1956 թվականին ռադիոհաղորդավար Էրլ Նայթինգեյլը ձկնորսության գնալուց առաջ իր թիմի համար մոտիվացիոն ուղերձ ձայնագրեց։ Արեց դա ընդամենը մեկ գիշերում և առաջին իսկ փորձից։ Անսպասելիորեն այս ձայնագրությունը տարածվեց միլիոնավոր օրինակներով ու պատմության մեջ դարձավ խոսակցական ժանրի առաջին «ոսկե» սկավառակը։ Թե ինչպես մանկության տարիներին ծագած մի պարզ հարցը՝ ինչու են ոմանք հաջողության հասնում, իսկ մյուսները՝ ոչ, վերածվեց փիլիսոփայության ու փոխեց բազմաթիվ մարդկանց կյանքեր, կարդացեք Վիկ Ջոնսոնի «Մտքի ուժը» գրքի այս հատվածում։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
«Մենք դառնում ենք այն, ինչի մասին մտածում ենք»․ այս միտքը Նայթինգեյլը ձևակերպեց 1956-ի մի գիշեր, հետո գնաց ձկնորսության ու պարզապես մոռացավ դրա մասին։ Իսկ աշխատակիցները լսեցին ձայնագրությունը, հետո կրկին լսեցին ու սկսեցին փոխանցել ընկերներին։ Ընդամենը մի քանի ամսում այն լսեց մեկ միլիոն մարդ։ Հենց այսպես էլ ծնվեց անձնային զարգացման ժամանակակից ինդուստրիան։
Amazon-ի ինը բեսթսելերների հեղինակ Վիկ Ջոնսոնն իր նոր՝ «Մտքի ուժը» գրքում վերարժևորում է Նայթինգեյլի թողած ժառանգությունն ու նրա գլխավոր սկզբունքը վերածում պրակտիկ քայլերի։ Նա առաջարկում է մտածողությունը վերակառուցելու 30-օրյա ծրագիր, վերլուծում է մարդկանց մեծամասնության գլխավոր սխալն ու տալիս գործիքներ՝ սեփական կարծրատիպերի հետ ամեն օր աշխատելու համար։
Հոդվածը պատրաստվել է Forbes Life-ի հրապարակած հատվածի հիման վրա։
Վիկ Ջոնսոն. «Մտքի ուժը. Ամենագլխավոր գաղտնիքը, որը դեպի լավն է փոխում կյանքը»
Էրլ Նայթինգեյլին անվանում են անձնային զարգացման նահապետ, և դա պարզապես գեղեցիկ ձևակերպում չէ։ Շնորհիվ իր ազդեցիկ ձայնի, խորաթափանցության ու հեղափոխական գաղափարների՝ նա իսկական լեգենդ դարձավ այս ոլորտում։ Նրա ուղերձները դիմացել են ժամանակի փորձությանն ու շարունակում են ոգեշնչել միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ 1956-ին թողարկված «Ամենատարօրինակ գաղտնիքը» ձայնագրությունն առաջինն էր խոսակցական ժանրում, որ արժանացավ «ոսկե» կարգավիճակի։ Դա ընդմիշտ ամրապնդեց Նայթինգեյլի՝ որպես մոտիվացիոն ելույթների ռահվիրայի համբավը։ Սակայն սա միայն մեկ ակնառու հաջողության պատմություն չէ։ Սա պատմություն է տոկունության, գիտելիքի ծարավի և մարդկային բանականության հանդեպ անսասան հավատի մասին։
Մանկություն և գիտելիքի ծարավ
Էրլ Նայթինգեյլը ծնվել է 1921 թվականի մարտի 12-ին, Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում։ Նրա մանկությունը համընկավ Մեծ դեպրեսիայի տարիների հետ, և ընտանիքը հազիվ էր ծայրը ծայրին հասցնում։ Հայրը լքեց նրանց՝ մորը մենակ թողնելով երեք որդիների հետ։ Պատանի Էրլը հայտնվեց դաժան ու անորոշություններով լի աշխարհում, բայց, հակառակ բոլոր դժվարություններին, վաղ տարիքից գիտելիք էր փնտրում։
Նա ժամեր էր անցկացնում տեղի գրադարանում՝ փորձելով գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները։ Իսկ ամենագլխավոր հարցը հետևյալն էր. ինչո՞ւ են ոմանք հաջողության հասնում, իսկ մյուսները՝ ձախողվում։ Հենց սա էլ դարձավ նրա ողջ կյանքի գործի հիմքը։ Կարդալով Նապոլեոն Հիլի, Ռալֆ Ուոլդո Էմերսոնի և Մարկոս Ավրելիոսի աշխատությունները՝ Նայթինգեյլն ավելի ու ավելի էր խորանում հաջողության ու անձնական աճի սկզբունքների մեջ։
Բեկումնային պահ. Երկրորդ համաշխարհային պատերազմ
17 տարեկանում Նայթինգեյլը կամավորագրվեց ԱՄՆ ծովային հետևակ։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին նա ծառայում էր Փերլ Հարբորում տեղակայված «Արիզոնա» գծանավի վրա։ 1941 թվականի դեկտեմբերի 7-ին՝ ճապոնական տխրահռչակ հարձակման ժամանակ, նա նավի անձնակազմի այն սակավաթիվ անդամներից էր, ովքեր ողջ մնացին։ Այդ ողբերգությունը խորապես ցնցեց նրան՝ ստիպելով մտորել կյանքի իմաստի ու այն արժանապատվորեն ապրելու մասին։
Պատերազմից հետո Էրլը շարունակեց ճշմարտության որոնումները։ Այն ահռելի կամքն ու տոկունությունը, որն օգնեց նրան ողջ մնալ ու կյանքը զրոյից սկսել, դարձան նրա մտորումների գլխավոր աղբյուրը։ Բանակը նրան կարգապահություն և կենտրոնանալու ունակություն սովորեցրեց, կոփեց նրա ոգին, ինչն էլ հետագայում վճռորոշ դեր խաղաց նրա հաջողության գործում։
Ինչպես ծնվեց «Ամենատարօրինակ գաղտնիքը»
Մեծագույն գաղափարները հաճախ ծնվում են ամենասովորական ու աննկատ պահերին։
1956 թվականի այն հեռավոր առավոտյան Էրլ Նայթինգեյլի մտքով անգամ չէր անցնում, որ պատմություն է կերտելու, և որ իր ձայնագրությունները «ոսկե» են դառնալու։ Նա պարզապես ընդառաջեց լսարանի խնդրանքին, ինչն արմատապես փոխեց իր կյանքն ու հսկայական ավանդ ունեցավ անձնային զարգացման մեթոդների մշակման գործում։
Այդ ժամանակ Նայթինգեյլն արդեն հայտնի ռադիոհաղորդավար էր և Չիկագոյում գործող ոչ մեծ ապահովագրական ընկերության սեփականատեր։ Բայց նրան շատ ավելի հետաքրքրում էր մարդկային ներուժի բացահայտումը, քան պոլիսների վաճառքը։ Նա ուսումնասիրում էր հայտնի մտածողների գործերն ու ամեն շաբաթ թիմի հետ հանդիպումներին քննարկում կարդացածը։
Մի անգամ, երբ նա պատրաստվում էր մի քանի օրով ձկնորսության գնալ, վաճառքի մենեջերը անսպասելիորեն խնդրեց. «Էրլ, գուցե մի բա՞ն ձայնագրես թիմի համար, որ մինչև վերադառնալդ տղաների մոտիվացիան չընկնի»։
Խնդրանքը չնչին էր թվում, բայց դրան հաջորդած իրադարձությունները իսկական հեղափոխություն արեցին հաջողության ու ինքնազարգացման մասին գրականության աշխարհում։ Նայթինգեյլն արթնացավ կեսգիշերին և նստեց գրամեքենայի մոտ։ Ի մի բերելով հաջողության մասին իր ողջ գիտելիքը՝ նա ձևակերպեց գլխավոր միտքը.
«Մենք դառնում ենք այն, ինչի մասին մտածում ենք»։
Ահա և ողջ գաղտնիքը՝ ամենատարօրինակ գաղտնիքը։ Գաղափարը միշտ աչքի առաջ էր՝ թաքնված պատմության, փիլիսոփայության և կրոնի մեջ, բայց քչերն էին գիտակցում դրա իրական ուժը։
Երբ տեքստը պատրաստ էր, նա այն ձայնագրեց առաջին իսկ փորձից։ Միայն ինքը, իր ձայնն ու միկրոֆոնը։ Ոչ մի հատուկ էֆեկտ, ոչ մի խմբագրում։ Էրլը ձայնագրությունը հանձնեց մենեջերին ու գնաց ձուկ որսալու՝ իսպառ մոռանալով դրա մասին։
Այն, ինչ եղավ հետո, անհնար էր կանխատեսել։
Աշխատակիցները լսեցին ու վերալսեցին այն։ Տպավորված ուղերձից՝ սկսեցին փոխանցել ընկերներին, գործընկերներին ու հարազատներին։ Ձայնագրությունը կայծակնային արագությամբ տարածվում էր։ Բոլորը պատճեններ էին ուզում, նույնիսկ մարդիկ, ովքեր կապ չունեին ընկերության հետ։ Պահանջարկն այնքան մեծ էր, որ գործակալությունը ստիպված եղավ վճարովի դարձնել պատճենները՝ տարածման գործընթացն արագացնելու համար։
Շատ շուտով «Ամենատարօրինակ գաղտնիքը» դուրս եկավ ընկերության ներքին օգտագործման շրջանակներից ու լայն ճանաչում գտավ։ Մի քանի ամսում ձայնագրությունը լսեց ավելի քան մեկ միլիոն մարդ։ Մի դարաշրջանում, երբ հաջողակ կարող էին լինել բացառապես երաժշտական ձայնասկավառակները, սա դարձավ խոսակցական ժանրի առաջին ձայնագրությունը, որն արժանացավ «ոսկե» կարգավիճակի։
Այս ֆենոմենալ հաջողությունը մարքեթինգային հնարքների արդյունք չէր։ Սա պարզապես այնքան պարզ, անկեղծ ու խորը ճշմարտություն էր, որն անհնար էր կանգնեցնել։ Ձայնագրությունը չէին հղկել ու չէին մոնտաժել, և հենց այդ անկեղծությունն ու ճշմարտացիությունն էլ փառք բերեցին նրան։
Nightingale-Conant կորպորացիան
Ոգեշնչված ունկնդիրների նման արձագանքից՝ Նայթինգեյլը միավորվեց հեռատես գործարար Լլոյդ Քոնանտի հետ, ով ևս հետաքրքրված էր անձնային աճով։ Նրանք միասին հիմնեցին Nightingale-Conant կորպորացիան, որը դարձավ բիզնեսի, մոտիվացիայի և ինքնազարգացման աուդիոծրագրերի առաջատար արտադրողն աշխարհում։
Նայթինգեյլի ղեկավարությամբ ընկերությունը թողարկում էր այնպիսի հեղինակների նորարարական գործեր, ինչպիսիք են Զիգ Զիգլարը, Ջիմ Ռոնը, Դենիս Ուեյթլին և Թոնի Ռոբինսը։ Իսկ Էրլի հեղինակային ծրագրերը (օրինակ՝ Lead the Field) համարվում են անձնային զարգացման դասական գործեր։ Nightingale-Conant-ի օգնությամբ նա, ըստ էության, զրոյից ստեղծեց այս ոլորտը՝ իր գաղափարները հասանելի դարձնելով միլիոնավոր մարդկանց։
Փիլիսոփայություն և հիմնական համոզմունքներ
Էրլ Նայթինգեյլի տաղանդը կայանում էր նրանում, որ նա կարողանում էր աշխարհի մեծագույն մտածողների բարդ գաղափարները մատուցել չափազանց պարզ ու կիրառելի լեզվով։ Նա համոզված էր, որ հաջողությունը պատահականության կամ բախտի բան չէ, այլ ճիշտ մտածելակերպի և քրտնաջան աշխատանքի օրինաչափ արդյունք։ Ահա նրա հիմնական սկզբունքները.
- Մտքի ուժը. Ինչպես ասում էր Նայթինգեյլը՝ մենք դառնում ենք այն, ինչի մասին մտածում ենք։ Մեր մտքերն են ցանկացած հաղթանակի կամ պարտության հիմքը։
- Նպատակի հստակություն. Էրլը շեշտում էր, որ անհրաժեշտ է ունենալ հստակ նպատակներ ու ամեն օր աշխատել դրանց հասնելու ուղղությամբ։
- Ինքնակարգապահություն. Հաջողությունը պահանջում է կամքի ուժ՝ երկարաժամկետ նպատակների վրա կենտրոնանալու և վայրկենական դժվարություններին չհանձնվելու համար։
- Անձնական պատասխանատվություն. Յուրաքանչյուր մարդ կարող է փոխել իր ճակատագիրը՝ կայացնելով ճիշտ որոշումներ ու գործելով։
Նրա գրքերն ու ծրագրերը ոգեշնչում էին մարդկանց կիրառել այս մեթոդները կյանքի բոլոր ոլորտներում։
Կարդացեք նաև՝ Անձի ինքնազարգացման մասին 20 լավագույն գրքերը
Ժառանգությունն ու ազդեցությունը
Էրլ Նայթինգեյլի ուսմունքը շարունակում է ապրել անգամ նրա մահից հետո։ Այս սկզբունքները հիմք դարձան անձնային զարգացման ժամանակակից շարժման համար, իսկ նրա ձայնը՝ խորը, վստահություն ներշնչող և իմաստնությամբ լի, շարունակում է ազդել ունկնդիրների վրա։
Նա գրել է մի շարք գրքեր, որոնց թվում են «Սա Էրլ Նայթինգեյլն է» (This Is Earl Nightingale) էսսեների ժողովածուն և «Հաջողության էությունը» (The Essence of Success)։ Իսկ աուդիոծրագրերը մինչ օրս պատվավոր տեղ են զբաղեցնում ինքնազարգացման բեսթսելերների ցանկում։
Էրլ Նայթինգեյլը կյանքից հեռացավ 1989 թվականի մարտի 25-ին, բայց նրա գաղափարներն ապրում են՝ ոգեշնչելով նոր սերունդների։ Նրա աշխատություններն այսօր էլ որպես զենք են կիրառում բազմաթիվ հեղինակներ և մոտիվացիոն խոսնակներ, ինչը վկայում է, որ նա անձնային աճի համաշխարհային դպրոցի ամենանշանավոր ներկայացուցիչներից է։
Իմաստնության հավերժական ձայնը
Նայթինգեյլի ողջ կյանքն այն սկզբունքների մարմնավորումն է, որոնք նա քարոզում էր։ Դժվար մանկություն Մեծ դեպրեսիայի տարիներին, հարձակում Փերլ Հարբորի վրա, որից հետո նա հրաշքով ողջ մնաց, և մոտիվացիոն ծրագրեր, որոնք փոխեցին միլիոնավոր մարդկանց կյանքեր։ Նա ապրեց լիարժեք կյանք՝ առաջնորդվելով անհագ հետաքրքրասիրությամբ և այլոց ստեղծագործական ներուժը բացահայտելուն օգնելու անկեղծ մղումով։
Նրա ուսմունքն այսօր նույնքան արդիական է, որքան այն օրը, երբ առաջին անգամ ձայնագրվեց «Ամենատարօրինակ գաղտնիքը»։ Մեր աշխարհը լի է ունայնությամբ և անորոշությամբ, բայց այս ուղերձը հիշեցնում է մտքի հզոր ուժի և մեզանից յուրաքանչյուրի մեջ թաքնված անսահման հնարավորությունների մասին։ Այն օգնում է մտածել ավելի մասշտաբային ու գործել վճռական։
Ժառանգությունը շարունակում է ապրել
Առաջին ձայնագրությունից անցել է 70 տարի, բայց այս գաղափարները չեն կորցրել իրենց արդիականությունը։ Աշխարհն անճանաչելիորեն փոխվել է. տեխնոլոգիաները զարգացել են, կյանքի խելահեղ ռիթմը դարձել է նորմա, բայց հիմնարար ճշմարտությունը մնացել է նույնը՝ «Մենք դառնում ենք այն, ինչի մասին մտածում ենք»։
Տեղեկատվական անվերջ աղմուկի, սթրեսի և բացասական ֆոնի վրա Նայթինգեյլի խոսքերը հնչում են որպես սթափեցնող կոչ։ Նա հորդորում է վերահսկել սեփական մտքերը, հստակ նպատակներ դնել ու ձևավորել հաղթողի հոգեբանություն։ Իրական հաջողությունը միայն ընտրյալների համար չէ. այն հասանելի է բոլորին, ովքեր պատրաստ են գիտակցված մտածել ու համառորեն առաջ գնալ։
Նրա ժառանգությունը ոչ միայն բառեր են, այլև ճակատագրեր, որոնք վերափոխվել են այդ բառերի շնորհիվ։ Գործարարներ, ստեղծագործողներ, ղեկավարներ ու սովորական մարդիկ շարունակում են կիրառել նրա մեթոդները և հասնում են ակնառու արդյունքների։ Սա ապացույցն է այն բանի, որ անձնային զարգացումը պարզապես նորաձև տրենդ չէ, այլ հաջողության հասնելու իրական ճանապարհ։
Այսօր հարցն անգամ այն չէ, թե արդյոք աշխատում է «Ամենատարօրինակ գաղտնիքը». դա առանց այն էլ ակնհայտ է։ Հարցն այն է, թե դուք ինչպես կօգտագործեք այս գիտելիքը։ Ձեր ձեռքում է այն բանալին, որով կարող եք փոխել ձեր կյանքը՝ վերահսկելով ձեր մտքերը, որոշումներն ու գործողությունները։
70 տարի անց այս գաղտնիքն այլևս տարօրինակ չի թվում. այն ստուգված է ժամանակով և այժմ բաց է նաև ձեզ համար։ Գործելու ժամանակն է։
Իրականությունը՝ որպես մեր ներքինի արտացոլում (Վերլուծական եզրահանգում)
Կարդալով Նայթինգեյլի պարզունակ թվացող, բայց խորը մտքերը՝ դժվար է չնկատել, թե որքան ներդաշնակ են դրանք հոգեբանության, մասնավորապես՝ Կառլ Յունգի արքետիպային տեսությունների հետ։ Յունգն ասում էր. «Քանի դեռ անգիտակցականը չեք դարձրել գիտակցական, այն կղեկավարի ձեր կյանքը, և դուք դա կանվանեք ճակատագիր»։ «Մենք դառնում ենք այն, ինչի մասին մտածում ենք» պնդումը հենց այդ անգիտակցական սովորությունների գիտակցված արթնացումն ու կառավարումն է։ Սա պարզապես մերկապարանոց դրական մտածողություն կամ մոտիվացիա չէ։ Սա հստակ մեխանիզմ է, որը ստիպում է հասկանալ՝ մեր իրականության մեջ, որտեղ անհաջողությունները շատ հաճախ բարդվում են արտաքին հանգամանքների կամ ուրիշների վրա, իրական փոփոխությունները սկսվում են մեկ անտեսանելի կետից։ Դա սեփական մտքերը զտելու և դրանք անգործությունից դեպի շարժիչ ուժ վերածելու կամքն ու գիտակցումն է:








