Ի՞նչ արտասովոր բան են հայտնաբերել 110 տարեկանից ավելի ապրած մարդկանց արյան մեջ

Ծերությունը սովորաբար պատկերացնում ենք որպես մի շրջան, երբ օրգանիզմի համակարգերը աստիճանաբար սկսում են թուլանալ։ Սակայն 110 տարեկանից ավելի ապրած մարդկանց արյան մեջ գիտնականները հայտնաբերել են մի ուշագրավ առանձնահատկություն։ Մարիա Մորերայի նման մարդիկ, որը ապրել է մինչև 122 տարեկան, կարծես բացառություն լինեն ծերացման մասին մեր սովորական պատկերացումներից։ Նրանց արյան մեջ հայտնաբերված այս առանձնահատկությունը սովորական տարեց մարդկանց մոտ գրեթե չի հանդիպում։ Պարզվել է՝ նրանց օրգանիզմը ծերացմանը դիմադրում է շատ ավելի բարդ ու հետաքրքիր ձևով, քան մինչ այժմ կարծում էինք։

Երկարակյացների իմունային համակարգը ոչ թե պարզապես թուլանում է, այլ փոխվում

Ճապոնիայի Օսակայի համալսարանի գիտնականները՝ Կոսուկե Հաշիմոտոյի ղեկավարությամբ, փորձել են հասկանալ, թե ինչ է տեղի ունենում չափազանց բարձր տարիքի մարդկանց արյան մեջ։ Հետազոտությանը մասնակցել է 28 մարդ, որոնց գիտնականները բաժանել են երեք տարիքային խմբի։

Արդյունքները բավական հետաքրքիր պատկեր են ցույց տվել։ Հետազոտողները հատկապես ուշադրություն են դարձրել CD4 ցիտոտոքսիկ T-լիմֆոցիտներին՝ իմունային համակարգի հատուկ բջիջների մի տեսակին։ Սովորաբար դրանք քիչ են լինում, սակայն տարիքի հետ դրանց քանակը, որքան էլ տարօրինակ թվա, սկսում է աճել։

  • 70-ից 99 տարեկան մարդկանց մոտ դրանք կազմում են T-բջիջների ընդհանուր քանակի մոտ 4%-ը,
  • 100-ից 109 տարեկանների մոտ՝ արդեն 9,6%-ը,
  • իսկ 110 և ավելի բարձր տարիքի մարդկանց մոտ դրանց բաժինը հասնում է 17,6%-ի։

Հաշիմոտոյի խոսքով՝ սա ցույց է տալիս, որ իմունային համակարգի ծերացումը պարզապես նրա աշխատանքի թուլացում չէ։ Տարիքի հետ օրգանիզմը կարծես վերակազմավորում է իր պաշտպանական մեխանիզմները և ավելացնում այն բջիջների քանակը, որոնք կարող են օգնել պայքարել նոր տեսակի վտանգների դեմ։

«Մարդասպան» բջիջները հսկայական կլոնային խմբեր են ստեղծում

Երբ օրգանիզմում վարակ կամ որևէ այլ վտանգ է հայտնվում, T-լիմֆոցիտները միայնակ չեն պայքարում դրա դեմ։ Դրանք կարող են արագորեն բազմապատկվել՝ ստեղծելով նույն հատկություններով բազմաթիվ բջիջներ։ Այս գործընթացը գիտության մեջ կոչվում է կլոնային ընդլայնում։

Գիտնականները ուսումնասիրել են հետազոտության մասնակիցների այս բջիջների ընկալիչները և պարզել, որ երկարակյացների մոտ կլոնային բազմացումը շատ մեծ մասշտաբների է հասնում։ Միջինում միանման բջիջների ամենամեծ խումբը կազմում էր տվյալ մարդու արյան մեջ առկա բոլոր CD4 CTL բջիջների մոտ մեկ երրորդը։ Իսկ հարյուրն անց մասնակիցներից մեկի մոտ ընդամենը մեկ կլոնը կազմում էր այդ բջիջների ամբողջ պոպուլյացիայի գրեթե 54%-ը։

Այդպիսի մեծ կենտրոնացումը հուշում է, որ այս մարդկանց իմունային համակարգը պարզապես պասիվ վիճակում չէ։ Այն, հավանաբար, մշտապես արձագանքում է ինչ-որ երկարատև կամ պարբերաբար ի հայտ եկող սպառնալիքի։

Կարդացեք նաև

Ինչու են մարդիկ տարբեր արագությամբ ծերանում․ նոր կենսաբանական ժամացույցները բացատրում են՝ ինչ է կատարվում օրգանիզմում

Ի՞նչն է իրականում որոշում մարդու կենսաբանական տարիքը, և ինչո՞ւ նույն տարիքի երկու մարդկանց օրգանիզմները կարող են բոլորովին տարբեր արագությամբ ծերանալ։

Կարդալ հոդվածը →

Թաքնված պայքար հնարավոր ուռուցքների դեմ

Ի՞նչ վտանգի դեմ կարող են պայքարել այսքան մեծ քանակով կուտակված իմունային բջիջները։ Այդ հարցի պատասխանը գտնելու համար հետազոտողները համեմատել են գերակշռող T-լիմֆոցիտների ընկալիչների գենետիկական հաջորդականությունները բժշկական բաց տվյալների բազաներում պահվող տվյալների հետ։

Եվ այստեղ նրանց սպասում էր անակնկալ։ Հայտնաբերվել է մոտ երեք տասնյակ համընկնում այն մարդկանց իմունային բջիջների հետ, որոնց մոտ ախտորոշվել էին տարբեր տեսակի ուռուցքաբանական հիվանդություններ, այդ թվում՝ թոքերի, կրծքագեղձի և լյարդի քաղցկեղ։ Սակայն հետազոտությանը մասնակցած սուպերերկարակյացներից ոչ մեկի մոտ քաղցկեղ չէր հայտնաբերվել։

Գիտնականները ենթադրում են, որ CD4 CTL բջիջների այսպիսի ակտիվ բազմացումը կարող է կապված լինել քաղցկեղային փոփոխությունների շատ վաղ փուլերի հետ։ Եթե այդ վարկածը ճիշտ է, ապա հնարավոր է՝ սուպերերկարակյացների իմունային համակարգը կարողանում է նկատել վտանգավոր բջիջները դեռ այն ժամանակ, երբ դրանք չեն հասցրել լիարժեք ուռուցք ձևավորել, և ոչնչացնում է դրանք շատ վաղ փուլում։

մարդկանց արյան մեջ
Ցիտոտոքսիկ լիմֆոցիտները կարող են ճանաչել և ոչնչացնել օրգանիզմի անոմալ բջիջները։

Ի՞նչն է արդեն ապացուցված, իսկ ի՞նչը՝ դեռ ոչ

Թեև հետազոտության արդյունքները բավական խոստումնալից են, աշխատանքի հեղինակները շեշտում են, որ դեռևս վաղ է վերջնական եզրակացություններ անել։ Հետազոտության մանրամասները օգոստոսին հրապարակվել են հեղինակավոր գիտական Cell Reports ամսագրում, սակայն ուսումնասիրությունն ունի մի շարք սահմանափակումներ։

Առաջին հերթին՝ «մարդասպան» բջիջների բարձր մակարդակն ինքնին չի նշանակում, որ մարդը պաշտպանված է քաղցկեղից, և այն չի կարելի համարել երկարակեցության ուղղակի պատճառ։ Գիտնականները նկատել են հստակ կապ, բայց դեռ չեն ապացուցել, որ հենց այդ բջիջներն են մարդկանց օգնում ավելի երկար ապրել կամ խուսափել քաղցկեղից։

Հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք։ Հետազոտության ընթացքում CD4 CTL բջիջների ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է այն մասնակցի մոտ, որը դեռ չէր բոլորել 100 տարին։ Սա նշանակում է, որ նման փոփոխությունները պարտադիր չէ սկսվեն միայն ծայրահեղ բարձր տարիքում․ գործընթացը, հավանաբար, յուրաքանչյուր մարդու մոտ կարող է ընթանալ տարբեր կերպ։

Երկրորդ կարևոր սահմանափակումն այն է, որ գիտնականներն առայժմ տեսնում են ընդհանուր պատկերի միայն մի մասը։ Այս ուսումնասիրության ընթացքում հետազոտվել են միայն այն T-լիմֆոցիտները, որոնք շրջանառվում են արյան մեջ։ Իսկ թե ինչպես են նույն բջիջներն իրենց պահում մարդու հյուսվածքներում և օրգաններում, առայժմ հայտնի չէ։ Հենց սա էլ այն հարցերից է, որը Հաշիմոտոյի թիմը նախատեսում է ուսումնասիրել հետագայում։

Այնուամենայնիվ, այս աշխատանքը հետաքրքիր նոր հայացք է տալիս ծերացման գործընթացին։ Պարզվում է՝ տարիքի հետ մուտացիաների և անոմալ բջիջների կուտակումը միշտ չէ, որ նշանակում է, թե օրգանիզմը պարզապես աստիճանաբար կորցնում է պաշտպանվելու կարողությունը։ 110 տարեկանից ավելի ապրած մարդկանց արյան մեջ նկատված փոփոխությունները ցույց են տալիս, որ շատ երկար ապրող մարդկանց օրգանիզմը կարող է շարունակել հարմարվել փոփոխություններին և նոր մեխանիզմներ գործի դնել՝ հնարավորինս երկար պահպանելով բնականոն աշխատանքը։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Գիտաճանաչողական նյութերի խմբագիր

Միքայելը բնական գիտությունների (հատկապես քիմիայի և ֆիզիկայի) նկատմամբ մեծ կիրք ունեցող մասնագետ է։ Նա պատասխանատու է MediaMag-ում գիտահանրամատչելի հոդվածների, տեխնոլոգիական նորությունների, տնտեսական և մշակութային փաստերի ճշգրտության (fact-checking) համար։ Նրա առաքելությունն է գիտությունն ու պատմությունը դարձնել առօրյա ընթերցանության ամենահետաքրքիր մասը: Ներկայացնել գիտական, մշակութային, տնտեսական նորություններն ու անցուդարձը:

MediaMag
Ի՞նչ արտասովոր բան են հայտնաբերել 110 տարեկանից ավելի ապրած մարդկանց արյան մեջ
ԹԵՍՏ. 10 մարդուց միայն 1-ն է կարողանում գերազանց հաղթահարել այս 9 հարցերը։ Իսկ դուք կհաղթահարե՞ք
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց