Տունը կահավորելիս ու ձևավորելիս մենք առաջնորդվում ենք տարբեր բաներով՝ մեր ապրելակերպով, սովորություններով, դաստիարակությամբ և, իհարկե, նորաձևությամբ։ Բայց եթե տան ինտերիերին նայենք աստղագուշակության տեսանկյունից, հետաքրքիր համընկնումներ կնկատենք։ Կենդանակերպի որոշ նշաններ սիրում են պարզ ձևեր ու կատարյալ կարգուկանոն, իսկ մյուսներին ավելի հոգեհարազատ են վառ գույները, բազմազան գործվածքներն ու իրենց պատմությունն ունեցող իրերը։
Եկեք պարզենք, թե ինչպիսին է իդեալական տունն ըստ կենդանակերպի նշանի, և ինչպիսի միջավայրում է յուրաքանչյուր նշան իրեն առավել հարմարավետ զգում։

♈ Խոյ
Դժվար թե ձեզ դուր գա այնպիսի բնակարան, որտեղ մի սենյակից մյուսն անցնելու համար ստիպված եք անընդհատ շրջանցել բազկաթոռները, սեղանիկներն ու ամեն քայլափոխի դրված դեկորատիվ իրերը։ Խոյերը սիրում են ազատ տարածություն, որտեղ ոչինչ չի խանգարում շարժվելուն։ Նրանց համար կարևոր է նաև, որ տան դասավորությունը հնարավոր լինի արագ փոխել՝ ըստ անհրաժեշտության։
Ձեզ կհամապատասխանեն պարզ դիզայնով կահույքը, ընդարձակ սենյակները, հարմարավետ բազկաթոռներն ու աչքի ընկնող դեկորատիվ շեշտադրումները։ Գույների հարցում էլ կարելի է համարձակ ընտրություն անել՝ կարմիր, նարնջագույն կամ հագեցած կապույտ։
♉ Ցուլ
Դուք սիրում եք այնպիսի իրեր, որոնք ոչ միայն գեղեցիկ են, այլև հաճելի են ամենօրյա օգտագործման համար։ Ցուլերի համար տան հարմարավետությունն ավելի կարևոր է, քան նորաձևության վերջին միտումները։ Թե պատերն ինչ գույնի են ներկված, այնքան էլ էական չէ, եթե տանը կա որակյալ բազմոց, բնական փայտից կահույք, փափուկ գործվածքներ ու աչքերը չհոգնեցնող լուսավորություն։
Գույներից ձեզ առավել կհամապատասխանեն բեժը, տերակոտայինը, եղեսպակի տերևների մեղմ կանաչն ու բնությունից վերցված մյուս երանգները։ Դրանք տարիներ շարունակ չեն կորցնում իրենց հմայքն ու հաճելի են աչքին։
♊ Երկվորյակներ
Ձեր տանը կարելի է գտնել գրեթե ամեն ինչ, ինչը տարբեր ժամանակներում նորաձև է եղել։ Գրքերով լի դարակաշար, հնաոճ բազկաթոռ, ժամանակակից գրաֆիկական նկարներ, ճանապարհորդությունից բերված տարօրինակ լուսամփոփ… Առաջին հայացքից այս իրերը կարող են ընդհանրապես իրար չհամապատասխանել, բայց հենց այդ անսպասելի համադրություններն էլ հետաքրքիր են դարձնում ձեր տունը։
Երկվորյակներին հարմար է նաև այնպիսի կահույքը, որը կարելի է հեշտությամբ տեղափոխել։ Բաց դարակներն ու պահեստավորման համակարգերը նույնպես լավ ընտրություն են։ Այսպես ցանկացած պահի կարող եք փոխել կահույքի դասավորությունը կամ թարմացնել սենյակի տեսքը, երբ հերթական անգամ նոր բան ցանկանաք։
♋ Խեցգետին
Ձեզ համար տունն առաջին հերթին այն վայրն է, որտեղ ամեն իր կարող է թանկ հիշողություն արթնացնել։ Ընտանեկան լուսանկարներ, հին գրքեր, տատիկի ծաղկամանը կամ բազկաթոռը, որը վաղուց ժամանակն է փոխելու… Այս ամենը կարող է տարիներով մնալ իր տեղում, որովհետև կապված է ձեր կյանքի կարևոր ու սիրելի պահերի հետ։
Խեցգետինները նաև սիրում են մեղմ լուսավորություն, բնական փայտ, հանգիստ գույներ ու որակյալ գործվածքներ։ Նման միջավայրում նրանք իրենց ապահով ու հանգիստ են զգում։
♌ Առյուծ
Դուք սիրում եք, երբ տունը տպավորում է հյուրերին, բայց միևնույն ժամանակ չի վերածվում հարստության ցուցադրության։ Պարտադիր չէ ամեն ինչ թանկարժեք ու շքեղ լինի։ Երբեմն բավական է մեծ հայելին, ինքնատիպ լուսամփոփը, անսովոր ձևի բազկաթոռը կամ պատից կախված խոշոր նկարը, որպեսզի ամբողջ սենյակը բոլորովին այլ տեսք ստանա։
Առյուծներին կհամապատասխանեն մարմարը, թավիշը, արույրը, կանաչի ու կապույտի մուգ երանգները, ինչպես նաև բորդոն։ Կարևորն այն չէ, թե որքան թանկարժեք իրեր կան տանը, այլ այն, թե որքան հետաքրքիր ու առանձնահատուկ են դրանք։
♍ Կույս
Եթե տանը չափազանց շատ իրեր կան, և ամեն ինչ աչքի է զարնում, ձեզ համար դժվար է իսկապես հանգստանալ։ Կույսերը սիրում են, երբ յուրաքանչյուր իր իր տեղն ունի, պահարաններն ու դարակները հարմար են օգտագործման համար, իսկ սեղաններն ու մյուս մակերեսները ծանրաբեռնված չեն ավելորդ առարկաներով։ Կահույքն էլ պետք է ոչ միայն գեղեցիկ լինի, այլև ծառայի իր նպատակին։
Իհարկե, պետք չէ տունը վերածել կահույքի ցուցասրահի, որտեղ ամեն ինչ անթերի է, բայց ջերմություն չի զգացվում։ Բնական փայտը, սենյակային բույսերը, գրքերն ու գեղեցիկ գործվածքները կօգնեն մեղմել ինտերիերի խիստ գծերն ու ավելի հարմարավետ դարձնել տունը՝ առանց ավելորդ խառնաշփոթի։
♎ Կշեռք
Դուք անմիջապես նկատում եք, երբ սենյակի գույներն իրար չեն սազում, կամ չափազանց մեծ կահույքը խախտում է տարածության համաչափությունը։ Կշեռքներին դուր են գալիս ներդաշնակ գունային համադրությունները, գեղեցիկ գործվածքները, համաչափ դասավորությունն ու մեղմ լուսավորությունը։
Սակայն դա չի նշանակում, թե տան ամբողջ կահույքը պետք է նույն հավաքածուից լինի։ Ընդհակառակը՝ ժամանակակից բազմոցի կողքին դրված հնաոճ սեղանիկը կամ հասարակ փայտե սեղանի վերևում կախված դիզայներական լուսամփոփը կարող են շատ ավելի հետաքրքիր տեսք ունենալ, քան խանութի կատալոգից ընտրված պատրաստի հավաքածուն։
♏ Կարիճ
Ձեզ կհամապատասխանի այնպիսի տուն, որն առանձնահատուկ մթնոլորտ ունի և մի փոքր խորհրդավոր է թվում։ Գրաֆիտագույնը, շոկոլադագույնը, գինեգույնն ու մուգ կանաչը, հաստ վարագույրներն ու աղոտ լուսավորությունը կօգնեն ստեղծել հանգիստ, մտերմիկ միջավայր։
Տունը բազմաթիվ դեկորատիվ իրերով լցնելու փոխարեն ավելի լավ է ընտրել մի քանի ինքնատիպ առարկա։ Դա կարող է լինել անսովոր նկար, հետաքրքիր քանդակ կամ հնաոճ հայելի։
Եվ անպայման տանը ունեցեք մի անկյուն, որտեղ կկարողանաք առանձնանալ, մի քանի ժամով կտրվել արտաքին աշխարհից ու պարզապես մենակ մնալ ձեր մտքերի հետ։
♐ Աղեղնավոր
Ձեր տունը ժամանակի ընթացքում կարող է վերածվել ճանապարհորդությունների յուրօրինակ քարտեզի։ Դարակներին հայտնվում են Պորտուգալիայից բերված խեցեղեն, Մարոկկոյում գնված գործվածքներ, Ճապոնիայի մասին գրքեր, Հնդկաստանում արված լուսանկարներ… Եվ այդ հավաքածուն անընդհատ համալրվում է նոր հիշողություններով։
Բայց ազատ ու անկաշկանդ ինտերիերը բոլորովին էլ չի նշանակում, որ տունը պետք է լցված լինի ամենատարբեր իրերով։ Ավելի լավ է ընտրել թեթև կահույք և ազատ թողնել սենյակների անցումները։ Տունն այնպես կազմակերպեք, որ նոր հուշանվերների համար միշտ տեղ գտնվի, բայց դրանց ավելանալուն զուգահեռ անկարգություն չառաջանա։
♑ Այծեղջյուր
Դուք նախընտրում եք գնել որակյալ ու զուսպ դիզայնով իրեր, որոնք ստիպված չեք լինի փոխել երկու-երեք տարի անց։ Ձեզ համար կարևոր է, որ կահույքը երկար ծառայի և ժամանակի ընթացքում չկորցնի իր գեղեցկությունը։
Լավ փայտե սեղանը, կաշվե բազկաթոռը, դասական ոճի գրաֆիկական նկարներն ու որակյալ գործվածքները կարող են տասնամյակներ շարունակ մնալ ձեր տանը։ Եվ դա հենց այն է, ինչ ձեզ պետք է։ Գույները ցանկալի է ընտրել հանգիստ, իսկ կահույքի ձևերը՝ պարզ ու զուսպ։
♒ Ջրհոս
Եթե ընտրելու լինեք սովորական, բայց նորաձև լուսամփոփի և անսովոր դիզայնով մի հետաքրքիր լամպի միջև, ամենայն հավանականությամբ կընտրեք երկրորդը։ Ձեզ գրավում են յուրօրինակ ձևերը, ժամանակակից տեխնոլոգիաներն ու այնպիսի իրերը, որոնց ոճը նույնիսկ դժվար է միանգամից բնորոշել։
Ձևափոխվող կահույքը, խելացի լուսավորությունն ու տարբեր ոճերի համադրությունները նույնպես ձեր ճաշակով են։ Կարևորն այն է, որ տան ինտերիերը ձեզ չսահմանափակի, և միշտ հնարավորություն ունենաք նոր բան փորձելու կամ ինչ-որ բան փոխելու։
♓ Ձկներ
Ձեզ անհրաժեշտ է այնպիսի տուն, որտեղ հնարավոր կլինի հանգստանալ, կտրվել առօրյա հոգսերից ու վերականգնել ուժերը։ Այստեղ ամեն ինչ պետք է նպաստի խաղաղ ու հանգիստ մթնոլորտի ստեղծմանը։
Մեղմ լուսավորությունը, պաստելային գույները, վուշե գործվածքները, բնական փայտը, ջրաներկով արված նկարները, լուսանկարներն ու ձեռագործ իրերը հենց այն են, ինչ պետք է նման միջավայր ստեղծելու համար։
Լավ կլինի նաև ունենալ հարմարավետ բազկաթոռ՝ կողքին դրված հատակային լուսամփոփով, գրքերի համար փոքրիկ սեղան և մի խաղաղ անկյուն, որտեղ կկարողանաք առանձնանալ աղմուկից։
Ձեզ համար տան գեղեցկությունը միայն արտաքին տեսքով չի որոշվում։ Շատ ավելի կարևոր է, թե ինչ եք զգում այդ միջավայրում, և ինչ զգացողություններ են արթնացնում ձեզ շրջապատող իրերը։








