Ոչ ոք անմահ չէ, եղբա՛յր, և ոչինչ հավիտյան չի մնում:
Այդ լավ իմացած եղիր և խնդա ուրախ:
Կյանքը հին սովորական բեռը չէ, և ոչ էլ երկար է մեր բռնած ճամփան:
Միշտ միակ և նույն երգիչը չէ, որ երգում է և ոչ էլ հավիտյան նույն հին երգն է նա երգում:
Ծաղիկը թառամում է ու մեռնում, բայց նա՝ ում ձեռքին է այդ ծաղիկը, հավիտյան չպիտի արտասվի նրա համար:
Այդ լավ իմացած եղիր, եղբա՛յր, և խնդա ուրախ:
Բացարձակ լռությունն է միայն, որ պսակում է երգի կատարելությունը:
Կյանքը ոսկեղեն ստվերները սուզվելու համար թեքվում է արևմուտք:
Սերն էլ, արցունքների երկինքը համբառնալու համար՝ պետք է թողնի իր խաղերն ու սպառի բոլոր տանջանքը:
Այդ լավ իմացիր, եղբա՛յր, և խնդա ուրախ:
Մենք բոլորս էլ շտապում ենք մեր ծաղկունքը քաղելու, որ սլացող քամին նրան չտանի:
Ու մեր արյունը եռում է ուժգին՝ աչքերը փայլատակում են, երբ մենք քաղում ենք համբույրները, որ պիտի կորչեն, եթե հապաղենք:
Ագահ, անհամբեր է մեր կյանքը, բուռն են ցանկությունները, որովհետև ժամանակը զարկում է զանգակը բաժանման:
Այդ լավ իմացած եղիր, եղբա՛յր, և խնդա ուրախ:
Մենք այնքան էլ ժամանակ չունենք, որ մի բան բռնենք, սեղմենք, ցրիվ տանք աշխարհի փոշում:
Ժամերն իրենց ցնորքները քղանցքների տակ թաքցըրած՝ գաղտնագողի անցնում են ճեպով:
կարճ է մեր կյանքը, ընկեր, լոկ մի քանի օր է նա տվել սիրո համար:
Իսկ եթե տված լիներ այդ օրերը տանջանքին ու աշխատանքին՝ կյանքն անվերջ կերկարեր:
Այդ լավ իմացած եղիր, եղբա՛յր, և խնդա ուրախ:
Գեղեցկությունը քաղցր է մեզ համար, որովհետև նա պարում է նույն փութանցիկ նվագի եղանակով՝ ինչպես մեր կյանքը:
Գիտությունը բաղձալի է մեզ համար, որովհետև մենք երբեք ժամանակ չենք ունենալու ավարտելու այն:
Ամեն ինչ կատարվել է, ամեն ինչ վերջացել է հավիտենական երկնքում:
Բայց երկրի խաբուսիկ պատրանքների ծաղիկներին մահն է միայն հավերժ թարմություն շնորհում:
Այդ լավ իմացած եղիր, եղբա՛յր, և խնդա ուրախ: