fbpx

Պարույր Սևակ – Սուրճի բաժակի դիմաց


Ու հանդիպել ես ինձ մտքումըս լոկ:
Բայց իրական ես, ինչպես բուրմունքը
Հողի՛,
Վարունգի՛,
Խոտի՛,
Մատիտի՛:
Եվ ես ուզում եմ, որ շրջապատես
Ինձ ա՛յդ բույրով,
Լոկ ա՛յդ բույրով՝
Հողի՛,
Վարունգի՛,
Խոտի՛,
Մատիտի՛՝
Բույրով մանկության,
Բույրով մաքրության…

Ի՜նչ զարմանալի աչքեր ունես դու.
Կարծես թե լինեն երկվորյակ լճեր
Հին հրաբխի զույգ խառնարանում:

Ի՜նչ հրաշագործ նայվածք ունես դու,
Ինչի նայում ես՝ քե՜զ ես նկարում:

Ծոծրակդ կարծես մթին անտառի բացատ է գողտրիկ,
Ուր սփռված են միայն հասմիկներ:

Մազերիդ բույրից
Հին աստվածներն են հարություն առնում
Դանբարանում իրենց՝
Ռունգերում իմ տաք:

Քնքշորեն ասված ամեն խոսքը քո
Եթեր է ճամփում ռադիոալիքներ,
Որոնց կարող է ամե՜ն ոք որսալ,
Ով երջանկության տառերը գիտի:

Քո նայվածքի հետ
Ինքըդ քեզանից զատվում- անջատվում,
Շարժանակարի ժապավենի պես,
Որ… հազարնե՜րը հիանան` ձրի՛:

…Հազարի՜ նման մի աղջիկ ես դու,
Ում գտել եմ ես՝ մեկըս հազարից,
Եվ հիմա՝
Քեզանից աստծու՜ չափ հեռու,
Նստած եմ ահա տխուր-երջանիկ
Ու դեռ փակ կրծքիդ տաք կաղապարով՝
Ճերմակ գավաթով, սև սուրճ ես խմում,
Որ անքնությունն իր բույնը հյուսի
Լարված ջղերիս մերկ ծառի վրա:

Ու եթե մեկը սուրճով բախտ բացեր,
Ապա կարող էր գուշակել անսուտ,
Որ ես ինքնակամ ու սիրահոժար
Մնացած կյանքիս կեսը կտայի,
Միայն տեսնեի գրկիդ… թուխ մանուկ,
Ինչպես որ քեզ եմ իմ գրկում տեսել…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag