Գրում են ընթերցողները.
Երբ գիտակցում ես սեփական չգոյությունդ, երբ ամեն տեսակ բառերն անիմաստ են բոլոր հիասթափությունների ու ծանրությունների դիմաց, քեզ միայն մնում է նայել սառած մատներիդ, շնչել ու զգալ, թե ինչքան մեծ բեռ կա ուսերիդ, որն այնքան փոքր է, այնքան անիրական՝ լցված հիշողությունների ու անէության փաթիլներով…
Ես մեղավոր եմ, որ չեն վառվելու մոմերն իմ խոհեմության, մեղավոր եմ սպիտակ լիալուսնի ու քո աչքերի ջերմության համար… Ամենն անցյալ է, մի մեքենա մնաց խարխլված, ստոր է հոգիս, մեղք է կաթում իմ աչքերից, հեռու է ամենը, ցնորվում եմ ես, ցնորվել եմ արդեն…
Երբ այնքան անիմաստ են ծառն ու կանաչը, երբ իմաստ չունի սրտիս բաբախն անգամ, երբ լսվում է քո ձայնը՝ թեկուզ անհաս, թեկուզ հեռվից… այնքան անիրական… այնքան անէ… այնքան թափանցիկ ու չպետքական…
Երբ հեռանան բոլոր մորմոքները, ես կվերցնեմ ներկերն ու կխզբզեմ պատերին, գուցե այդժամ կուտակված չարքերը փախչեն իմ թևերից, երբ դադարեմ խոտ զգալ, երբ հասկանամ, որ ծովի վրայից ելնող արևը միայն գեղեցիկ տեսարան չի խոստանում, երբ այնքան մեծ տիեզերքի մեջ բոլոր փոքրիկ մանրուքները մեծ փոշիներ չերևան, երբ զգամ սեփական կարևորությունս, այլ ոչ անկարողությունն իմ ու աշխարհի, քո ու հոգիների՝ մաշված, քարացած…
Հիմա տառերը վազում են տողերով, արյունս՝ երակներով, իսկ շուրջս դատարկ է, խուլ, հոգի մաշող, նման այն ատրճանակներին, որոնք պահում ես գլխիդ, բայց այնքան էլ ուժ չունես ուղեղդ ցրիվ տալ, այնքան խառն է ամենը, որ ինքս էլ չեմ հասկանում, որ մեռել է ամեն ինչ, հակառակը ևս՝ կուտակվել ու այլևս դատարկվելու տեղ չի մնացել, ասված են խոսքերը բոլոր, տանջանքներ են դրոշմվել սպիտակ ձեռքերիս, ձյուն է նստել մազերիս անգամ, կապտած երակներս էլ վաղուց ոչինչ չեն խոստանում, իսկ ամեն առավոտ տաք արևը երկինք է բարձրանում…
Տվեք ինձ այն ամենն, ինչ ուզում եմ ես, թեև ինքս էլ չգիտեմ, թե ինչ եմ ուզում… Տարիներն անցնում են մի վայրկյանի պես, շատ բաներ մոռացվում, ականջներս խլացել են, ոչինչ չեմ լսում, ամենը հեռու է, առավոտներս՝ անիմաստ, երեկոներս՝ տանջող, դեպի ուր ենք գլորվում, մենք էլ չգիտենք… Մենք՝ երազողներս… երբ ամեն ինչ լավ է լինելու, երբ մենք նման ենք ամպերի՝ թափանցիկ, մաքուր, շուտ վերացող…
Մի տեսակ թախիծ է իջնում ծերացած հոնքերիդ, քանի որ պատերազմներ են եղել ու լինում ու լինելու, որ հիվանդություն է ամենուր ու սով, որ մենք այնքան փոքր ենք այնքան մեծ իրականության մեջ… Երբ մանրուք է թվում ամենը, իսկ կակաչները դադարել են կարմրել՝ սեփական գույնից սարսափելով…
Հողմեր եմ ուզում, գուցե մաքրեն կուտակված հեղձուկը… Դատարկ են տերևներով լի փողոցները…
Իսկ Ամանորը հրաշքներ է խոստանում… Խենթացել եմ երևի, ինքս ինձնից ցնորվել եմ…
Սառն է շունչը քո, անիրական են բոլորը…
Չէ… Դատարկ է ամենը, անկապ, անիմաստ…
Երբ ավելորդ ես զգում խոսել անգամ… Երբ անգամ արցունքներն էլ չեն ուզում հոսել…
Չէ…
Դատարկ է…
Չկա… Գոյություն չունի…
[box style=’info’] Դուք նույնպես կարող եք ուղարկել Ձեր ստեղծագործությունները, մտքերը կամ այլ հոդվածներ: Մանրամաներին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: [/box]