fbpx

Պարույր Սևակ – ՂՈՂԱՆՋ ՆԱԽՃԻՐԻ (հատված Անլռելի զանգակատուն պոեմից)

Ծնկածաղկի պես
Մեզ էլ չաջողվեց ոչ միայն նորից
Շտկել վեցդարյա ցողունը մեր կոր,
Այլ բարբարոսի նույն դաժան ձեռքով
Ցողունն այս անգամ արմատից հատվեց.
Հայկական հարցից Թուրքիան ազատվեց
Հայաստան երկրում հայ չթողնելու մի ահեղ ելքով,
Որ ոչ լսված էր, ոչ էլ տեսնըված
Մարդկային ցեղի երբևէ կրած անպատվության մեջ
Եվ մինչև անգամ իրենց` թուրքերի
Արյունով հունցված սև պատմության մեջ:

Մի ո՜ղջ ժողուուրդ մեկ-մեկ թրատել,
Մի ամբո՜ղջ անտառ արմատից հատել…

Եվ կույսեր, որոնց ծոցի մեջ լուսե
Լուսնի լույսն անգամ ծածուկ չէր հոսել,
Որ երկչոտ էին ինչպես եղջերուն,
Որ աննյութ էին ասես հորինված
Մի հովվերգական վեպի էջերում.
Աղջիկներ,
Որոնք անպարկեշտ բառից ու շոյիչ խոսքից
Երկնքի նման բռնկվում էին շիկնանքով ոսկի.
Ամոթխա՛ծ, մաքո՛ւր, լուսավո՛ր կույսեր,
Որ ֆրանսերեն անգիր գիտեին
Լամարթին, Վիյոն, Ալֆրեդ դը Մյուսե
Եվ անգլերեն
Խենթ Օֆելյայի տրտում երգն էին արցունքով ջրում,-
Օֆելյայի պես այժմ ցնորված՝
Խելագարվածի իրենց ճիչերում
Դարձյա՜լ մոռանալ չէին կարենում ա՛յն դժոխքը սև
Եվ բռնաբարող ա՛յն ասկյարներին,
Ա՛յն ենիչերուն,
Ա՛յն անասունին ասուն, բայց անբան,
Որի բութ գլխի կեղտոտ փռչերում
Եթե խլվլում-շարժվում էր մի բան,
Ապա մարդկային մի՛տքը չէր, օ, ո՛չ,
Այլ… միայն ոճի՜ր:

Մարդի՛կ, որ չունեն մարդկային ոչինչ,
Մարդի՛կ որ մա՜րդ չեն,
Այլ ավելի շուտ մարդակերպ կապիկ.
Որ յոթ տարին մեկ չեն տեսնում նույնիսկ օճառի երես,
Տասը տարին մեկ չեն փոխում շապիկ,
Եվ սուր բահ է պետք,
Որ մարմինների սև տարթը քերես,-
Հիմա ամենուր
Նորապսակի սուրբ առագաստ են պղծում անպատիժ,
Հայոց մայրերին անում անպատիվ…
Լլկըվողները թող գոռան «հրե՜շ»,
Սակայն ո՞վ գոչի ու լուծի վրե՛ժ,
Թե տղամարդիկ՝
Հեռու և մոտիկ՝
Դարձել են արդեն լեշ ու փորոտիք…

Եվ մարդի՛կ,
Որոնց բիրտ պճեղների քրտնքահոտից
Անգամ հոպոպը իր շունչը կտար,
Ճխլտում էին նույն այդ ոտներով
Մեր մանուկներին դեռ նորատոտիկ,
Մեր մանչուկներին՝ լույսի պես արդար,
Առավոտի պես մաքուր ու գերող,
Գարնան պես բուրող…

Եվ մարդիկ, որոնց աչքերը ճպռոտ
Հիշեցնում էին ոտաց ճանապարհ,
Եվ որոնց միտքը-դավաճանաբար-
Չէր կտրում այնքա՛ն, մինչևիսկ այնքա՛ն,
Որ այդ ճպռումից կարող են փրկվել,
Եթե…լվացվեն օրը մեկ անգամ,-
Միևնույն մարդիկ
Մեր սուրբ մայրերի հանճարներ սնած ծիծն էին փրթում
Եվ` չգոհացած սառն ու տաք զենքից՝
Մոր աչքի առջև
Քարերով էին փշրում ու ջարդում
Գանգերը նրա՛նց,
Ովքեր ստեղծում
Ու բանաստեղծում,
Հրաշքներ էին աստծու պես կերտում,
Եվ եթե աստծուց տարբերվում էին,
Ապա այնքանով,
Որ նա անգո էր, իրենք՝ իրական:
Եվ հիմա սակայն
Ձեռքն անասնական
Ջնջում էր և այդ տարբերությունը,
Ջնջում էր քարով.
Հայոց աշխարհի հայկական քարը
Ջարդում-փշրում էր հայոց քանքարը…

-Ո՛վ արդարություն,
Թող որ ես թքեմ ճակատին քո բաց,-
Գոչել էր մեկը քարերով ջարդված այդ հանճարներից,
Գոչել ո՛չ հիմա,
Այնժամ էր գոչել,
Երբ խուժանն այս նույն
Արյունով հարբած գազանի նման
Դրդվելով միայն վայրենուն հայտնի իր պատճառներից,
Ո՜րերորդ անգամ մոխիր էր թողնում
Մեր արտ ու այգուց, մեր տաճարներից:
Եվ հիմա՛,
Հիմա՜,
Երբ կոտորա՛ծ չէր, երբ ջա՛րդ չէր,
Այլ մա՜հ`
Մահ համատարա՛ծ և համազգայի՛ն,
Մահ ծերի՛,
Մանկա՛ն,
Խեղճի՛,
Հսկայի՛,

Երբ մահվան մրրիկ,

Երբ մահվան բուք էր,-
Այլևս որտե՞ղ, որտե՞ղ էր թուքը,
Որ արդարության ճակատը փակեր:
Ա՜խ չորացել էր հայոց աշխարհի բերանն ու բուկը:
Էլ ինչպէ՞ս թքել,
Եվ այդ ո՞վ թքեր,
Թե հայոց երկրում էլ մարդ չէր մնում,
Բովանդակ մի ազգ թե կուլ էր գնում
Թուրք յաթաղանի պաղբոց պողպատին,
Հայոց հայալիք Տիգրիս-Եփրատին,
Սև արաբների շեկ անապատին՝
Օ՜րը ցերեկով,
Ո՛չ թե աննկատ:
Եվ ունեցե՞լ էր արդարությունը երբևէ ճակատ:
Օ, ո՛չ, նա ուներ միմիայն քամա՛կ,
Քամա՛կ մի խելոք,
Որ շուռ էր տվել մի բնաջնջվող հինավուրց ազգի՝
Նախապես նրան զրկելով զարկող ու փրկող բազկից:
Ու թե կար ճակատ,
Դա ռուս-տաճկական այն ճակատն էր լոկ,
Որ մոտենում էր՝
Ասես լսելով
Կտրվողների,
Կոտորվողների
Ահավոր ճիչը,
Եվ – մեկ էլ հանկարծ – չգիտես ինչու,
Բռնում էր ճամփան արագ նահանջի՝
Թույլ տալով իջնի
Եվ զարկը վերջին,
Կարծես եղածը դեռևս քիչ էր…

Եվ սակայն նրանց մեղքն ի՞նչ էր, ի՞նչ էր,
Անաստվա՛ծ աստված,
Ինչո՞ւ էր արվում այնքան անօրեն
Եվ ահեղ մի դատ:

… Կար երկաթուղի,
Որ պիտի անցներ Բեռլինից-Բաղդադ:
Բայց ինչպե՞ս անցներ անապատներով այն արաբական,
Որտեղ կանաչը կայարանների դեմքը չի պատում,
Ու չկան շեներ, ավաններ ու տուն:
-Մեղքը հայի՛նն էր, որ հոժարակամ
Չէր գնում ապրի շեկ անապատում,
Չէր լքում բնիկ հայրական տունը,
Իր բազմադարյան շենն ու ավանը՝
Ամուր Կարինը, անառ Սասունը,
Իր ծոցվոր Մուշը, պտղած իր Վանը…

… Բովանդակ մի դար, դարուց ավելի՜,
Տենչանքն էր կիզում ռուսաց նավերին.
Իրենց ձնառատ ու պաղ հյուսիսում
Երազում էին, կարոտով հիշում
Լուսեղ արևելք, արևոտ հարավ,
Ու խենթ տռփանքի խոսք էին բանում
Այն Դարդանելին՝ պչրուհուն պառավ,
Որ չէր դիմանում
Առանց հոմանու,
Բայց սրանց- ինչո՞ւ- թողնում էր ծարավ,
Նազը՝ նազ, սակայն…հետո՞, ի՜նչ դառավ,-
Եվ ահա ռուսներն է՛լ չեն դիմանում:
Մեղքը հայի՜նն էր.
Նա թուրքի աչքին այլ բան չէր թվում,
Քան հաջող քամի
Եվ մի առագաստ, որ ինքն է պարզվում
Մոսկովի կայմին…
… Այս շարժիչների թանկ-էժան դարում
Նավթի փոխարեն – ի ցավ խեղճ հայի –
Դեռ Անգլիայում ջուր չէին վառում:
Բոլոր ծովերը ՝ նույն Անգլիային,
Մինչդեռ նավթի ծովն, ա՛յ, Մուսուլումն է:
– Եվ մեղքը ո՞ւմն է,-
Իհա՛րկե հայինն…

… Արդեն օսմանյան կավե հսկայի
Ծեփն է ճաքճքվում
Ու մեջքը ճկվում՝
Բանականության տաքուկ շողերից.
Ռումին ու բուլղար, սլովակ ու սերբ
Պոկվել են նրա կավե կողերից:
Նույն աններելի մտքին է հակվում,
Նույն ախտով նաև հայն է վարակվում՝
Իր մասն է ուզում իր իսկ հողերից,
Գրոշ է ուզում իր այն փողերից,
Որ հափշտակել
Եվ ճչալ ուզող բերանն են հետո քացիով փակել:
Ու դժգո՞հ է նա,
Եվ ա՞յդ է ուզում անխոս ակնարկել:
– Ուրեմն պարզ է. նա հանցագործ է,
Եվ պիտի ջնջվեն իր էգն ու որձը:
… Եղունգ են քերծում, պտղունց են մաշում,
Ժայռից վանք կերտում, քարից նուռ տաշում,
Դարպասի աչքին հոնք-կամար քաշում,
Արձան են ձուլում, շինում ապարանք:
-Եվ մեղավոր են այստեղ էլ նրանք…

…Հաշիշ չեն ծխում,
Խմում են գինի,
Ապրում անթալան և առաքինի,
Չեն պահում հարեմ,
Ոչ էլ ներքինի,
Եվ չունեն մոլլա,
Որ կապի չալմա.
Նրանց քեշիշը վեղարավոր է:
-Եվ… մեղավոր են…

… Ձեռքի հետքերը նրանց հայրերի
Կնիք են դրել այս նույն վայրերին՝
Իբրև սեպագիր
Կամ շաղախ ու կիր,
Իբրև շիրմաքար
Կամ որմնանկար,
Իբրև մագաղաթ
Կամ լեռծակ-ջրանցք…
– Եվ ո՞ւմն է մեղքը,-
Իհա՛րկե նրանց…

… Ինչպե՞ս չկտրել այն կոկորդը չար,
Որ ցավից հանկարծ կարող է ճչալ,
Կարող է հայցել փրկություն ու ճար…
… Պիտի ազատվել այն լիրբ աչքից էլ,
Որ երազանքից շողում է պայծառ
Եվ կամ մատնում է ապրած կսկիծը
Ու դրանով իսկ դառնում է պատճառ,
Որ օտարները … լացողին խղճան՝
Տեսնելով նրա աղի արցունքը…

…Ինչպե՞ս չջարդել հանցավոր ծունկը
Եվ այն մեղսակից համառ արմունկը,
Որոնց հենվելով՝ մարդը արնաքամ
-Եվ գազա՜նն անգամ-
Ուզում է դուրս գալ ժանտ գերությունից…
Ուրիշ ավելի հանցավոր բան կա՞:
– Դե եկ, մի՛ ելնի համբերությունից,
Դե եկ, թուրքօղլի՛, ցավից մի՜ վնգա…

… Կյանքում կան բաներ, որոնք չեն քերվում,
Ինչպես չի քերվում արյունը սրտից
Կամ գույնը վարդից:
Կյանքում կան բաներ, որոնք չեն ներվում
Ինչպես դրացուն,
Այնպես էլ համայն մի ժողովրդի:
Չի ներվում և այն,
Ինչը կոչվում է առավելություն…
– Եվ այդ ահռելի հանցանքի դիմաց
Դեռ պահանջում եք ներման վեհությո՞ւն…
…Նրանք գիտեին սիրել ու ատել,
Գիտեին խորհել ու համեմատել,
Խույս տալ ցավերից, դավերից ծպտյալ,
Ծարավել լույսին, արևին ժպտալ:
Թե անսահման էր նրանց տանջանքը,
Անծայր էր նույնքան և անրջանքը:
– Ահա՛ և նրանց ծանր հանցանքը…
…Ունեին նաև մեկ ուրիշ հանցանք,
Որ ահավոր էր:
– Գիտե՞ք, թե որը.
Երբ մարդ ոչ մի կերպ չի կարողանում
Ընդմիշտ մոռանալ մի հիմա՜ր անուն՝
Ի՛ր իսկ անունը և ազգանունը:
– Ի՜նչ հանդգնություն, դուք հասկանո՞ւմ եք…
Եվ նա ուզում է նույնիսկ չդատվե՞լ,
Խուսափել արդար կարգ ու կանոնի՞ց:
Ուրեմըն… պիտի ա՛յլ կերպ ազատվել
Այդ լիրբ անունից և ազգանունից:

Իսկ դա անունն էր մի ամբողջ երկրի,
Ո՜ղջ մի ազգ էր դա կրում ու պահում…

Եվ քաղաքակիրթ այն Եվրոպայում,
Ուր ով ծանոթ էր հայոց հին գրին,
Հայոց պատմությանն ու պատմագրին,
Դառնում էր դոկտոր ու պրոֆեսոր՝
Դեռ օրը նույնիսկ չդարձած կեսօր…
Եվ քաղաքակիրթ այն Եվրոպայում,
Ուր մարդկայնության փութանց նոպայում
Շատերի համար դարձել էր փեշակ
Մեզ երկի՜նք հանել՝
Հային անվանել
Ասիական մթնում գիտության մշակ,
Է՛լ ջահ, է՛լ կերոն, է՛լ միակ փարոս,
Իսկ թուրքին կոչել բիրտ ու բարբարոս՝
Իրենց համեմատ այնքա՛ն վայրենի,
Որ պետք է նրա հողը հայրենի
Վաճառքի հանել
Կամ մեջ-մեջ անել,
Որպեսզի… հողը չմնա խոպան,-
Հիմա լուսավոր այդ նույն Եվրոպան
Առանց շիկնանքի այնտեղ էր հասել,
Որ ժառանգներին Կարմիր սուլթանի
Դասեր էր տալիս՝
Եղեռնի՜ դասեր,
Դասեր նախճիրի՛, բարբարոսությա՜ն,
Իրեն պահելով…դերը բոզության:

Այդ նո՛ւյն Եվրոպան
Նման չէ՞ր հապա
Հարբած-արնախում այն թուրք զինվորին,
Որ ձանձրանալով զառերից նարդու
Կամ թուղթ խաղալուց,
Իր թուրը դրած հայ հղի կնոջ սուրբխորան փորին՝
Գրազ էր գալիս, թե ի՛նչ կբերի.
– Աղջի՞կ, թե տղա,-
Եվ մանկաբարձի նշտարի տեղակ
Թուրն էր կատարում կեսարյան հատում…

Իսկ նա կին չէր, ո՛չ, այլ Մայր Հայաստան,
Որի սրբազան ու տաք արգանդում
Մի լույս մանուկ էր սկսում խաղալ,
Մի վահագնակերպ-դավթադեմ տղա,
Որ հղացել էր փրկության լույսից
Ու սնվել էր մեր անմոռուկ հույսից՝
Այն ճանապարհին որ դարավոր էր
Ծանր ու խորդուբորդ:

Բայց Եվրոպան էլ ուներ ճանապարհ
Եվ որպես ճամփորդ
Նա…կռվացըրեց իրար հետ շներ,
Որ իր` ճամփորդի բանը հաջողի:
Իրոք, ի՜նչ էլ որ լիներ-չլիներ,
Բայց պակաս չկար շան պես հաչողի:
Եվ այս շնային գզվռտուքի մեջ
Շան թաթերի տակ քիչ մնաց կորչեր
Մի ո՜ղջ ժողովուրդ՝
Բնի՛կ,
Տեղական.
Մազ մնաց դառնար թղթե տեղեկանք
Մի ազգ, որ կուռքեր շատ էր ճանաչել,
Բայց որի… նույնիսկ տոտե՜մը շուն չէր,
Այլ եզը հերկող,
Այլ ջուրը երգող
Եվ ամպրոպածին փողը՝ եղեգան…

Ու երկրագնդի այն ծանոթ մասում,
Որին Հայաստան, Հայք էին ասում
Փարավոններից մինչ Պուանկարեն,
Հիմա Օսմանի թոռները բռի
Վիլհելմ կայսեր հետ ուզեցին քերել
Դարերով հնչող «Հայաստան» բառի
Բոլո՜ր տառերը,
Նրա ապագան,
Մշահոտ ներկան
Եվ մինչև անգամ… անցած դարերը:

Եվ համարյա թե իրոք քերեցին,
Իսկ Գլադըստոն-Ջորջ Լլոյդները
Չխանգարեցի՛ն…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Պարույր Սևակ – ՂՈՂԱՆՋ ՆԱԽՃԻՐԻ (հատված Անլռելի զանգակատուն պոեմից)
Շունը որն երգում է Ուիթնի Հյուսթոնի երգի տակ (տեսանյութ)