Հաջորդ երկուշաբթի օրվանից մարզասրահ հաճախելու և քաղցրավենիքից իսպառ հրաժարվելու խոստումը երբեմն շատ հեռու է իրականությունից։ Շատ ավելի իրատեսական նպատակ է կենսակերպում աստիճանական փոփոխություններ մտցնելը։ Օրինակ՝ կարելի է սկսել օրական 20 րոպե զբոսնելուց։ Այս պարզ վարժության օգտակարության մասին գրում է Parade պարբերականը։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
Ահա 5 փոփոխություն, որոնք տեղի կունենան ձեր օրգանիզմում ամեն օր 20 րոպե քայլելու դեպքում։
1. Կնվազի սրտանոթային հիվանդությունների ռիսկը
Որակավորված անհատական մարզիչ Էլիսոն Գոլդսմիթի խոսքով՝ քայլքը հիանալի է անդրադառնում սրտանոթային համակարգի առողջության վրա։ Օրական ընդամենը 20 րոպե զբոսնելն արդեն իսկ նվազեցնում է արյան բարձր ճնշման և սրտանոթային հիվանդությունների ռիսկը։
«Քայլքը լավացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է ընդհանուր արյան հոսքին։ Այն նաև օգնում է կարգավորել արյան ճնշումն ու թեթևացնում է զարկերակների ծանրաբեռնվածությունը»,- նշում է փորձագետը։
Current Opinion in Cardiology ամսագրում հրապարակված գիտական ակնարկի համաձայն՝ շաբաթական հինգ օր՝ 30-ական րոպե քայլելը, 19%-ով նվազեցնում է սրտային հիվանդությունների հավանականությունը։ Իսկ ահա Arteriosclerosis, Thrombosis, and Vascular Biology պարբերականում լույս տեսած հետազոտությունը համեմատել է վազքի և քայլքի օգուտները՝ պարզելով, որ կարդիոմարզման այս երկու տեսակներն էլ հավասարապես արդյունավետ են զարկերակային բարձր ճնշման, արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակի ու շաքարային դիաբետի կանխարգելման համար։ Սա նշանակում է, որ եթե չեք կարող կամ չեք սիրում վազել, քայլքը ձեր սրտին նույնքան օգուտ կբերի։
2. Քայլքն ամրապնդում է ուղեղի առողջությունը
Այն ամենը, ինչ օգտակար է սրտին, դրական է ազդում նաև ուղեղի վրա, և քայլքը բացառություն չէ։
«Քայլքն արագացնում է արյան հոսքը, իսկ արյունն իր հետ թթվածին է տեղափոխում։ Սա նշանակում է, որ ուղեղին ավելի շատ թթվածին է մատակարարվում, ինչն էլ օգնում է նեյրոններին ավելի լավ գործել։ Երբ նեյրոններն աշխատում են իրենց օպտիմալ մակարդակով, բարելավվում են կոգնիտիվ գործառույթները՝ հիշողությունն ու ուշադրությունը։ Արյունը նաև սննդանյութեր է մատակարարում, որոնք նվազեցնում են դեմենցիայի ռիսկը»,- բացատրում է Գոլդսմիթը։
GeroScience ամսագրի հրապարակած գիտական հետազոտությունը ցույց է տվել, որ կանոնավոր, հատկապես՝ արագ քայլելը նվազեցնում է դեմենցիայի և Ալցհեյմերի հիվանդության զարգացման վտանգը։ Նույնիսկ օրական 3800 քայլը կարող է 25%-ով կրճատել այդ ռիսկը։
Մեկ այլ որակավորված մարզչի՝ Ռենե Մոթոնի խոսքով, դեպի ուղեղ արյան հոսքի ակտիվացումն օգնում է նաև իմունային և ավշային համակարգերին՝ դրանով իսկ պաշտպանելով օրգանիզմն ինֆեկցիաներից։ Մոթոնը հավելում է, որ քայլքն ամրապնդում է հոգեկան առողջությունը և նվազեցնում դեպրեսիայի ու տագնապի դրսևորումները։ Եթե 20 րոպե զբոսնեք բնության գրկում, վստահ եղեք, որ տուն կվերադառնաք շատ ավելի հանգիստ և երջանիկ վիճակում։
3. Օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը
Երկու մարզիչներն էլ փաստում են, որ կարճատև զբոսանքն օգնում է կարգավորել շաքարի մակարդակն արյան մեջ, հատկապես, եթե դա անում եք սնվելուց հետո։
«Ուտելուց հետո (ոչ ուշ, քան 60 րոպե անց) արված 10 րոպեանոց զբոսանքը կանխում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ աճը։ Երբ մենք քայլում ենք, մկաններն էներգիա ստանալու նպատակով գլյուկոզա են սպառում, ինչի համար ավելի քիչ ինսուլին է պահանջվում, և ապահովվում է գլյուկոզայի առավել կայուն մակարդակ»,- նշում է Գոլդսմիթը։
Կարդացեք նաև՝ Տրամադրությունը բարելավելու լավագույն միջոցն ըստ հոգեբանների
4. Ամրացնում է ոսկորներն ու հոդերը
Տարիքի հետ ոսկորների և հոդերի առողջությունը պահպանելու համար միայն ուժային մարզումները բավարար չեն. քայլքը նույնպես չափազանց կարևոր է։
«Քայլքը ցածր ծանրաբեռնվածությամբ վարժություն է, որը խթանում է ոսկրային հյուսվածքների վերականգնումն ու նպաստում հոդերի առողջությանը։ Երբ ոտքով դիպչում եք գետնին, օրգանիզմն ազդակ է ստանում, որ հին ոսկրային հյուսվածքը պետք է թարմացվի՝ ոսկորների խտությունը մեծացնելու և կոտրվածքների ռիսկը նվազեցնելու համար։ Քայլելիս առավելագույն օգուտ ստանում են ազդրերն ու սրունքները՝ մեծացնելով իրենց հանքային խտությունը»,- ասում է Գոլդսմիթը։
Ինչ վերաբերում է հոդերին, ապա, ըստ փորձագետի, դրանք զուրկ են արյան ակտիվ մատակարարումից, ուստի անհրաժեշտ թթվածին ստանալը բարդ է։ Սակայն շարժվելիս (օրինակ՝ քայլելիս ծնկները ծալելիս), սիրտն արյունն ուղղում է դեպի ծնկան հոդ: Սա օգնում է «յուղել» հոդերը և խթանում է հոդային հեղուկի շրջանառությունը՝ աճառներին հասցնելով անհրաժեշտ սննդանյութեր։
5. Կարող է երկարացնել կյանքը
Քայլքն այնքան դրական է ազդում առողջության վրա, որ կարող է բառացիորեն երկարացնել ձեր կյանքը։ Գոլդսմիթի խոսքով՝ «կապույտ գոտիների» (աշխարհի այն շրջանները, որտեղ մարդիկ առողջ ապրում են 100-ից ավելի տարի) բնակիչների գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ քայլքն իրենց առօրյայի անբաժանելի մասն է։
Ըստ GeroScience պարբերականի հետազոտության՝ օրական մոտ 4400 քայլը միջինում 41%-ով նվազեցրել է մահացությունը, ինչը հսկայական ցուցանիշ է։








