Երիտասարդները կորցնում են երկար ժամանակ կենտրոնանալու, վերլուծելու և խորը մտածելու ունակությունը։ Այս երևույթն ստացել է brain rot (անգլերենից թարգմանաբար՝ «ուղեղի փտում») անվանումը։ Այս մասին «Գազետա.Ru»-ին հայտնել է Պիրոգովի անվան համալսարանի նյարդաբանության ամբիոնի դոցենտ Կարինե Բադալյանը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
«Օրինակ, 2024 թվականին Nature Human Behavior պարբերականում հրապարակվել է ավելի քան 35 միլիոն հանրային գրառումների վերլուծության վերաբերյալ հետազոտություն։ Պարզվել է, որ 2017-2020 թվականներին սոցցանցերում տեղադրված հղումների մոտ 75%-ը անտեսվել է՝ առանց դրանց վրա սեղմելու, իսկ ընթերցողները եզրակացություններ են արել՝ հիմնվելով միայն վերնագրերի և համառոտ նկարագրությունների վրա։ Գիտնականներն այս մոտեցումը կապում են մեծ տեղեկատվական ծանրաբեռնվածության հետ։
Մեկ այլ ուսումնասիրություն էլ ցույց է տվել, որ միջին վիճակագրական երիտասարդն օրական ստանում է մոտ 237 ծանուցում՝ ամեն չորս րոպեն մեկ։ Սա ստեղծում է «մասնատված ուշադրության» էֆեկտ, որի դեպքում ընկալումը դառնում է հատվածական, իսկ վերլուծելու ունակությունը՝ թուլանում է։ Երիտասարդները կորցնում են երկարատև կենտրոնացման և խորքային մտածողության ունակությունը, ինչն էլ հենց ստացել է brain rot (ուղեղի փտում) անվանումը», – նշել է մասնագետը։
Ըստ բժշկի՝ այս երևույթի պատճառներից մեկը համարվում է այսպես կոչված հիշողության աութսորսինգը. երբ գիտենք, որ ցանկացած տեղեկություն կարելի է արագ գտնել հեռախոսի մեջ, էլ չենք փորձում այն հիշել։ Իր ազդեցությունն ունի նաև կլիպային մտածողությունը՝ սովորույթ սպառելու կարճ ու արագ փոփոխվող բովանդակություն, ինչի պատճառով ավելի ու ավելի դժվար է դառնում ընկալել երկար տեքստեր ու կենտրոնանալ։
«Neuroimage ամսագրի տվյալների համաձայն՝ մարդկանց 50%-ը դադարել է կարդալ հաճույքի համար, իսկ 16-ից 24 տարեկան գրեթե յուրաքանչյուր չորրորդ երիտասարդ նշում է, որ կյանքում գիրք չի կարդացել։ Գիտնականները վերլուծել են ավելի քան 1000 մարդու տվյալներ և պարզել, որ ընթերցանության տարբեր հմտություններ ունեցող մարդկանց ուղեղի կառուցվածքը տարբերվում է։ Ամենամեծ տարբերությունները նկատվել են ձախ կիսագնդի այն հատվածներում, որոնք պատասխանատու են տեղեկատվության մշակման և լսողական կեղևի համար», – հավելել է բժիշկը։
Կարդացեք նաև՝ TikTok-ի, Youtube-ի և Instagram-ի կարճ տեսանյութերը բացասաբար են անդրադառնում մարդու ուղեղի վրա
Էկրանների և մշտական բազմախնդրության (մուլտիթասքինգի) ազդեցությունը կախված է նաև տարիքից. կան շրջաններ, երբ ուղեղը հատկապես խոցելի է։ Ըստ Բադալյանի՝ ամենակրիտիկական փուլը մինչև 10 տարեկան հասակն է՝ ուղեղի ակտիվ ձևավորման շրջանը։
«Այս տարիքում էկրանների չարաշահումը կարող է դանդաղեցնել խոսքի զարգացումը, վատացնել ուշադրության կենտրոնացումը, նվազեցնել երևակայությունն ու ինքնուրույն խաղալու ունակությունը, ինչպես նաև վատ անդրադառնալ սոցիալական հմտությունների վրա։ Դեռահասության տարիքը (10-18 տարեկան) ինքնատիրապետման, պլանավորման և որոշումների կայացման համար պատասխանատու ուղեղի հատվածների վերակառուցման շրջանն է։ Եվ էկրանների առատության ու բազմախնդրության պայմաններում կարող են ամրապնդվել անարդյունավետ ճանաչողական սովորություններ՝ մեծանալ կախվածությունը արագ խթանիչներից (սոցցանցեր, կարճ վիդեոներ), նվազել տևական կենտրոնացման կարողությունը և աճել իմպուլսիվությունը», – ընդգծել է Բադալյանը։
Այնուամենայնիվ, ցանկացած տարիքում տեխնոլոգիաների չափավոր օգտագործումը կարող է նույնիսկ օգտակար լինել, եթե այն ենթադրում է ուսուցում և ակտիվ մտածողություն (օրինակ՝ նոր հմտությունների սովորում)։ Ճանաչողական գործառույթների վրա թվային ծանրաբեռնվածության վտանգը նվազեցնելու համար խորհուրդ է տրվում պարբերաբար կտրվել սարքերից, մարզել հիշողությունը, կարդալ ավելի երկար տեքստեր և անջատել ավելորդ ծանուցումները։








