Աշխարհը մոտեցել է այն կետին, որից հետո քաղաքակրթությանը սպասում է «համակարգային կոլապս». գիտնականներ

համակարգային կոլապս և կլիմայական փոփոխություններ

Հավանաբար մարդկությանը մնացել է ընդամենը մի քանի տասնամյակ, մինչև գլոբալ կլիման մտնի ինքն իրեն ուժեղացնող աղետալի փոփոխությունների վտանգավոր փուլ։ Գիտնականները զգուշացնում են, որ վատագույն սցենարի դեպքում այս գործընթացների վերջնակետը կարող է լինել համակարգային կոլապս:

Մարդկությունն արագ մոտենում է կլիմայական վտանգավոր շրջադարձային փոփոխությունների շղթային, որը վատագույն սցենարի դեպքում կարող է սպառնալիքի տակ դնել ժամանակակից քաղաքակրթության գոյությունը։ Այս մասին, հղում անելով գիտնականների գնահատականներին, գրում է The Mirror-ը։

Ի՞նչ են կլիմայական «անվերադարձ կետերը»

Խոսքը, այսպես կոչված, գլոբալ «անվերադարձ կետերի» մասին է։ Դրանք այն սահմաններն են, որոնց հատումից հետո բնական համակարգերում փոփոխությունները կարող են այնքան արագ զարգանալ, որ սովորական միջոցներով դրանք կանգնեցնելը չափազանց դժվար կլինի։ Ամենավտանգավոր սցենարների թվում նշվում են Ամազոնի անտառների դեգրադացումը, բևեռային սառցե վահանների հալոցքը և մոլորակի միջին ջերմաստիճանի հետագա բարձրացումը։

համակարգային կոլապս և կլիմայական փոփոխություններ
Կլիմայի փոփոխությունը կարագանա, և մարդկությունն այլևս չի կարողանա համընթաց քայլել դրա հետ։

Պարբերականի փոխանցմամբ՝ եթե այս գործընթացները զարգանան միաժամանակ, իսկ Երկրի բնակչությունն էլ շարունակի աճել, հետևանքները կարող են շատ ավելի ծանր լինել։ Սառցադաշտերի հալոցքը կհանգեցնի Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման և բնակության համար պիտանի տարածքների կրճատման։ Միաժամանակ ջերմաստիճանի աճի պատճառով մոլորակի զգալի տարածքներ կարող են կյանքի համար ոչ պիտանի դառնալ։ Սա, իր հերթին, կարող է կլիմայական միգրացիայի նոր ալիքներ առաջացնել։

Ինչո՞ւ է Ամազոնի վիճակն այդքան կարևոր

Առանձին ուշադրություն է դարձվում Ամազոնի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին։ Արևադարձային անտառների ոչնչացումը ոչ միայն վնասում է բնական էկոհամակարգերին, այլև կարող է արագացնել գլոբալ տաքացումը։ Պատճառն այն է, որ այդ անտառները կարևոր դեր ունեն մթնոլորտից ածխաթթու գազի կլանման գործում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գիտնականները պարզել են, որ Երկիրն ավելի քիչ արեգակնային լույս է անդրադարձնում, իսկ այդ փոփոխությունը կարող է լրացուցիչ ազդեցություն ունենալ կլիմայական գործընթացների վրա։

Կարդալ հոդվածը

Համակարգային կոլապս. ինչի՞ մասին է զգուշացնում գիտնականը

Ավստրալիայի ազգային համալսարանի պրոֆեսոր Ուիլ Սթեֆենի գնահատմամբ՝ այս ընթացքը փոխելու համար մարդկությանը կարող է անհրաժեշտ լինել առնվազն երեք տասնամյակ։ Սակայն վտանգավոր գործընթացների մի մասը կանխելու համար, նրա խոսքով, ժամանակը կարող է շատ ավելի քիչ լինել։ Գիտնականի գնահատմամբ՝ եթե այս գործընթացները շարունակվեն նույն ուղղությամբ, հնարավոր վերջնակետերից մեկը կարող է լինել համակարգային կոլապս:

«Հաշվի առնելով ինչպես Երկրի բնական համակարգերի, այնպես էլ մարդկային համակարգերի իներցիան, ինչպես նաև այն, որ գնալով մեծանում է տարբերությունը՝ ավելի կայուն ապագայի անցնելու համար մեզ անհրաժեշտ ժամանակի և մի շարք աղետներ կանխելու համար մնացած ժամանակի միջև, կարելի է ասել, որ մենք արդեն բավական խորն ենք մտել դեպի կոլապս տանող ուղու մեջ», — պարզաբանել է նա։

Սթեֆենի խոսքով՝ խնդիրը միայն սպառնալիքների մասշտաբը չէ։ Վտանգն այն է, որ այդ գործընթացները կարող են զարգանալ ավելի արագ, քան հասարակությունը կհասցնի վերափոխել տնտեսությունը և փոխել իր կենսակերպը։

Շրջադարձային կետերի կասկադը կարող է ուժեղացնել վտանգը

Սցենարն ավելի վտանգավոր է դառնում նաև, այսպես կոչված, «շրջադարձային կետերի կասկադի» պատճառով։ Եթե բնական մի կարևոր համակարգում սկսված փոփոխություններն ազդեն մյուսի վրա և այնտեղ ևս նոր փոփոխություններ առաջացնեն, ամբողջ գործընթացը կարող է ինքն իրեն ուժեղացնող բնույթ ստանալ։

Մշտական սառցույթի հալոցքը՝ ևս մեկ լուրջ սպառնալիք

Կլիմայական փոփոխություններն ունեն ևս մեկ լուրջ հնարավոր հետևանք՝ մշտական սառցույթի հալոցքը։ Այն զբաղեցնում է մոտ 18 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք մոլորակի հյուսիսային հատվածում և պարունակում է օրգանական նյութերի հսկայական պաշարներ։ Հետազոտողների գնահատմամբ՝ մշտական սառցույթում կարող է կուտակված լինել մինչև 1,5 տրիլիոն տոննա ածխածին։

Սառցույթի հալվելուն զուգահեռ այդ ածխածնի մի մասը կարող է ջերմոցային գազերի տեսքով արտանետվել մթնոլորտ։ Դա, իր հերթին, կարող է լրացուցիչ ուժեղացնել գլոբալ տաքացումը։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Գիտաճանաչողական նյութերի խմբագիր

Միքայելը բնական գիտությունների (հատկապես քիմիայի և ֆիզիկայի) նկատմամբ մեծ կիրք ունեցող մասնագետ է։ Նա պատասխանատու է MediaMag-ում գիտահանրամատչելի հոդվածների, տեխնոլոգիական նորությունների, տնտեսական և մշակութային փաստերի ճշգրտության (fact-checking) համար։ Նրա առաքելությունն է գիտությունն ու պատմությունը դարձնել առօրյա ընթերցանության ամենահետաքրքիր մասը: Ներկայացնել գիտական, մշակութային, տնտեսական նորություններն ու անցուդարձը:

MediaMag
Աշխարհը մոտեցել է այն կետին, որից հետո քաղաքակրթությանը սպասում է «համակարգային կոլապս». գիտնականներ
Ամուսնությունից հետո ինչպես է փոխվում Կենդանակերպի նշանների տղամարդկանցից յուրաքանչյուրը
🏠 Գլխավոր Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց