Նստած եմ աշխատավայրում ու պատուհանից դուրս եմ նայում: Դրսում ամառ է, արև, թռչունները ուրախ զվարթ ծլվլում են: Ուրախանում ու երջանկանում եմ: Նշանակում է կյանքը շարունակվում է:
Հետո նստում եմ համակարգչի առջև, բացում եմ ինտերնետը և, գրողը տանի ինտերնետի քարտը վերջացել է: Ջնջում եմ վերջին իմ մոտ եղած 50MB-ոց ինտերնետ քարտը ու մտածում. “Գրողը տանի և սա կոչվում է Երևանի պետական համալսարան, և սա Հայաստանի մայր բու՞հն է: Այն երկիրը, որը տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը ընտրել է իր համար ստրատեգիական թիրախ, իր մայր բուհում ինտերնետը սահմանափակու՞մ է: Դե արի շեֆին բացատրի, որ այդ 50MB-ը կհերիքի ընդամենը մի քանի կայք նայելուն, դե արի ու նոր քարտ ուզի”: Ու ես այս ամենից սկսում եմ բարկանալ: Ու հասկանում եմ, որ երկիրս լավ վիճակում չէ: Ու տրամադրությունս ընկնում է:
Շփվում եմ լավ մարդկանց հետ ու տրամադրությունս բարձրանում է, բայց որտեղից որտեղ մեջ է մտնում մի անհամ մարդ և նորից տրամադրությունս գցում:
Հիշում եմ, որ սեր չունեմ և տխրում եմ, բայց զգում եմ, որ հազիվ պրծա այդ հիվանդագին սիրուց ու նորից ուրախանում եմ:
Կյանքը շիլա-փլավ է: Ամեն ինչ խառնված է և նման քաոսի: Դու կարող ես լինել շատ ուրախ և հաջորդ վայրկյանին տխրել, կամ հակառակը: Մնում է հուսալ, որ ուրախ և ուրախացնող պահերը ավելի շատ կլինեն: