէեւ զօրաւոր բժշկութիւնը նրան բացառեց:
Ո՜ւշ է ինձ բուժել, երբ ցնորքներն են պատել ինձ այնպէս,
Որ ցնորամիտ մտորումներում ես չունեմ դադար.
Գիշեր ու ցերեկ խորհում եմ, խօսում մտագարի պէս`
Անխոհեմաբար խեղաթիւրելով ճշմարիտն արդար.
Երդուել եմ, որ դու չքնաղ ես, պայծառ. սո՛ւտ եմ երդուել, սո՛ւտ.
Երբ դժոխքի պէս սեւ է քո դէմքը, գիշերուայ պէս մութ:
Վա՜յ իմ խեղճ գլխին, այս ի՞նչ աչքեր է սէրը ինձ տուել,
Որ խաբում են միշտ իմ ճշմարտատես տեսողութեանը,
Իսկ թէ չեն խաբում, արդեօք ո՞ւր են իմ մտքերը չքուել`
Կեղծ ու անվաւեր մեկնութիւն տալով ճշմարտութեանը:
Եթէ իսկապէս իմ կեղծ աչքերի չքնաղ պաշտելին
Անզուգական է, ինչո՞ւ է աշխարհն հակառակն ասում.
Ուրեմն սիրոյ աչքը նման չէ մարդկանց աչքերին,
Եւ ամենատես ճշմարտութիւնն է նրան պակասում:
Ինչպէ՞ս կարող է սիրոյ կոյր աչքը տեսնել ամէն ինչ,
Երբ անքնութեամբ ու արցունքներով տանջւում է ինքը.
Պէտք չէ զարմանալ, թէ իմ աչքերը չեն տեսնում ոչինչ,-
Արեգակն անգամ ոչինչ չի տեսնում, երբ փակ է երկինքը:
Ո՛վ խորամանկ սէր, դու արցունքներով ինձ կուրացրեցիր,
Որ սուր աչքերը երբեք չտեսնեն մեղքերդ զազիր:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:
Սեղմիր «Like» և ստացիր լավագույն հոդվածները Facebook-ում ↓