fbpx

Ալլա Լույս – Չորացած տերևներ (գրում են ընթերցողները)

Հանգչող բնության ոսկեվառ ոգին աշուն է ներկում:

Դեղնակարմիր ծառերը խշշում են մեղմաձայն, գույնզգույն տերևներին օրորում է մի լուռ թախիծ: Ծառերը մերկացել, տերևաթափ են դարձել: Նրանք հառաչում են ինչպես մի ծերունի, ով կյանքի մայրամուտին այգաբացն է հիշում:

Անձրևի ջրացող ուլունքները ճյուղերի վրա ալիքվող արցունք են կաթում և դիպչում չորացած տերևների տամկությանը:

Ծառերը պատրաստվում են ձմռանը, որը մոտենում է՝ ուսերին դրած սառնության բեռը:

Մերկացած ծառերին կփարվի ձյունը, որպես երբեմնի կարոտների և մեղավոր հույսերի ուշացած արդարացում:

Չորացած տերևների հուշերի կանչը թերթում է օրացույցիս աշնանային էջերը:

Ես հայտնվում եմ մանկության իմ արահետում, որտեղ ամեն մի ճանապարհ խաչմերուկ էր դառնում: Հիշում եմ, թե աշնանային օրերին որքան էր գեղեցկանում մեր տնից դպրոց տանող ճանապարհը. թափված տերևները, որպես արևի բեկված շողեր, զարդարում էին փողոցները: Տերևների մեղմաձայն շրշյունը դիպչում էր ականջիս և շոյում սրտիս նեղ շավիղները:

Քամին միշտ խաբում էր տերևներին՝ խելահեղ պարի հրավերով և տանում նրանց իր անդին հեռուները:

Տերևները դողում էին աշնան սարսուռով, որը վերահաս ձմռան նախերգանքն էր: Մինչ տերևներն աշուն էին երգում, գթազուրկ քամին տալիս էր նրանց վերջին քայլերթը:

Ես տերևներ էի հավաքում աշնան գունագեղ պարահանդեսից և, որպես դեղին էջանշաններ, պահում իմ սիրելի գրքի էջերում:

Այդ ժամանակից անցել են տարիներ: Փոփոխվող աշխարհի թարմությունը մաքրում է նույնության հայելին:

Մի առավոտ, երբ ես նստած էի մեր տան բաց պատշգամբում, վայելելով աշնանային օդի թանձրությունը, դարձյալ ձեռքս առա և բացեցի գիրքը, որի էջերում պահվում էր ծառերի ոսկեգույն թախիծը: Մանկության հեռավոր բույրերը լցվեցին հոգուս խոր անձավները:

Տերևների սառած երակներում դեռ ապրում էին իմ դպրոցական կյանքի արևոտ հուշերը:

Հաստաբուն ծառերը, որոնցից երբևէ կառչում էին տերևները, միշտ կանգուն են,- մտածում էի ես:

Նրանք վաղուց մոռացել են դեղնակարմիր հրաշքներին, քանզի այժմ նրանց ճյուղերից թափվում են ուրիշ տերևներ,- շարունակվում էին մտորումներս,- մոռացումն է գծում հիշողության սահմանը: Մի օր աշունը գարուն կդառնա, ամիսների վազքին կհաջորդի տարիների երթը: Ձուլվելով բնության ոգուն՝ տերևներն աշուն կբուրեն, խառնելով աշխարհին իրենց անձրևոտ շշուկները:

Մի կողմ դնելով գիրքը, ես վերցրեցի տերևները և մոտեցա պատշգամբի բաց պատուհանին: Նրանց մեկիկ-մեկիկ հանձնեցի քամուն՝ միահյուսելով ազատության զրնգուն կանչին: Գունագեղ պարի թովիչ պտույտը տարավ նրանց անծանոթ աշխարհներ: Երփներանգ անուրջները ձուլվեցին տերևների աշնանային երամին: Թող տանի նրանց քամին և պահպանի բնության ներդաշնակությունը:

Ժամանակը հավերժական նորոգման հարատև ընթացքն է: Ընկնելուց հետո տերևներն այլևս չեն փարվի ճյուղերին, սակայն կկերտեն նորաբողբոջ ծառերի զմրուխտե տեսիլը: Դիպչելով բնության զարկերակին՝ նրանք ծաղկաբույր գարուն կբերեն:

Ամեն աշնան հետ նրանք կվառեն իմ մանկության բույրերի գույնզգույն հանդեսը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Ալլա Լույս – Չորացած տերևներ (գրում են ընթերցողները)
12 հումորային, բայց օգտակար մտքեր մեր կյանքի մասին