Ձեզ ենք ներկայացնում Ֆրիդա Կալոյի ամենահայտնի կտավներից մեկի՝ «Երկու Ֆրիդաներ»-ի պատմությունը:
Կտավը ստեղծվել է 1939թ.-ին, Դիեգո Ռիվերայի հետ ամուսնալուծվելուց հետո, չնայած մեկ տարի անց նրանք կրկին ամուսնացան: Ըստ Կալոյի մտերիմ ընկերներից մեկի՝ Ֆերնանդո Գամբոյի, կտավը ստեղծելիս Կալոն ոգեշնչվել է այդ տարվա սկզբին Լուվրում տեսած երկու կտավներից՝ Թեոդոր Շասերիոյի «Երկու քույրեր» և անհայտ հեղինակի «Գաբրիել դ՛Էստրեն և նրա քույրերից մեկը» կտավներից:
Կտավը պատկերում է Ֆրիդայի երկու տարբեր անհատականությունները: Մեկը ավանդական Ֆրիդան է` կոտրված սրտով, նստած ժամանակակից հագնված, անկախ Ֆրիդայի կողքին: Ֆրիդայի սեփական հիշողություններում պատկերը մանկության երևակայական ընկերոջ հիշողություններն են: Ավելի ուշ Ֆրիդան խոստովանել է, որ կտավը իր՝ Դիեգոյից բաժանվելուց հետո, հուսահատութան ու մենակության արտահայտումն է: Կտավում երկու Ֆրիդաները պատկերված են ձեռք ձեռքի բռնած: Նրանք երկուսն էլ ունեն անզեն աչքով տեսանելի սրտեր, և ավանդական Ֆրիդայի սիրտը պատռված է: Հիմնական զարկերակը, որը պատկերված է պատռված սրտից մինչև ավանդական Ֆրիդայի աջ ձեռքը, կտրվում է ավանդական Ֆրիդայի ձեռքում պահված վիրաբուժական աքցանով: Ֆրիդաների հետևում պատկերված մթնած ամպերը արտացոլում են Ֆրիդայի ներքին հոգեկան խառնաշփոթը, նրա կյանքի շարունակական ցավը, վիրահատական ընթացակարգը և մարդկային զոհաբերության ացտեկական ավանդույթը:
1940թ.-ի հունվարին կտավը առաջին անգամ ցուցադրվել է Մեքսիկայի Սյուրռեալիստական միջազգային ցուցահանդեսի ժամանակ՝ Ֆրիդայի մեկ այլ կտավի՝ «Վիրավոր սեղան»-ի հետ միասին: Ներկայումս այն գտնվում է Մեքսիկայի ժամանակակից արվեստի թանգարանում:
«Երկու Ֆրիդաները» Կալոյի չափերով ամենամեծ կտավն է: Նրա կտավները հիմնականում չափսերով փոքր էին՝ անկողնում գամված լինելու պատճառով: Այն նաև Ֆրիդայի կենդանության օրոք ամենաբարձր արժեքով վաճառված կտավն է. 1947թ.-ին կտավը գնվել է չորս հազար պեսոյով, շրջանակի համար վճարվել է լրացուցիչ վեց պեսո:
Հրապարակման ներկայացրեց՝ Անահիտ Ղուկասյանը
Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները: