Որտե՞ղ ես արդյոք,
Անձկություններիս
Հուռութք և աստված,
Իմ ճակատագրի
Անխուսափ ցուցմունք,
Իմ երազների
Անհավատ երազ,
Քամու դեմ հորդած
Իմ ուժերի ուժ,
Որտե՞ղ ես արդյոք…
Որտե՞ղ ես արդյոք,
Իմ երակների
Հորդացող արյուն,
Արյան բերկրություն,
Որտե՞ղ ես արդյոք:
Ինչո՞ւ չես տեսնում
Անհամբերությունն
Իմ հասունացած,
Ինչո՞ւ չես գալիս,
Որ վերջ տաս արդեն
Աչքերիս հոգնած
Սպասումներին…