Ձեր ուղեղը ստեղծված չէ երջանկության համար․ էվոլյուցիոն գլխավոր թերությունը, որը փչացնում է մեր կյանքը

Նեյրոկենսաբանությունը մի տհաճ, բայց միևնույն ժամանակ ազատագրող փաստ է բացահայտում․ ձեր ուղեղին, անկեղծ ասած, առանձնապես չի հետաքրքրում՝ դուք երջանիկ եք, թե ոչ։

Ինչո՞ւ է ուղեղը ստեղծված ոչ թե երջանկության, այլ գոյատևման համար։ Նեյրոկենսաբանությունը մի տհաճ, բայց միևնույն ժամանակ ազատագրող փաստ է բացահայտում․ ձեր ուղեղին, անկեղծ ասած, առանձնապես չի հետաքրքրում՝ դուք երջանիկ եք, թե ոչ։

Նրա գլխավոր խնդիրը բոլորովին այլ է՝ ապահովել ձեր գոյատևումը։

Միլիոնավոր տարիների էվոլյուցիան մեր ուղեղը հարմարեցրել է առաջին հերթին վտանգներից պաշտպանվելուն։ Ժամանակին նկատել սպառնալիքը, անհրաժեշտության դեպքում ակտիվացնել սթրեսային արձագանքը, կորտիզոլ արտազատել և պատրաստել օրգանիզմը վտանգին դիմակայելու կամ դրանից փախչելու․ ահա այն, ինչ ուղեղը սովորել է անել առաջին հերթին։

Էվոլյուցիայի տեսանկյունից ավելի մեծ էին այն նախնու ողջ մնալու հնարավորությունները, որը թփերի ամեն խշշոցից գիշատիչ կենդանու հայտնվելն էր սպասում։ Նա զգուշավոր էր, խուսափում էր վտանգներից և հասցնում էր սերունդ տալ։ Իսկ մայրամուտով հիացող անհոգ լավատեսը կարող էր շատ արագ հայտնվել որևէ գիշատչի երախում։

Հենց սա է պատճառներից մեկը, որ բացասական իրադարձությունները շատ ավելի արագ են գրավում մեր ուշադրությունն ու երկար մնում հիշողության մեջ, մինչդեռ լավը հաճախ գրեթե աննկատ է անցնում։

Օրինակ՝ գործընկերոջ անկեղծ հաճոյախոսությունը կարող եք մոռանալ ընդամենը մեկ ժամ անց, բայց հասարակական տրանսպորտում ինչ-որ մեկի արած անհեթեթ դիտողությունը դեռ երեք օր շարունակ մտքում կրկնել ու նյարդայնանալ։

Սա ոչ թե ձեր թերությունն է, այլ մարդու ուղեղին բնորոշ առանձնահատկություն, որը հոգեբանության մեջ հայտնի է որպես բացասականության կողմնակալություն (negativity bias)։

Գլխավոր թակարդը․ նույնիսկ իդեալական պայմանները չեն օգնի

Մենք հաճախ մտածում ենք․ «Այ երբ վարկս փակեմ, բնակարան գնեմ, սկսեմ ինքս ինձ համար աշխատել կամ վերջապես գտնեմ իմ սերը, այդ ժամանակ էլ հանգիստ շունչ կքաշեմ ու երջանիկ կլինեմ»։

Բայց եթե սովոր եք ամեն ինչում առաջին հերթին վատը նկատել, անհանգստանալու պատճառ կգտնեք նույնիսկ հինգաստղանի հյուրանոցում հանգստանալիս։

Ուղեղը միևնույն է ինչ-որ թերություն կգտնի, որից կարելի է դժգոհել։ Պարզապես նա արդեն սովորել է այդպես աշխատել՝ անընդհատ փնտրել, թե որտեղ և ինչն այնպես չէ։

Երջանկությունը միայն բարենպաստ հանգամանքների արդյունք չէ։ Այն նաև հմտություն է, որը կարելի է գիտակցաբար զարգացնել։

Ինչպես փոխել ուղեղի սովորությունները․ 4 քայլ

Եթե չսովորեք կառավարել ձեր ուշադրությունը, ուղեղը կրկին ու կրկին կվերադառնա իր սովորական գործին՝ հնարավոր վտանգներ ու խնդիրներ փնտրելուն։ Այդ սովորությունը փոխելու համար պետք է համբերատար և հետևողական աշխատանք։

1. Ամեն երեկո հիշեք օրվա երեք լավ պահերը

Ամեն երեկո՝ քնելուց առաջ, փորձեք հիշել երեք կոնկրետ բան, որոնք այդ օրը ձեզ ուրախացրել են։

Պարտադիր չէ, որ դրանք մեծ հաջողություններ կամ նշանակալի իրադարձություններ լինեն։ Առավոտյան խմած համեղ սուրճը, ընկերոջ ուղարկած զվարճալի նկարը, պատուհանից երևացող գեղեցիկ տեսարանը․ նույնիսկ ամենափոքր հաճույքներն են կարևոր։

Այս պարզ վարժությունը ժամանակի ընթացքում օգնում է ուղեղին նոր կապեր ձևավորել և սովորել ավելի հաճախ նկատել այն լավը, որը նախկինում պարզապես անտեսում էիք։

2. Մի շտապեք անցնել հաճելի պահերի կողքով

Երբ ինչ-որ բան ձեզ հաճույք, հանգստություն կամ ուրախություն է պատճառում, մի պահ կանգ առեք։

Մի՛ շտապեք անմիջապես հեռախոսը վերցնել կամ անցնել հերթական գործին։

Փորձեք այդ հաճելի զգացողությունը պահպանել թեկուզ 15–20 վայրկյան։

Թող ուղեղը հասցնի ընկալել ու հիշել այդ պահը․ «Հիմա ինձ ոչինչ չի սպառնում։ Ես լավ եմ զգում»։

3. Մի՛ վերածեք ուրախությունը վաստակած պարգևի

Դադարեք մտածել, թե հանգստանալու կամ ձեզ համար որևէ հաճելի բան անելու իրավունք ունեք միայն այն ժամանակ, երբ արդեն ուժասպառ եք եղել։

«Սկզբում բոլոր գործերս կավարտեմ, հետո նոր կհանգստանամ» մտածելակերպը վաղ թե ուշ կարող է հանգեցնել հյուծման։

Ուրախությունը լավ աշխատանքի դիմաց տրվող պարգև չէ։ Այն ուժերի վերականգնման և կյանքի հանդեպ հետաքրքրությունը պահպանելու միջոց է։

Երբեմն պարզապես արեք այն, ինչ ձեզ հաճույք է պատճառում։ Առանց մեղավոր զգալու և առանց մտածելու, թե նախ պետք է այդ հաճույքին արժանանալ։

4. Հետևեք, թե ինչպես եք խոսում ինքներդ ձեզ հետ

Փորձեք ուշադրություն դարձնել ձեր ներքին խոսքին։

Եթե ձեր գլխում օրնիբուն մի խիստ քննադատ է խոսում, որն ամեն ինչից դժգոհ է, ամեն քայլափոխի ձեզ մեղադրում է և նույնիսկ ձեր հաջողություններն է արժեզրկում, դժվար թե կարողանաք լիարժեք վայելել կյանքի լավ պահերը։

Պետք չէ ստիպել ձեզ ժպտալ

Ուշադրությունը մարզել չի նշանակում ամեն գնով դրական մտածել կամ աշխարհին վարդագույն ակնոցով նայել։

Տխրելը, զայրանալը, վախենալն ու հոգնելը միանգամայն բնական են։

Երբ իսկապես վատ եք զգում, պետք չէ ձևացնել, թե ամեն ինչ հրաշալի է, իսկ խնդիրներն ընդհանրապես գոյություն չունեն։

Խոսքը բոլորովին այլ բանի մասին է․ վատին ու դժվարություններին զուգահեռ, ձեր ուշադրությանն արժանի են նաև կյանքի լավ կողմերը։

Դրանք կան հենց հիմա։ Նույնիսկ այն ժամանակ, երբ խնդիրները շատ են, գործերը՝ անվերջ, իսկ առօրյան՝ հոգնեցուցիչ։

Մի՛ սպասեք, որ կյանքում ամեն ինչ կատարյալ դառնա, և միայն դրանից հետո ձեզ թույլ տաք հանգստանալ ու վայելել այն։ Դատելով ամեն ինչից՝ կյանքն առանձնապես չի էլ պատրաստվում կատարյալ դառնալ։

Սովորեք ջերմություն ու ուրախություն գտնել ձեր կյանքում հենց այսօր՝ այն պայմաններում և հնարավորություններով, որոնք ունեք այս պահին։

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Avatar photo

Հոգեբանական բաժնի գլխավոր վերլուծաբան

Աննան մասնագիտացած է մարդկային վարքագծի, զգացմունքային ինտելեկտի և միջանձնային հարաբերությունների ուսումնասիրության մեջ։ Նրա հոդվածների գլխավոր նպատակն է բարդ հոգեբանական երևույթները ներկայացնել պարզ, կիրառելի և հասկանալի լեզվով։ Հավատացած է, որ ճիշտ ինքնաճանաչողությունը ներդաշնակ կյանքի միակ բանալին է:

MediaMag
Ձեր ուղեղը ստեղծված չէ երջանկության համար․ էվոլյուցիոն գլխավոր թերությունը, որը փչացնում է մեր կյանքը
ԹՈՓ 8 կանացի վախեր
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց