Ինքնավստահությունը շատ ավելի բարդ երևույթ է, քան կարող է առաջին հայացքից թվալ, գրում է Science Focus-ը։
Սեփական համոզմունքների վրա վստահ լինելը սովորաբար դրական հատկություն է համարվում։ Եվ դա իսկապես այդպես է… եթե դուք ճիշտ եք։
«Բայց արդյո՞ք վստահությունը նույնքան լավ բան է, երբ դուք սխալվում եք», — հարց է բարձրացնում պարբերականը։
Այս հարցին հետաքրքիր պատասխան է տալիս 2026 թվականին անցկացված և Journal of Political Economy գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունը։
Ինչպե՞ս է անցկացվել հետազոտությունը
Հետազոտության մասնակիցներն անցել են ինտելեկտի ստանդարտ թեստ, որը հիմնված էր Ռավենի «Պրոգրեսիվ մատրիցների» վրա։ Այս մեթոդը դեռևս 1930-ականներին մշակել է անգլիացի հոգեբան Ջոն Ռավենը։
Նախորդ հետազոտությունները սովորաբար տղամարդկանց և կանանց արդյունքների միջև էական տարբերություն չեն հայտնաբերել։ Թեև որոշ ուսումնասիրություններում տղամարդիկ փոքր առավելություն են ունեցել։
Նոր հետազոտության ժամանակ, սակայն, գիտնականները թեստը փոքր-ինչ փոխել էին։ Նրանց հետաքրքրում էր ոչ միայն այն, թե որքան ճիշտ են մասնակիցները պատասխանում, այլև որքան վստահ են իրենց պատասխանների վրա։ Այդ վստահությունը գնահատվում էր ըստ այն բանի, թե որքան էին մարդիկ պատրաստ «խաղադրույք կատարել» իրենց ընտրության օգտին։
Մասնակիցները պետք է լուծեին 36 գլուխկոտրուկ։ Յուրաքանչյուր առաջադրանք իրենից ներկայացնում էր 3×3 չափի խորհրդանիշների մատրից, որտեղ մեկ տարր բացակայում էր։ Բացակայող տարրի համար տրվում էր ութ հնարավոր տարբերակ։
«Մասնակիցները, որոնք ամեն անգամ ճիշտ էին ընտրում բացակայող տարրը, կարող էին վաստակել մինչև 72 դոլար։ Սակայն որոշ դեպքերում նրանք ստանում էին ընդամենը մեկ վիրտուալ ժետոն, որով պետք է խաղադրույք կատարեին իրենց պատասխանի ճշտության վրա, իսկ այլ դեպքերում նրանց տրամադրվում էր մինչև 80 ժետոն», — գրում է պարբերականը։
Եթե մասնակիցը վստահ չէր իր պատասխանի վրա, կարող էր նվազեցնել ռիսկը՝ ժետոնները բաժանելով բոլոր ութ տարբերակների միջև։ Այդ դեպքում, նույնիսկ սխալ ընտրության դեպքում, նա դեռ կարող էր փոքր պարգև ստանալ։
Ֆինանսական խթանը բարձրացրել է պատասխանների ճշտությունը
Պարզվել է, որ ֆինանսական խրախուսումը մարդկանց ավելի ուշադիր և ճշգրիտ է դարձրել։
Միջին հաշվով մասնակիցները 14%-ով ավելի շատ հարցերի են ճիշտ պատասխանել, երբ մեկ ժետոնով խաղադրույք կատարելու դիմաց կարող էին գումար վաստակել։ Համեմատության համար՝ նույն մեկ ժետոնով տարբերակում, երբ ֆինանսական պարգև չկար, արդյունքներն ավելի ցածր էին։
Սակայն երբ գիտնականները կանանց արդյունքները դիտարկել են առանձին, մեկ հետաքրքիր տարբերություն է նկատվել։ Առանց պարգևատրման տարբերակում նրանց արդյունքները միջինից ցածր էին։
«Հետաքրքիր է, որ նրանց արդյունքները բարելավվում էին, երբ մեկ ժետոնի խաղադրույքի դիմաց ֆինանսական խթան էր առաջարկվում, և ավելի էին լավանում, երբ նրանք կարող էին խաղադրույք կատարել 80 ժետոնով», — նշվում է հոդվածում։
80 ժետոնի դեպքում կանայք ավելի լավ արդյունք են ցույց տվել
80 ժետոնով տարբերակում կանայք նույնիսկ ավելի բարձր արդյունքներ են գրանցել, քան տղամարդիկ։
Հետազոտողների կարծիքով՝ սա ցույց է տալիս, որ երբ կանայք գիտեին ճիշտ պատասխանը, ավելի վստահ էին իրենց ընտրության վրա և պատրաստ էին ավելի մեծ թվով ժետոններ դնել հենց այդ տարբերակի վրա։
Ի՞նչ է սա ասում տղամարդկանց և կանանց ինքնավստահության մասին
Գիտնականների կարծիքով՝ այս արդյունքները նաև հաստատում են այն տեսակետը, որ հասարակությունը տղամարդկանց հաճախ խրախուսում է լինել չափազանց ինքնավստահ։ Այլ կերպ ասած՝ տղամարդը կարող է շատ վստահ արտահայտվել կամ գործել նույնիսկ այն դեպքում, երբ այդ վստահությունը լիովին հիմնավորված չէ։
Միևնույն ժամանակ հետազոտողները չեն կարծում, որ կանայք պարզապես ինքնավստահության պակաս ունեն։
Նրանց կարծիքով՝ կանայք ավելի լավ են զգում, թե երբ իսկապես հիմք ունեն վստահ լինելու իրենց պատասխանին։ Այսինքն՝ նրանց վստահությունն ավելի հաճախ համընկնում է այն պահերի հետ, երբ իրենք իրականում ճիշտ են։








