fbpx

Արամայիս Սահակյան – Ձեզ հետ, արդյոք, չի՞ պատահել

Ջահել սիրտ ես, վճիտ ու պարզ,
Ու աղբյուրի նման մաքուր
Դու սիրում ես աշխարհում այս
Տուն, հարազատ և մայր ու քույր։
Բայց լինում է` սիրո բոցը,
Դող է բերում սրտիդ ջահել,
Ուրիշ է, ախ, այդ դողոցը,
Ձեզ հետ, արդյոք, չի՞ պատահել։

Եվ առաջին անգամ կյանքում
Միասին եք քեզ հետ է նա,
Սիրտդ լիքն է ամեն ինչով,
Բայց խոսելու ոչինչ չկա։
Մոտենում ես նրանց տանը,
Ինչպե՞ս ասել, ինչպե՞ս պահել,
Այնքան լավն է այդ վայրկյանը,
Ձեզ հետ, արդյոք, չի՞ պատահել։

Պատահում է, որ դու կամ նա
Թևածում եք հեռու, հեռու
Ու լավ գիտեք ուր եք հիմա,
Գիտեք, երբ եք հանդիպելու,
Բայց ամեն պահ և անընդհատ
Սպասում եք դուք անհամբեր…
Այնպես լավն է սպասումն այդ,-
Ձեզ հետ, արդյոք, չի՞ պատահել։

Կյանք է…մեկ էլ տեսար հանկարծ
Խռովում եք ինչ-որ բանից,
Հեռանում եք դուք կամ անդարձ
Կամ դեռ հույսեր պահած նորից։
Լուռ նայում եք դուք իրարու,
Իբրև ոչինչ չի կատարվել,
Բայց լալիս եք հեռվից հեռու
Ձեզ հետ, արդյոք, չի՞ պատահել։

Դու այստեղ ես տխուր թախվում,
Նա այնտեղ է լուռ հառաչում
Եվ տեսնում եք, որ ամենուր
Ձեր սրտերն են իրար կանչում,
Հնին ձուլած նոր կրակը
Դարձ եք ուզում դուք կատարել,
Ուրիշ է այդ հաղթանակը
Ձեզ հետ, արդյոք, չի՞ պատահել։

Ախ, երանի սիրո ծովում
Լավն ու բարին այնքան լինեն,
Որ հեռացվեն, որ մոռացվեն
Թախիծ բերող վշտերն ամեն
Ու մեկմեկու երբ հանդիպենք`
Հպարտ ասենք` սիրահարներ,
Այս լավ դեպքը, այս լավ պահը
Ձեզ հետ, արդյոք, չի՞ պատահել…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Արամայիս Սահակյան – Ձեզ հետ, արդյոք, չի՞ պատահել
Թե ինչպես Քրիշտիանո Ռոնալդուն խաբեց Մադրիդի բնակիչներին (տեսանյութ)