Ժամանակի արագավազ քամին թերթում է օրացույցի բազմերանգ էջերը: Տարեմուտի շեմին հանդիպում են հինն ու նորը, ինչպես երեկն ու վաղը՝ կապված այսօրվա թելով: Ամանորի բարեբեր շունչը շրջում է աշխարհով և մարդկանց սրտերը պարուրում փայփայած հույսերի լուսակապույտ շղարշներով:
Տարեմուտի խաչմերուկում կանգնած էր հին տարվա տիրուհին: Նրա ձյունաճերմակ մազերը նոսրացել էին անցնող տարվա օրերի նման: Մոխրագույն զգեստի հնոտի ծալքերը մաշված էին, խունացած, ինչպես անցած օրերի արծաթե շղթա: Դեմքը պարուրում էր մի թախծոտ ժպիտ, որը մտքերի բուռն ալեբախումից քարացել էր նրա դողդոջուն շուրթերին: Նա հավաքեց անցնող տարվա հուշերի փունջը և տեղավորեց ժամանակի փայլող ճամպրուկների մեջ:
Ամանորյա լույսերի ներքո նրան էր մոտենում մի երիտասարդ կին: Նա փայլում էր իր անսովոր շքեղության մեջ: Փարթամ վարսերը թափված էին ուսերին, դեմքը բոցավառվում էր մի սքանչելի պայծառությամբ: Սպիտակ վերարկուն պարուրված էր ձյան փաթիլներով: Նա սահուն քայլերով առաջ եկավ և մոտեցավ հին տարվա տիրուհուն.
– Ողջու’յն, ես եկա: Դու ճամպրուկներիդ մեջ տեղավորեցիր այն ամենը, ինչն անցյա՞լ է արդեն, – ասաց նորեկը:
– Այո’, ես տանում եմ հինը, սակայն անցնող տարվա հիշողությունները կարձագանքեն մարդկանց սրտերում:
-Հավերժությունը ժամանակի կառավարիչն է, իսկ ժամանակը՝ մարդկանց , – ասաց հեռացող տիրուհին:
– Դու անցել ես օրերի կածաններով և գտել մարդկանց հաջողության բանալին: Արդյո՞ք այն բերել ես քեզ հետ: Մարդիկ անհամբերությամբ են սպասում հաջողության բանալուն: Նրանք բացում են երազանքի դռները, կերտում են մարդկային բազում ճակատագրեր,- ասաց սպիտակազգեստ տիրուհին:
-Յուրաքանչյուրի հաջողության բանալին գտնվում է իր ձեռքերում: Պարզապես, պետք է ճանապարհ անցնել, հասնել երազանքի լուսաքող դռներին: Երբեմն որոշված է մարդու ճանապարհը և ոչ նրա քայլերը, – ասաց հին տարվա տիրուհին:
-Ճակատագիրը մարտահրավեր է, որի դիմաց կարելի է խոնարհվել, դիմակայել կամ հաղթել նրան: Մարդիկ կարող են փոխել իրենց ճակատագրի ընթացքն՝ այն կառուցելու միջոցով, – ժպտալով պատասխանեց նոր տարվա տիրուհին և շարունակեց,- Ամանորն անհամար երազանքների տոնն է: Ես հեռանում եմ: Գնում եմ խառնվելու ժամանակի հավերժական ընթացքին,- եզրափակեց նա և վերցնելով ժամանակի ճամպրուկները, շտապեց հեռանալ:
Նա քայլերն ուղղեց դեպի խորհրդավոր պարտեզը: Տիրուհին ճամպրուկներից հանեց ինչ-որ բան և շաղ տվեց պարտեզի երկայնքով:
– Դուք, որ անցած օրերի մոխրագույն փոշին եք, կծլարձակեք և կդառնաք հիշողության քնքշաբույր ծաղիկներ, – ժպտալով ասաց տիրուհին, նայեց անցած ճանապարհին և անհետացավ:
Նոր տարվա տիրուհին քայլեց Ամանորի ճամփեքով:Այնտեղ իրեն սպասում էին Ձմեռ պապը, Ձյունանուշը, պերճաշուք եղևնիները և երազանքներով լի մարդիկ: Նրանք լցված էին Ամանորի հեքիաթային շնչով, որը հաջողության բանալի էր խոստանում:
Հ.Գ. Ցանկանում եմ շնորհավորել կայքին և կայքի ընթերցողներին գալիք ամանորյա տոների առթիվ: Հարգանքներով՝ Ալլա Լույս: