Չարը հարաբերական հասկացություն է և, ավելի շուտ, բարոյական կատեգորիա։ Սակայն հոգեբանության տեսանկյունից չար արարքներն ունեն հինգ հիմնական պատճառ, վստահ է հոգեբանը և այս հոդվածի հեղինակը։ Պատմում ենք, թե որոնք են դրանք։
Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:
1. Տգիտություն
Տգիտության պատճառ կարող են լինել տարբեր հոգեբանական և սոցիալական գործոնները, կրթության խնդիրները կամ դրա պակասը։ Մարդկանց կարող են մոլորության մեջ գցել մշակութային դիրքորոշումները, որոնք վարակում են ռասիզմով, շովինիզմով, ֆաշիզմով։
Տգիտությունը կարող է լինել կրթության բացերի («երկիրը տափակ է» և նմանատիպ պատկերացումներ), կյանքի փորձի պակասի կամ ուրիշի հոգեբանությունը հասկանալու անկարողության արդյունք։ Սակայն ինքնին տգիտությունը չար չէ։
2. Ագահություն
Ագահությունը կարելի է դիտարկել որպես սիրո (դեպի փողը) և վախի (այն չստանալու) միահյուսում։ Այստեղ կարելի է ավելացնել նաև մրցակցությունը՝ ուրիշներից ավելի շատ ստանալու ցանկությունը։ Սա չար չէ, այլ պարզապես սեփական արժեքը զգալու, ինքնագնահատականը բարձրացնելու անհաջող փորձ։
Սա նարցիսի անհագ քաղցն է, ում մշտապես անհրաժեշտ է արտաքին հավանություն։ Նարցիսիզմի հետևում կանգնած է ներքին դատարկության զգացումը, սեփական անձի ամբողջական կերպարի բացակայությունը և ուրիշների կողմից հավանության միջոցով ինքնահաստատման փորձերը։
Ագահությունը կարելի է մեկնաբանել նաև որպես ոչ ճիշտ ուղղված սեր՝ «սևեռվածություն», լիբիդոյի էներգիայի տեղափոխում նյութական օբյեկտների վրա։ Սերը փողի հանդեպ ավելի անվտանգ է, քան սերը մարդկանց հանդեպ, քանի որ փողը մեզ չի լքում։
3. Վախ
Վախը հաճախ դրդում է մեզ սարսափելի արարքների, չէ՞ որ «լավագույն պաշտպանությունը հարձակումն է»։ Երբ մենք վախենում ենք, հաճախ որոշում ենք հասցնել «կանխարգելիչ հարված»՝ և աշխատում ենք հարվածել ավելի ուժեղ, ավելի ցավոտ. հանկարծ թույլ հարվածը բավարար չլինի։
Այստեղից էլ՝ չափից դուրս ինքնապաշտպանությունն ու ագրեսիան։ Բայց սա ևս չար չէ, այլ ընդամենը վերահսկողությունից դուրս եկած վախ։
4. Սևեռուն ցանկություններ և կախվածություններ
Հաճախ մեզ մոտ զարգանում են բավականին տհաճ հակումներ։ Բայց դրանք ևս չար չեն։ Ամբողջ հարցը մեր ուղեղի «հաճույքի կենտրոնի» մեջ է. այն պատասխանատու է նրա համար, թե ինչը մեզ հաճելի և ցանկալի կթվա։ Եթե դրա «կարգավորումները» խախտվում են, առաջանում է կախվածություն, հիվանդագին հակումներ։
Կարդացեք նաև՝ 7 նախազգուշացնող նշան, որ գործ ունեք չար մարդու հետ
5. Անտարբերություն
Էմպաթիայի բացակայությունը, անսրտությունը, անզգայունությունը, մարդկանցով մանիպուլյացիա անելը, անվերահսկելի բռնությունը․ այս ամենը վախեցնում է մեզ և ստիպում մշտապես զգոն լինել՝ զոհ չդառնալու համար։
Անտարբերության արմատները ուղեղի հայելային նեյրոնների ակտիվության պակասի կամ բացակայության մեջ են (հենց դրանցից է կախված էմպաթիայի և կարեկցելու մեր ունակությունը): Նրանք, ում մոտ ի ծնե այդ նեյրոնները սխալ են գործում, իրենց այլ կերպ են պահում, ինչը միանգամայն օրինաչափ է (նրանց մոտ էմպաթիայի գործառույթը պարզապես անջատված է կամ թուլացած):
Ավելին, մեզանից յուրաքանչյուրը հեշտությամբ կարող է զգալ էմպաթիայի նվազում. դրա համար բավական է, օրինակ, սաստիկ սովածանալ (քաղցը մեզանից շատերին վերածում է դյուրագրգիռ կոպիտների): Մենք կարող ենք ժամանակավորապես կամ ընդմիշտ զրկվել կարեկցելու ունակությունից՝ քնի պակասի, սթրեսի կամ ուղեղի հիվանդությունների պատճառով։ Բայց սա ևս չար չէ, այլ մարդկային հոգեկանի ասպեկտներից մեկը։
Ինչո՞ւ ենք մենք զբաղվում բարոյախոսությամբ, այլ ոչ թե հոգեբանական վերլուծությամբ
Հնարավոր է՝ այն պատճառով, որ դա մեզ հնարավորություն է տալիս գերազանցություն զգալ նրանց նկատմամբ, ում դատապարտում ենք։ Բարոյախոսությունը պիտակավորումից բացի ուրիշ ոչինչ չէ։ Որևէ մեկին չար անվանելը դժվար չէ, շատ ավելի դժվար է սկսել մտածել, դուրս գալ պարզունակ պիտակների շրջանակներից, մշտապես տալ «ինչու» հարցը, հաշվի առնել համատեքստը:
Հնարավոր է՝ վերլուծելով ուրիշների վարքագիծը, մենք ինքներս մեր մեջ էլ նմանատիպ ինչ-որ բան կտեսնենք և այլևս չենք կարողանա նրանց վերևից նայել՝ բարոյական գերազանցության զգացումով։








