ՈՒ ԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԼՑՎՈՒՄ ԷԻՆ ԱՉՔԵՐՍ ԱՄԵՆ ՀՈՒԶԻՉ ԲԱՆԻՑ, երբ խիղճս միշտ արթուն էր, իսկ աղոթելը, գոնե ամեն երեկո, պարտադիր:
Դա մի ժամանակ էր… երբ ուզում էի շուտ մեծանալ շրթներկ քսելու, դպրոցն ավարտելու ու համալսարան ընդունվելու ցանկությամբ:
Ու մեծացա… Հիմա ես արդեն ուսանող եմ ու անգամ կարողանում եմ բարձրակրունկ կոշիկների վրա վստահ քայլել…
Հիմա ես մազերս շերտեր եմ կտրել, ու քո ուզածի պես ահագին երկար են մազերս…
Դու միշտ ասում էիր, որ ամեն ինչից զատ աղջկան պիտի զարդարի իր համեստությունը… Ես միշտ աշխատում էի ինձ համեստ պահել, որ քո սրտով լիներ…
Միշտ ուզել եմ ամեն բան անել ու ունենալ՝ մենակ քեզ ցույց տալու համար, որ դու ինձնով հպարտանաս… Հիմա էլ ոչ մի բան անելս չի գալիս…
Էսքան մարդկանց մեջ մենակ մնացածի պես չգիտեմ՝ ուր գնամ ու ինչ անեմ…
Քեզ միշտ ասում էի՝ կապույտ, թե սև բլուզը հագնեմ, ու անկախ քո պատասխանից հագնում էի էն, որը որ որոշել էի նախօրոք հագնել…
Ինձ միշտ ասում էիր՝ ինքնուրույն եղիր, ինքդ որոշիր քո անելիքը, իսկ ես դարձյալ քեզ հարցնում էի.
-Եթե դասս 9-ին է սկսվում, 10 պակաս տնից դուրս գա՞մ: Ու չնայած ստացվում էր էնպես, որ միշտ 9 անց կես էի դուրս գալիս ու ուշանում էի, ամեն դեպքում հանգիստ էի լինում, որ քեզ հարցրել եմ…
Երբեք չէի մտածել, թե ինչ եմ անելու առանց քեզ…. Դու միշտ կողքիս էիր… Ես միշտ պատմում էի, ասում, խնդրում, համոզում, հարցնում…
Դեռ 3 տարի կար, որ ավարտեի դպրոցը, բայց ամեն օր զահլա էի տանում ավարտականին հագնելիք շորի մասին զրույցով…
Դու ուշ էիր քնում, որ հասցնեիր լվացք ու արդուկ անել, Իսկ իմ քունը չէր տանում, որովհետև դեռ համբույր չէր տրվել իմ այտին… ու երբ լսում էի, թե ոնց է դուռս ճռռում, ու դու ներս ես մտնում, ուրախանում էի… Այ հիմա կարող եմ հանգիստ քնել…
Դու ասում էիր, թե քեզ օգնելու համար դեռ փոքր եմ, լավ կանեմ՝ դասերս սովորեմ, որ կարողանամ համալսարան ընդունվել…
Դա էն ժամանակն էր, երբ չեղած տեղից դու ինձ համար գիրք էիր առնում, կոշիկ, վերարկու…
Դա էն ժամանակն էր, երբ քեզ պատմել էի, որ մեր դասարանցի Արգամը ինձ է սիրում, բաըց ես իրեն սիրել չեմ կարող. նա փնթի է ու լավ չի սովորում…
Դա էն ժամանակն էր, երբ ամաչելով պատմել էի նաև, որ սիրահարվել եմ վերջին դասարանում սովորող Արթուրին, որ նա միշտ ինձ երկար է նայում ու աչքերով ժպտում է ինձ…
Դա էն ժամանակն էր, երբ ամեն ինչ սրտիս շատ մոտ էի ընդունում, նեղվում էի անտեղի, բողոքում, լացում… Իսկ դու սրբում էիր աչքերս, ինձ սեղմում կրծքիդ ու ասում.
-Մի լացի, գիժս, ամեն ինչ անցողիկ է…
Ամեն ինչ անցողիկ է, ես դա հասկացա, բայց ո՞ւր անցար, ո՞ւր գնացիր և դու, մամ…
Հիմա ուրիշ Արթուր է եկել բույն դրել սրտումս, հիմա էլի աչքերս թաց են, կարոտս՝ գունատ, հուշերս՝ թախծոտ…
Հիմա ուրիշ ժամանակներ են… ու երբ լցված աչքերս բարձրացնում եմ երկինք, որ արցունքներս չկաթեն այտերիս, գիտեմ, որ դու վերևում ես ու էլի ինձ ժպտում ես առաջվա պես… բայց էլ չես ասում՝ մի լացի, գիժս, ամեն ինչ անցողիկ է…
Մամ, գիտե՞ս՝ ինչքան եմ երազել համալսարան ընդունվելու մասին, անգամ չիմանալով, թե դա ինչ է…. Ուզում էի, որովհետև դու էիր ուզում… Դու ասել էիր, որ դա մարդ դառնալու համար է պետք…
Մամ, ես հիմա մարդ դառնալու ճանապարհին եմ, իսկ դու ինձ չես տեսնի Մարդ դարձած…
Հիմա արդեն քիչ բան եմ ուզում կյանքից՝ նպատակներս քիչ են, ցանկություններս սակավ, երազանքներս էլ լապտերով պիտի որոնես օրը ցերեկով…
Հիմա էլի առաջվա պես ամեն երեկո աղոթում եմ, մամ…
Դու ասում էիր՝ աստված մեծ է, բարի է, օգնող…. Ախր հիմա կողքս չլինելով ապացուցում ես աստծո փոքրությունը, մամ…
Ես էլի աղոթում եմ, բայց էլ ոչ աստծուն… Քեզ եմ աղոթում, իմ սուրբ ու իմ թանկ, իմ միակ Աստված, քեզ եմ աղոթում, որ թեկուզ հեռվից օգնես՝ երազեմ, օգնես ինձ՝ հաշտվեմ աներևույթ գոյությանդ հետ…
Հիմա ուրիշ ժամանակներ են…. Քո չլինելը չի արդարացվում երբեք, ոչ մի կերպ:
Ու ավելորդ է «ամենակարող, ամենաարդար» աստծո բազմելը կապույտ երկնքում…