Երբեք չեմ հասկացել “ճակատագիրը քո ձեռքերում է” արտահայտության իմաստը: Նախ եթե ճակատագիր է, ապա այն գրված է ճակատին, այդ ինչպե՞ս հայտնվեց քո ձեռքերում և երկրորդ, ճակատագիր ասվածը անտեսանելի է և հետևաբար չտեսնելով դու այն չես կարող վերցնել քո ձեռքը՝ թեկոււզ փոխաբերական իմաստով: Հետևաբար այն անկառավարելի է:
Եթե ավելի լուրջ, ապա. ես հավատում եմ ճակատագրին, սակայն չեմ գտնում, որ այն ունի կարմային բնույթ` ասել է թե, եթե որոշված է, ապա անբեկուն է: Սակայն ճակատագրում կան երևույթներ, կան դեպքեր որ մարդ միայնակ չի կարող հաղթահարել, կան դեպքեր որ այդ ճակատագրի թելը կախված է ոչ թե ճակատագրի տիրոջից, այլ կողմնակի մեկից: Եվ հենց այդ կողմնակի մեկի գործողությունը կարող է բերել ճակատագրի աջ կամ ձախ ուղղով գնալ կամ չգնալուն: Հետևաբար “ճակատագիրը քո ձեռքերում է” արտահայտության ճշմարտացիությունը բնականոն ճանապարհով հերքվում է:
Օր օրի այս արտահայտությունը դառնում է նորաձև ու արդեն օրական մի քանի անգամ, տարբեր խավի, տարբեր բնույթի և մասնագիտության տեր մարդկանցից կարելի է այն լսել:
Նմանատիպ հարցի ես այս բլոգում արդեն անդրադարձել եմ “Հայերիս նոր սնահավատությունը” անվանումով հոդվածում:
Ասածս ի՞նչ է. այո պայքարեք, ամեն ձև աշխատեք, որ Ձեր կյանքը հիասքանչ լինի, բայց երբեք մի կարծեք, որ չլինող բանը կկարողանաք այնպես անել, որ իրականանա:
Հա ի դեպ, այսքան վախտ մարդկանցից և ոչ մեկին չի հաջողվել աշխատեցնել իր ուղեղի 5%-ից ավելին: Սա իմիջայլոց: Մտածեք…