Ատելությամբ լի մեկնաբանությունները (հեյթ) երբեք հասցեատիրոջ մասին չեն. դրանք արտացոլում են գրողի ներաշխարհը, բարդույթներն ու հոգեբանական խնդիրները։ Համացանցային ագրեսիայի հիմքում հիմնականում ընկած են վերահսկողության պատրանքը, էմպաթիայի (ապրումակցման) բացակայությունը և սեփական անլիարժեքության զգացումը։
Միացե՛ք մեր Telegram ալիքին
Բաց մի թողեք նոր հոդվածներն ու էքսկլյուզիվ վերլուծությունները։ Կարդացեք ամենակարևորը՝ առաջինը։
Համացանցում բացասական մեկնաբանությունների բախված յուրաքանչյուր ոք գիտի, որ դրանք կարդալը ոչ միայն տհաճ և վիրավորական է, այլև կործանարար մենթալ առողջության համար։ Բայց ի՞նչ կլինի, եթե իրավիճակին նայենք ոչ թե հարվածը ստացողի, այլ այն հասցնողի տեսանկյունից։ Ինչո՞ւ են մարդկանց առհասարակ դուր գալիս նման մեկնաբանություններ թողնելը։ Ի՞նչ է կանգնած այս պահանջմունքի հետևում, և արդյո՞ք կարելի է այն այլ կերպ բավարարել։
Վերահսկողության պատրանք
Համացանցը կարևորության զգացում է տալիս։ Սոցիալական ցանցերում խոսելու իրավունք ունի յուրաքանչյուրը, նույնիսկ եթե իրական կյանքում այդ ձայնը ոչ ոք չի լսում կամ չի համարում կարևոր։ Տեսնելով, որ իրենց խոսքերը դիպչում են դիմացինին՝ որոշ մարդիկ վերահսկողության և իշխանության զգացում են ապրում։ Սա փոխհատուցում է իրական կյանքի կարևոր ոլորտներում սեփական անզորության և անմասնակցության ներքին զգացումը։
Անանունության դիմակ
Համացանցում քչերն են առաջնորդվում այս սկզբունքով. «Մի գրիր այն, ինչ չէիր կարող կրկնել՝ նայելով դիմացինի աչքերին»։ Եվ այս միտումը թեժանում է պատժի կամ դատապարտման վախի բացակայությամբ, ինչն էլ իր հերթին կապված է անանունության հետ։ Դա նման է դիմակի, որը հագնում են սոցիալական սահմանափակումները թոթափելու և ներսում կուտակված ողջ բացասականը դուրս հորդելու համար։ (Հոգեբանության մեջ սա հայտնի է որպես «Առցանց ապարգելակման էֆեկտ», երբ ֆիզիկական ներկայության բացակայությունը վերացնում է մարդու բարոյական պատնեշները)։
Լիցքաթափում
Որոշ մարդկանց համար ատելությամբ լի մեկնաբանություններ գրելը վերածվել է յուրօրինակ հոգեհիգիենայի։ Պահանջկոտ ղեկավարի, անհնազանդ երեխաների կամ անհասուն զուգընկերոջ հետ հարցերը լուծելու փոխարեն՝ մարդն իր ողջ սթրեսը, գրգռվածությունն ու նեգատիվը պարզապես թափում է անծանոթ մարդկանց վրա։
Առավել հաճախ լիցքաթափման այս տարբերակին դիմում են մարդիկ, որոնց սթրեսի կամ նյարդայնության պատճառն անհասանելի է կամ վերացական։ Օրինակ՝ նրանք, ովքեր տագնապ են ապրում վատ նորությունների կամ գլոբալ խնդիրների պատճառով։ Երբեմն դա իսկապես որոշակի թեթևացում է բերում, բայց ոչ այն պատճառով, որ սխեման իրականում աշխատում է։
Սա նման է խորը, լուրջ վիրահատություն պահանջող վերքը եզան լեզվով (պլանտագո) բուժելուն։
Էմպաթիայի պակաս
Դժվար է վիճել այն փաստի հետ, որ էկրանը նվազեցնում է էմպաթիայի մակարդակը։ Մենք չենք տեսնում զրուցակցին, նրա էմոցիաները, աչքերը։ Սա երբեմն ստիպում է մոռանալ, որ էկրանից այն կողմ կենդանի մարդ է՝ իր զգացմունքներով և էմոցիոնալ տրավմաներով։ Բառերը, որ նա գրում է, կամ բովանդակությունը, որ ստեղծում է, չեն ընկալվում որպես մեկ այլ մարդու իրական կյանքի մաս։ Սա թույլ է տալիս գրել այնպիսի բաներ, որոնք օֆլայն միջավայրում կդիտվեին որպես կոպտություն կամ նույնիսկ անմարդկայություն։
Միևնույն ժամանակ, որոշ մարդիկ նաև իրական կյանքում են զրկված առողջ էմպաթիայից և օժտված են բավականին ցածր էմոցիոնալ ինտելեկտով։ Համացանցում այս պակասը բազմապատկվում է։
Իրականությունն ընդունելու անհնարինություն
Ինքն իրեն ուրիշների հետ համեմատելը բնական է մարդու համար։ Սակայն սոցիալական ցանցերն այս հակվածությունը հասցնում են ծայրահեղության։ Ճշմարտությունն այն է, որ միշտ կգտնվի մեկը, ով մեզանից ավելի գեղեցիկ, հաջողակ ու ընդունակ է։ Բայց ոմանց համար չափազանց անտանելի է ընդունել այս իրականությունը։ Եվ այդ ժամանակ հեյթերական մեկնաբանությունը ոչ թե այն հեղինակի մասին է, ում դա գրել են, այլ գրողի, նրա սեփական անլիարժեքության զգացման և նախանձի։
Արդարության խեղաթյուրված զգացում
Ոմանք հեյթերական մեկնաբանություններ են գրում լիակատար համոզմամբ, որ դա իրենց սրբազան պատերազմն է։ Նրանք անկեղծորեն հավատում են, որ ճշմարտությունն են բարձրաձայնում և բացում են մյուսների աչքերը։ Իսկ նրանց ընկալմամբ՝ կոպտությունը միակ գործուն գործիքն է։ Նման վարքագծի հիմքում արդարությունը պաշտպանելու պահանջմունքն է, սակայն արտահայտման ձևն ունի միայն կործանարար էֆեկտ։
Կարդացեք նաև՝ «Միայնակ դուք հանճար եք, ամբոխի մեջ՝ հիմար». Նիցշեի դաժան խոսքերը բացատրում են Facebook-յան ագրեսիան
Հայկական վիրտուալ տիրույթը
Հայկական իրականությունում ատելության խոսքի դրսևորումները սոցիալական ցանցերում հասել են վտանգավոր չափերի՝ հատկապես վերջին տարիների սոցիալ-քաղաքական ցնցումներից և հավաքական ճգնաժամերից հետո։ Հայկական ֆեյսբուքյան տիրույթում նկատելի է հավաքական տրավմայի պրոյեկտումը միմյանց վրա։ Կեղծ հաշիվների ակտիվությունը և ծայրահեղ բևեռացումը մարդկանց վարժեցրել են ցանկացած այլախոհության արձագանքել ագրեսիայով։ Սա վկայում է հասարակության մեջ կուտակված չարտահայտված ցավի, մանիպուլյացիաների հանդեպ խոցելիության և սոցիալական ֆրուստրացիայի մասին, երբ վիրտուալ հարվածը դառնում է իրական կյանքում սեփական ձայնը լսելի դարձնելու միակ եղանակը։
Ի՞նչ անել դրա հետ
Իհարկե, մոտիվների ըմբռնումը չի արդարացնում հեյթը, սակայն օգնում է թոթափել ավելորդ անձնավորումը (պերսոնալիզացիան)։ Բանը նրանում չէ, թե ում են գրում, այլ նրանում՝ թե ով է գրում։ Միևնույն ժամանակ հարց է առաջանում. ինչպե՞ս արձագանքել հեյթին՝ հոգեկան առողջությունն ու հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար։
- Առաջին և ամենակարևոր կանոնը՝ չներքաշվել վեճի մեջ։ Հեյթին տրված պատասխանը, որքան էլ այն սրամիտ, բովանդակալից կամ օբյեկտիվ լինի, հազվադեպ է փոխում զրուցակցի կարծիքը։ Ավելի հաճախ դա միայն ուժեղացնում է ագրեսիայի հոսքը։
- Երկրորդ կանոնը՝ հիշել առաջնահերթությունների մասին։ Ո՞ւմ կարծիքն է ձեզ համար իրականում կարևոր և պետք է լինի առաջնահերթ։ Հենց այդ մարդկանց դիմեք հետադարձ կապի համար։ Նույնիսկ եթե ինչ-որ բան այնքան էլ լավ չի ստացվել, ձեզ համար նշանակալի մարդիկ կկարողանան այդ մասին ասել նրբանկատորեն։
- Մի մոռացեք իրականության մասին։ Ձեր արժեքը չի որոշվում համացանցային անծանոթների կարծիքով։ Ձեր կյանքն ավելին է, քան առցանց տիրույթը։
Համացանցը շփման և ինքնադրսևորման անհավանական հնարավորություններ է տալիս։ Բայց միևնույն ժամանակ այն մերկացնում է մարդկային հոգեբանության խոցելի կողմերը։ Ատելությամբ լի մեկնաբանություններն ավելի շատ գրողի ներքին կոնֆլիկտների մասին են։ Եթե հիշեք այս մասին, ապա ավելի հեշտ կլինի պահպանել հանգստությունը և թույլ չտալ, որ ուրիշի ցավը քանդի ձեր սեփական տարածքը։
Վերլուծական եզրահանգում. Եթե փորձենք պատմամշակութային զուգահեռ անցկացնել, ապա այսօրվա թվային հեյթը ճշգրտորեն հիշեցնում է միջնադարյան հրապարակային մահապատիժների կամ քարկոծումների հանդիսատեսին: Այն ժամանակ էլ ամբոխը, չունենալով սեփական կյանքը վերահսկելու բավարար լծակներ և խեղդվելով անձնական խնդիրների մեջ, հոգեբանական «կատարսիս» էր ապրում՝ դիտելով ուրիշի անկումը կամ անիծելով զոհին: Այսօր քարերին փոխարինել են ստեղնաշարերը, սակայն մարդկային հոգեբանության արմատական մոտիվացիան մնացել է անփոփոխ՝ ինքնահաստատվել ուրիշի արժեզրկման հաշվին: Իրական ուժը ոչ թե էկրանի հետևում թաքնվելով անանուն հարվածելու, այլ սեփական կյանքի անկատարությունների հետ առերեսվելու մեջ է:








