fbpx

Հրաշալի մեջբերումներ Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վեպից

Սիրակ Գորյան կեղծանվամբ կարճ ժամանակ հանդես եկած հանճարեղ գրողը, ում ողջ աշխարհը հետագայում պետք է ճանաչեր Վիլյամ Սարոյան անունով, անսահման մեծ սիրով է սիրել իր ընտանիքը, և այդ սերը նրան փոխանցվել է հենց իր ծնողներից: Հոր՝ Արմենակ Սարոյանի պատկերը մշտապես ուղեկցել է գրողին, և նրա գրական ճանապարհին պակաս դեր չեն խաղացել հորից մնացած այն տետրերը, թղթերը, որոնցում հայոց լեզվով իր գրական փորձերն էր կատարել Արմենակ Սարոյանը:

Ողջ կյանքի ընթացքում Սարոյանը ջանում էր լինել իսկական հայր իր զավակների համար և ունենալ իր երազած ընտանիքը, թեև զավակների հետ հարաբերություները հաճախ եղել են լարված: Իր երևակայության մեջ փայփայելով հայկական ընտանիքի մոդելը՝ Սարոյանը իր ստեղծագործություններով մշտապես անդրադարձավ ընտանիքի թեմային, զավակ-ծնող բարդ հարաբերությանը և, ըստ երևույթին, նրա «Հայրիկ, դու խենթ ես» վեպը դարձավ գրողի ջերմ իղձերի և ընտանիքի հանդեպ ունեցած մեծ սիրո արտահայտությունը:

Ներկայացնում ենք վեպում տեղ գտած գեղեցիկ հատվածներն ու երկխոսությունները, որոնց շնորհիվ էլ վեպի հյուսվածքն այսքան գեղեցիկ և հետաքրքրական է.

«Ոչ ոք չի հավատում, թե ընդունակ ես լուսին հասնելու, մինչև որ չհասնես, բայց հասնելուցդ հետո ամենքն էլ հավատում են: Մարդիկ այդպես են»:

«Տանն Աստվածաշունչ ունենալը նույնն է, թե աչքիդ առաջ մարդկային ցեղի առասպելն ունենաս»:

«Դու օրական մի պատմվածք ես գրում: Նա ասաց՝ մարդու ապրած ամեն մի օրը ինքնին պատմվածք է: Ասաց՝ դա Աստծուն ուղղված նամակի է նման: Եվ մարդիկ ամեն օր նամակ են գրում, բայց ոչ բառերով: Իսկ ով գրողի մասնագիտությունն է ընտրում, բառերով է գրում՝ նրանց բոլորի համար ու բոլորի փոխարեն, սակայն միեևնույն է՝ հենց մարդկանց գրածն է իսկական պատմվածքը»:

«Ժամանակը, վերջիվերջո, իր կնիքն է թողնում մարդու երեսին»:

«-Եկեղեցին ի՞նչ է, հայրիկ:

 

-Մարդկության տան ամենալավ սենյակներից մեկը:

-Իսկ Աստվա՞ծ ինչ է:

-Տան գլուխը: Սա է թերևս միակ պատասխանը, որ ի վիճակի եմ քեզ իսկույն ևեթ տալ, թե չէ ինչպես հարկն է պատասխանելու համար երևի կյանքիս մնացած մասը անդադար խոսեի և ամեն րոպե ավելի ու ավելի խճճվեի՝ մնալով մոլորված»:

«Երևի ճիշտ միանման բաներ աշխարհում չկան»:

«-Ի՞նչ է արվեստը:

-Ինչ որ կամենաս. ինչին որ առանձնահատուկ հայացքով նայես, ինչ որ առանձնահատուկ լույսի տակ տեսնես, ինչ որ առանձնահատուկ մի ձևով անես և իր առանձնահատկությամբ զատես: Արվեստը հենց դա է: Այնպես նայել ծանոթ բաներին, կարծես առաջին անգամ ես տեսնում»:

«Բնության կամ մարդու կողմից ստեղծված ամեն բան արժանի է առանձնահատուկ ուշադրության»:

«Սերն ամեն ինչ է… ու երբ ես հասկացա, որ նույնիսկ սիրուց կարող է ոչինչ չմնալ, դա ինձ վախեցրեց: Մահու չափ ու ցմահ վախեցրեց, իրոք»:

«Մենք միշտ ի վիճակի ենք ավելի հեռուն հասնելու, քան թե կարծում ենք: Բայց մեկ էլ տեսար՝ կարող է պարզվել, որ ի վիճակի ենք ավելի քիչ դիմանալու, քան ենթադրում ենք: Պարզապես պետք է մերթընդմերթ սա հիշեցնել մեզ»:

«Մարդ պետք է հնարավորին չափ շուտ, դեռ վաղ հասակից վարժվի պարտվելուն: Ուզում եմ ասել՝ նա պետք է սովորի արժանավայել պարտվել: Դու պետք է հասկանաս, որ դա սովորական բան է ու կպատահի: Դու պետք է պատրաստ լինես դրան»:

«Ամբողջ կյանքում մարդ գոնե մի քիչ դժգոհ է ամեն ինչից, նախ և առաջ՝ իր ծնողներից, աշխարհից, իր ժամանակից, երկրից, կառավարությունից և վերջապես նա դժգոհ է հենց ինքն իրենից, իր անցյալից ու ներկայից, գուցեև նույնիսկ իր զավակներից, բարեկամներից ու սրանց զավակներից: Ի՞նչու է դժգոհ. որովհետև մարդ արարածին ի բնե հատուկ են փնտրելն ու սխալվելը, իսկ հետո՝ սխալը գտնելն ու հիասթափվելը: Բայց չպետք է մոռանանք, որ անգամ սխալը գտնելիս, անգամ դժգոհելիս, նա իրեն լավ է զգում և թեկուզ փոքր-ինչ հպարտ է իրենով»:

«Մարդ շարունակ նորանոր բաներ է իմանում իր մասին ու ինչքան շատ է իմանում, այնքան ավելի է խճճվում»:

«Հիվանդությունը առաջանում է անօգուտ լինելուց: Ամեն մարդ պետք է օգտակար լինի»:

Հրապարակման ներկայացրեց՝ Թամարա Դիլբարյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 2.5 из 5 )
MediaMag
Հրաշալի մեջբերումներ Վիլյամ Սարոյանի «Հայրիկ, դու խենթ ես» վեպից
Անցյալ դարի մեծահարուստներն ավելի հարուստ էին, քան ներկայիս մեծահարուստները