Մեզանից շատերը ձգտում են կայունության։ Ծանոթ ճանապարհները, նույն ընթրիքներն ու կանխատեսելի աշխատանքային գրաֆիկը խնայում են ուժերը և կյանքն ավելի հարմարավետ դարձնում։ Թվում է՝ ի՞նչ վատ բան կարող է լինել դրանում։ Սակայն հոգեբանները հիշեցնում են՝ վաղ թե ուշ մեկը մյուսին նմանվող օրերը կյանքը վերածում են կրկնվող իրադարձությունների շարքի, և երբեմնի գունեղ առօրյան աստիճանաբար մոխրագույն է դառնում։
Մարդու ուղեղն իսկապես սիրում է սովորական դարձած առօրյան։ Այն նվազեցնում է ծանրաբեռնվածությունը և աշխարհն ավելի վերահսկելի է դարձնում։ Սակայն այդ կայունության դիմաց մենք հաճախ կորցնում ենք զգացողությունների թարմությունն ու սրությունը։ Զարմանալու և նոր բան փորձելու պահանջը մարդու բնական կարիքներից է։ Երբ այդ պահանջը երկար ժամանակ չի բավարարվում, կյանքի հանդեպ հետաքրքրությունն ու ուրախությունը սկսում են թուլանալ։
Փորձենք հասկանալ, թե ինչու է ուղեղը նորություն պահանջում, ինչպես է դա աշխատում կենսաքիմիական մակարդակում և որտեղից սկսել, եթե միշտ անվտանգ տարբերակն ընտրելու սովորությունն արդեն խոր արմատներ է գցել։
Ինչու է ուղեղն ընտրում առօրյա կրկնությունը, և ինչպես է դա սկսում խանգարել
Մարդուն ավելի հանգիստ է ապրել արդեն փորձված ճանապարհով․ աշխատանքի գնալ նույն երթուղով, ընտրել ծանոթ ուտեստներ և շփվել մարդկանց նույն շրջանակի հետ։ Այս ամենը ստեղծում է ապահովության զգացում և նվազեցնում անհանգստությունը։
Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի հոգեբան Թիմ Բոնոն դա բացատրում է էվոլյուցիոն պարզ տրամաբանությամբ․ կանխատեսելիությունը թույլ է տալիս ուղեղին խնայել ռեսուրսները և ավելի քիչ լարվել։
Սակայն նույն այդ «խնայողությունն» ունի նաև հակառակ կողմը։ Երբ ամեն ինչ նախապես հայտնի է, ուշադրությունը թուլանում է։ Մարդը սկսում է ավելի քիչ նկատել այն, ինչ կատարվում է իր շուրջը։
Ֆիլադելֆիայում գործող Flow Wellness հոգեթերապևտիկ կենտրոնի հիմնադիր Ռեյչել Վուլֆը սա անվանում է «չափազանց մեծ որոշակիության ազդեցություն»։ Երբ կյանքում գրեթե ոչինչ չի փոխվում, զգայունությունը նվազում է այնքան, որ մարդը դադարում է իսկապես նկատել սեփական կյանքը։ Ուրախության փոխարեն առաջանում է թեթև թմրածության և անտարբերության զգացում։
Դոֆամինը սիրում է անակնկալներ
Այս երևույթի բացատրությունը թաքնված է ուղեղի կենսաքիմիայի մեջ։ Նորությունն ակտիվացնում է դոֆամինային համակարգը, որը կապված է մոտիվացիայի և հաճույքի զգացման հետ։
Հետաքրքիրն այն է, որ դոֆամինն արտազատվում է ոչ միայն հենց իրադարձության ընթացքում։ Բոնոյի խոսքով՝ այդ գործընթացը սկսվում է դեռ սպասման փուլում։ Այսինքն՝ նոր բանի ակնկալիքն արդեն ինքնին հաճույք է պատճառում՝ նույնիսկ մինչև այն տեղի կունենա։
Հենց այդ պատճառով ճանապարհորդության պլանավորումը երբեմն կարող է նույնքան հաճելի լինել, որքան ճանապարհորդությունը։ Նույն կերպ նոր սերիալի անոնսը երբեմն ոչ պակաս ոգևորություն է առաջացնում, քան հենց պրեմիերան, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի շատ։
Երբ սիրելի բաներն այլևս չեն ուրախացնում
Եթե աշխատանքը, որը նախկինում ոգեշնչում էր, սկսել է ձանձրացնել, իսկ ընկերների հետ հանդիպումները «դեժավյուի» զգացում են առաջացնում, պատճառը միշտ չէ, որ հուզական այրումն է։
Հաճախ բացատրությունն ավելի պարզ է․ մարդն այնքան արագ է հարմարվել այն ամենին, ինչը ժամանակին իրեն ուրախություն էր պատճառում, որ կրկնվող փորձառությունն այլևս նախկին հուզական արձագանքը չի առաջացնում։
Այս իրավիճակը փոխելու համար պարտադիր չէ դիմել կտրուկ քայլերի։ Անհրաժեշտ չէ աշխատանքը կամ շփման շրջանակը փոխել։ Երբեմն բավական է արդեն գոյություն ունեցող առօրյայի մեջ մի փոքր անկանխատեսելիություն ավելացնել։
Օրինակ՝ կարելի է ղեկավարից խնդրել նոր առաջադրանք՝ սովորական աշխատանքի փոխարեն, կամ ընկերներին առաջարկել սիրելի սրճարանի փոխարեն գնալ մի վայր, որտեղ դեռ չեք եղել։ Այլ կերպ ասած՝ փոխել ոչ թե բովանդակությունը, այլ ձևը։
Սովորական սցենարից դուրս գալը բարելավում է ոչ միայն տրամադրությունը
Երբ մարդը պարբերաբար իրեն թույլ է տալիս հայտնվել անծանոթ կամ անկանխատեսելի իրավիճակներում, աստիճանաբար ավելի հեշտ է տանում անհարմարությունն ու անորոշությունը։
Դրա շնորհիվ հետագայում ավելի տանելի են դառնում նաև կյանքի խոշոր փոփոխությունները՝ տեղափոխությունը, աշխատանքի փոփոխությունը կամ բաժանումը։
Նոր փորձառությունները նպաստում են նաև ստեղծագործական մտածողությանը։ Դրանք ուղեղին ստիպում են իրերի և երևույթների միջև նոր, ոչ սովորական կապեր գտնել։ Իսկ դա անմիջականորեն ազդում է խնդիրներ լուծելու և ոչ շաբլոնային մտածելու կարողության վրա։
Նորությունը պարտադիր չէ, որ ռիսկ նշանակի
Կարևոր է հասկանալ, որ հոգեբանները բոլորին չեն կոչ անում պարաշյուտով ցատկել կամ աշխարհի մյուս ծայր մեկնել՝ շնաձկների հետ լողալու համար։
Նորության կարիքը յուրաքանչյուր մարդու մոտ տարբեր կերպ է արտահայտվում, հետևաբար դրա անհրաժեշտ չափաբաժինն էլ անհատական է։
Ոմանց իսկապես անհրաժեշտ են մեծ արկածներ ու վաղուց կազմած ցանկի ամենահամարձակ կետերը։ Մյուսներին բավական են շատ փոքր փոփոխությունները՝ աշխատանքից տուն վերադառնալ այլ ճանապարհով, նկատել քաղաքի այն մանրուքը, որի կողքով ամեն օր անցնում էին առանց ուշադրություն դարձնելու, կամ վերջապես պատրաստել այն ուտեստը, որը երկար ժամանակ հետաձգում էին «հանգստյան օրերի համար»։
Երկու տարբերակն էլ աշխատում է։ Արդյունքը կախված է ոչ թե իրադարձության չափից, այլ նրանից, թե որքանով է այն դուրս բերում մարդուն կյանքի ավտոմատ դարձած ռեժիմից։
Որտեղից սկսել, եթե «անվտանգը» միշտ ընտրելու սովորությունն արդեն արմատավորվել է
Մասնագետները խորհուրդ են տալիս չփորձել միանգամից ամբողջությամբ փոխել կյանքը։ Ավելի լավ է սկսել փոքր քայլերից և հետևել սեփական զգացողություններին ու արձագանքներին։
Փոխեք երթուղին
Աշխատանքի ճանապարհը, շան հետ զբոսանքը կամ խանութ գնալու ուղին փոփոխությունների համար ամենապարզ և հասանելի տարբերակներն են։
Շաբաթական մեկ նոր բաղադրատոմս փորձեք
Փոքրիկ խոհարարական փորձարկումը կարող է դոֆամինային համակարգի վրա ոչ պակաս ազդեցություն ունենալ, քան ճանապարհորդությունը։
Նոր ծանոթություններ հաստատեք
Ակումբը, վարպետության դասը կամ համատեղ աշխատանքային տարածքում մեկի հետ պատահական զրույցը կարող են օգնել ուղեղին դուրս գալ սովորական ավտոմատ ռեժիմից։
Նախապես պլանավորեք
Նոր վայր այցելելու ակնկալիքն արդեն իսկ հաճույք է պատճառում։ Հետևաբար փորձեք տոմսերի ամրագրումը կամ որևէ նոր զբաղմունքի պլանավորումը չհետաձգել անորոշ «հետոյի»։
Մի՛ ձգտեք մշտական ադրենալինի
Հոգեբանները զգուշացնում են․ եթե նորության որոնումը վերածվի անդադար մրցավազքի, հնարավոր է ստանալ հակառակ արդյունքը՝ ոգեշնչման փոխարեն հուզական այրում։
Կարևորը կայունության և փոփոխությունների միջև հավասարակշռությունն է, այլ ոչ թե առօրյա սովորություններից ամբողջությամբ հրաժարվելը։








